Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՈՆԱՐՀ ՀԵՐՈՍՆԵՐ



Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) քույրը՝ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Արմենուհին, մարտի 9-ին երբ դասարան մտավ, 4-րդ դասարանի աշակերտ Գրիգոր Երեմյանը ոտքի կանգնեց եւ դիմեց ուսուցչուհուն.
-Ընկեր Ստեփանյան, շնորհավորում ենք, այսօր Վարդանի ծննդյան օրն է։ Վարդան Ստեփանյանն այսօր դարձավ 45 տարեկան։
Հետո ամբողջ դասարանը ոտքի կանգնեց ու մեկ րոպե լռությամբ հարգեց հերոսի հիշատակը։
-Շնորհավոր ծնունդդ, Վարդան…
Հերոսի քույրը հուզվել էր։ Աշակերտները խնդրեցին պատմել Վարդանի մասին։
Պատմություն-հիշողությունները շարունակվեցին Եռաբլուրում, Վարդանի անվան գրադարան-թանգարանում, որի առջեւ փոքրիկ հողակտորում տարբեր թփեր, ծառատեսակներ են աճում, որոնք հերոսի Զարուհի մայրը բերել է մեր ազատագրված տարածքներից, այն վայրերից, որտեղ ոտք է դրել իր որդին, հերոսաբար մարտնչել, ազատագրել, եւ այդ հողը, ծառը, քարը զգացել են տիրոջ շունչը։
Վարդան Ստեփանյանը դարձավ 45 տարեկան։ Օտարին դուշման դարձած, մեզ համար այնքան սիրելի Վարդան Ստեփանյանը ապրեց ընդամենը 26 գարուն, սակայն անվախճան է նրա երկնային ճանապարհը, որն ապրողներս չափում ենք, հաշվում տարիներով։ Անմահությունը ուղեկիցն է բոլոր ժամանակների։
Ինչպես ամեն տարի՝ հավաքվել են Վարդանի մանկության, մարտական ընկերները, համակուրսեցիները, հարազատները՝ Սամվելը, Սասունը, Խաչիկը, Իգորը, Ռազմիկը, Հայկը, Վահանը, Արթուրը, Արամը, Տիգրանը։ Նրանք շնորհավորում են Վարդանի Զարուհի մայրիկին, քրոջը՝ Արմենուհուն, եղբորը՝ Տիգրանին։
Զարուհի մայրիկը պատմում է Վարդան որդուց, պատմում է ի պատիվ իր որդու՝ Վարդան անվանակոչված իր բազմաթիվ թոռնիկներից, որոնց լուսանկարները թանգարանում են՝ Վարդանի մեծադիր լուսանկարի կողքին։ Վարդան անունն են կրում նաեւ Արմենուհու եւ Տիգրանի որդիները:
Զարուհի մայրիկին որքա՜ն բնորոշ են Զորավար Անդրանիկի այս խոսքերը. «Հայ մայրեր, իմ հույսը ձեզ վրա է, դուք պետք է ձեր զավակներին կրթեք, դաստիարակեք եւ նրանց ներշնչեք հերոսական ոգի, սեր դեպի հայ եղբայրները»։ Եվ Վարդան Ստեփանյանի մասին հիշողություններում, ծննդյան շնորհավորանքներում որքա՜ն սեր կար ու բարություն, առաքինություն ու հայրենասիրություն։ Ներկաների խոսքերը եւ այդ ամենը ասես լսում էր Վարդանն ու նրա լռությունն ու նուրբ ժպիտը երիցս հաստատում էին, որ այդպես են ապրում խոնարհ հերոսները…

ՍԱՄՎԵԼ ՍՄԲԱՏՅԱՆ
(Աֆղանական, Արցախյան պատերազմներում Վարդանի մարտական ընկեր)

Վարդանը աֆղանցի տղաներից առաջինն էր, որ մտավ Արցախյան շարժման մեջ։ Ինձ շատ էին զարմացնում Վարդանի հեռատեսությունն ու քաղաքական հասունությունը։ Նա առաջիններից էր, որ համոզված էր՝ միտինգներով ու ցույցերով հող չեն ազատագրում։ Անգամ ծրագրեր էր մշակում, զենք հայթայթելու ճանապարհներ որոնում։ Հետո սկսվեցին Հայաստանի սահմանների պաշտպանության եւ Արցախի ազատագրական մարտերը։ Վարդանը աֆղանական մարտական փորձը անմնացորդ նվիրեց հայրենի հողերի ազատագրմանը։ Միգուցե հեռավոր Աֆղանստանում էր կանխազգացել իր ժողովրդի ապագան, թե այն բազում պատմավեպերն էին նրան պատրաստել, որոնք կարդացել էր դպրոցական տարիներին։ Վարդանին խիստ մտահոգում էր Հայկական հարցը, հայոց գերված հողերի խնդիրը, Հայ դատն ամբողջությամբ։

ՏԻԳՐԱՆ ԴԱՎԹՅԱՆ
(մարտական ընկեր)

