ԱՊԱԳԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ
Հայոց բանակի 22-ամյակին նվիրված հերթական միջոցառումն է: «Փոքրիկ Իշխան» կրթահամալիրի սաները` զինվորական կոկիկ համազգեստով, եռագույնը ձեռքերում բարձր պահած, դիմավորում են հյուրերին, ուղեկցում դպրոցի դահլիճ, որտեղ եւ լուսանկարներով ներկայացված է Արցախյան ազատամարտը: Ներկաները ուշադիր դիտում են, ոմանք վերհիշում են անցյալը, ոմանք էլ դժվարանում են զսպել հուզմունքը:
Այնուհետեւ բեմ են բարձրանում աշակերտները, կատարում հայրենասիրական երգեր: Ուշադրությունս գրավում են միջոցառման երկու ամենափոքրիկ հանդիսատեսները: Նրանք ոգեւորությամբ կրկնում են երգի բառերը՝ «Փոքրիկ զինվորն ենք մենք, շատ քաջ ենք եւ արի, պաշտպանն ենք մեր երկրի»: Սիրով ընդունում են զրուցելու առաջարկս: Միքայելն ու Գագիկը 3-րդ դասարանի աշակերտներ են, երկուսն էլ գերազանց առաջադիմությամբ են սովորում:
Միքայել Վեքիլյան. «Ուզում եմ ապրել ծովից ծով Հայաստանում»
-Միքայե՛լ, Արցախյան պատերազմի լուսանկարներն էիր դիտում, ո՞ւմ ես ճանաչում:
-Ես շատերին գիտեմ, բայց ուզում եմ պատմել Մոնթե Մելքոնյանի մասին: Նա ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ում, նրա ընտանիքը բնակվում էր Կալիֆոռնիայի Վայսելիա քաղաքում: Մոնթեն քաջ հրամանատար էր, իմացել է 8 լեզու:
-Ո՞վ է պատմել քեզ Մոնթեի մասին:
-Ես մասնակցել եմ նրա ծննդյան օրվան նվիրված համերգին: Այդ օրվանից ճանաչում եմ Մոնթեին: Նա հերոսաբար կռվել է մեր թշնամու դեմ, բայց ափսոս, որ զոհվել է:
-Ո՞վ է այսօր շարունակում Մոնթեի գործը:
-Նրա գործն այսօր շարունակում են մեր զինվորները: Եթե բոլորս սիրենք մեր հայրենիքը, մեծ ընտանիքներ, շատ զինվորներ ունենանք ու լավ սովորենք, կունենանք ծովից ծով Հայաստան: Իմ երազանքն է ապրել ծովից ծով Հայաստանում:
-Դու ուզո՞ւմ ես ծառայել բանակում:
-Այո՛, իհարկե: Մի քիչ էլ մեծանամ, զինվոր եմ դառնալու: Հիմա սպորտով եմ զբաղվում եւ լավ եմ սովորում, որ թշնամու ոչ մի զինվոր չկարողանա հաղթել ինձ: Ես Մոնթեի նման լավ եմ պաշտպանելու մեր հայրենիքը:
Գագիկ Վարդերեսյան. «Արմեն Հովհաննիսյանը կռվել է, որ չկորցնենք մեր հողը»
-Գագի՛կ, դու ո՞ւմ մասին կպատմես:
-Ուզում եմ խոսել հայ քաջարի զինվոր Արմեն Հովհաննիսյանի մասին: Նա զոհվել է մի քանի օր առաջ, կես ժամ կռվել է հակառակորդի դեմ: Արմեն Հովհաննիսյանն անվախ էր: Նա եւ նրա ընկերները կռվել են, որ չկորցնենք մեր հողը:
-Քո կարծիքով, ինչպիսի՞ն է հայ զինվորը:
-Մեր զինվորները քաջ են ու բարի: Նրանք պայքարում են չարի դեմ, որ աշխարհն ավելի բարիանա:
-Իսկ` մեր հակառակո՞րդը:
-Նրանք, հարձակվելով Արմեն Հովհաննիսյանի եւ նրա ընկերների վրա, ցույց տվեցին, որ չարասիրտ են, անգութ: Եթե նրանք պատերազմ սկսեն, մենք պետք է անպայման հաղթենք, որ թույլ չտանք հասնեն մեր երկիր:
-Ծառայելո՞ւ ես բանակում:
-Այո՛, ուզում եմ հետախույզ դառնալ, որ առաջինն իմանամ, թե ի՞նչ է մտածում մեր հակառակորդը:
-Ի՞նչ կմաղթես հայ զինվորին:
-Սիրելի՛ հայ զինվոր, առողջ եղիր ու ոչ մեկից մի վախեցիր, իսկ եթե պետք լինի, կռվիր Արմեն Հովհաննիսյանի նման:
ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն