ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻՆ
ՀՀ պաշտպանության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի նախաձեռնությամբ օրերս Վ. Վարդևանյանի անվան հ. 173 հիմնական դպրոցում մեկնարկեց Հայոց բանակին նվիրված մրցաշար՝ մասնակցությամբ Շենգավիթ վարչական շրջանի բոլոր հիմնական դպրոցների։ Տոնական միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ֆրունզե Բասենցյանը, Շենգավիթի զինկոմ Անանիկ Թադևոսյանը, ինչպես նաև բարձրաստիճան սպաներ և զինվորականներ։
Միջոցառման ընթացքում, ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ, մատաղ սերնդին ազգային հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում ունեցած ներդրման համար պաշտպանության նախարարի պատվոգրերով խրախուսվեցին Վ. Վարդևանյանի անվան հ. 173 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Մատինյանը, փոխտնօրեն Կարինե Պողոսյանը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սոնա Սահակյանը։ Դպրոցի հրաձգարանի հիմնադրման և ռազմահայրենասիրական միջոցառումներին աջակցելու համար նախկին շրջանավարտ Էդուարդ Սարիբեկյանը ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվեց Վազգեն Սարգսյան հուշամեդալով։ Պատվոգրեր հանձնվեցին նաև Շենգավիթ վարչական շրջանի կողմից։
Դպրոցները, որոնք զբաղեցրել էին մրցանակային տեղեր, արժանացան ՊՆ պատվոգրերի, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի սահմանած գավաթների և պատվոգրերի։ Լավագույն հրաձիգ ճանաչված Վ. Վարդևանյանի անվան հ. 173 հիմնական դպրոցի աշակերտ Ալբերտ Աղաբաբյանը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի կողմից արժանացավ հատուկ մրցանակի։
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցներին պատվոգրեր հանձնեց նաև զինկոմիսարիատի և Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտի ղեկավարությունը։
Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Բանակ և հասարակություն