Բազմաթիվ պատմություններ էր պատմում Աֆղանստանի պատերազմի մասին։ Բարեսիրտ, առաքինի եւ շատ հետաքրքիր, ուրախ մարդ էր Վարդանը։ Տիրապետում էր զենքի բոլոր տեսակներին։ Գրագետ էր, կիրթ։ Մեր լավագույն հրամանատարներից էր։ Վարդանը բարի էր նաեւ ռազմագերիների նկատմամբ։ Դուշման Վարդանի սկզբունքն էր՝ լինել հոգով ուժեղ, ունենալ տաք սիրտ ու սառը գլուխ։ Սրանք իսկական զինվորականի հատկանիշներն են։ Նա մեծ ներդրում ունեցավ մեր բանակի կայացման գործում։ Նա այժմ էլ կզարդարեր մեր բանակի բարձրագույն հրամանատարական կազմը…
Շնորհավոր ծնունդդ, սիրելի Վարդան։

ԻԳՈՐ ՍԱՐԳՍՅԱՆ
(մարտական ընկեր)

Վ. Ստեփանյանը արհեստավարժ հրամանատար էր։ Ճիշտ գնահատում էր իրավիճակը, թշնամու ուժերը, սեփական ուժերը, տեղանքը, մարտիկների հոգեվիճակը, հարձակման պահը, զենք-զինամթերքի քանակն ու որակը եւ ինքնավստահ ու խիստ տոնով հրամաններ էր տալիս։ Մենք նրա կողքին վստահ էինք զգում, այդ վստահությունը Վարդանի փորձառությունից ու կարգապահությունից էր բխում։ Ես այդ տեսել եմ Կրկժանում, Հասանաբադում, Քարինտակում, Լեսնոյում, որտեղ էլ նրա հմուտ հրամանատարությամբ հաղթեցինք։ Ես տեսել եմ նրան կրակահերթի տակ վազելիս, ժամերով լուռ դարանում նստելիս, կարգ ու կանոնով երկար ճանապարհներ գնալիս։ Պատիժ եմ կրել նրանից եւ գովեստի արժանացել։ Նա գիտեր մարտական ոգի բարձրացնել, հաղթական մարտի առաջնորդել եւ հաղթել։

ՍԱՄՎԵԼ ՆԵՐՍԻՍՅԱՆ
(մարտական ընկեր)

Ինձ հանդիպած մարտական ընկերներից ամենափորձառուն Վարդանն էր։ Անսահման ու անգնահատելի է նրա վաստակը հայոց նորօրյա ազատամարտում։ Վարդանն իր կրակոտ բնավորությամբ ու անսահման նվիրվածությամբ մեզ է փոխանցել Աֆղանստանի կռիվներում ձեռք բերած մարտական փորձը։ Երբ ծանր ու օրհասական պահերին նա օգնության էր հասնում կամ հրամայում էր, թե ինչ անել, ինձ թվում էր, թե հայոց ռազմի աստվածն է մեզ իր հզոր բազուկը մեկնել։
Ես հպարտ եմ, որ ինձ բախտ է վիճակվել ճանաչել Վարդան Ստեփանյանին, լինել նրա զինակից ընկերը, կռվել նրա հրամանատարությամբ։
Ինչպես ծանր մարտերի ժամանակ մեզ սովորեցնում էիր կռվել, այժմ էլ քո շիրիմով պարտավորեցնում ես այնպես ապրել, որ բարոյական իրավունք ունենանք քո զինակիցը կոչվելու եւ քո հիշատակի առջեւ խոնարհվելու։
Շնորհավոր ծնունդդ եւ հավերժ փառք քեզ, Վարդան։

ԼԻԼԻ ՀԱՄԲԱՐՅԱՆ
(ազատամարտիկ)

Նորագյուղում էինք։ Վարդանը Երեւանից նոր էր եկել երկու տասնյակ նորակոչիկների հետ, որոնց հետ պարապում էր զորանոցից ներքեւ տարածված խաղադաշտում։ Առավոտից նրա ձայնն էր լսվում. գոռում էր, հրամայում։ Նորակոչիկներին պարապմունքների ժամանակ շատ էր ծանրաբեռնում։ Հայհոյելու սովորություն չուներ։ Գտնում էր, որ յուրաքանչյուր զինվոր, եթե կորցրեց արժանապատվության զգացումը կամ ստորացվեց, գիտակցական արարքները կհասցնի նվազագույնի։ Ընդհակառակը, որքան հնարավոր է, պետք է խրախուսել զինվորի արժանապատվության եւ հպարտության զգացումը։

ՍԱՄՎԵԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
(ռեժիսոր, ազատամարտիկ)

Արցախի բազում ճակատներում հպարտորեն էր արտասանվում Դուշման Վարդանի անունը։ Շատ հաղթանակներ է տարել քաջարի զինվորը։ Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Դուշմանը Երո եւ Արայիկ ընկերների հետ նահատակվեց Արցախի Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտ։ Անցնող տարիները է՛լ ավելի են արժեւորում, սրբագործում են նրա սխրանքը։ Վարդանը սիրով ու գուրգուրանքով էր ոտք դնում ազատագրված ամեն մի տարածք եւ նույնն էլ պահանջում էր իր մարտընկերներից։

ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ
(մարտական ընկեր)

Նրա հոգու մեջ էր Քրիստոսի՝ թշնամուն սիրելու պատգամը նույնիսկ դաժան մարտերի ժամանակ։
Վարդանը գաղափարի զինվոր էր։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #10 (875) 16.03.2011 – 23.03.2011, Ճակատագրեր


24/03/2011