Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԵԿՈՒՅՑ. ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԹՈՒԼԱՆԱԼ



Աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակը բնութագրվում է աճող անկայունությամբ և անորոշությամբ, միաժամանակ ուժերի հավասարակշռությունը Արևմուտքից ավելի ու ավելի է թեքվում դեպի նոր շուկաներ ունեցող, առաջին հերթին ասիական երկրներ: Ըստ Panorama.am-ի` նման աշխարհաքաղաքական գնահատական է տրված Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) հրապարակած ամենամյա «Ռազմական հավասարակշռություն 2014» զեկույցում:

«Նախորդ տարվա ընթացքում աշխարհում պահպանվեցին աշխարհաքաղաքական լարվածության օջախները, որոնցից գլխավորները գտնվում են Ասիայում»,- հայտարարել է ինստիտուտի ղեկավար Ջոն Չիպմենը՝ մատնանշելով Չինաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների լարվածությունն Արևելաչինական ծովում:

Զեկույցի հեղինակներից Քրիստիան լե Մյերը նկատել է, որ 2050թ.-ին կարելի է ականատես լինել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմական ուժերի հավասարության:

Սիրիական խնդրի հետ կապված զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ մերձավորարևելյան այդ երկրում հաստատվել է ռազմավարական հավասարակշռություն կառավարական ուժերի և ընդդիմության զինված խմբավորումների միջև:

«Կողմերից ոչ մեկը ներկայումս ի վիճակի չէ արագ հաղթանակ տանել մյուսի նկատմամբ: Առաջիկա 6 ամիսների ընթացքում չարժե ակնկալել այդ իրավիճակի փոփոխություն»,- հայտարարել է ինստիտուտի աշխատակից Բենջամին Բարին:

Զեկույցի հեղինակները եզրակացրել են, որ Արևմուտքի ռազմաքաղաքական դիրքերը, որոնք խախտվել են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքով, շարունակում են էրոզիայի ենթարկվել: Արդյունքում հզորանում են նոր շուկաներ ունեցող պետությունները, որոնք ներկայումս ունեն պաշտպանության կառուցման հնարավորություններ:

«Արևմուտքի համար ողջ խնդին այն է, որ չկորցնի անցած տասնամյակներում ձեռք բերած առավելությունները»,- ընդգծել է Ջոն Չիպմենը՝ կարևորելով ռազմական ոլորտում տեխնոլոգիական հեղափոխությունը, երբ ստեղծվում են օդում, ջրում և ցամաքում ռազմական գործողություններ իրականացնող ռոբոտներ:

Խորագիր՝ Նորություններ


07/02/2014