Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԵՑ



Փետրվարի տասնյոթին ազգային բանակի զորամասերում սկսվեց նոր՝ 2014թ. ուսումնական տարին: Ինչպես միշտ, այս անգամ էլ գործընթացն սկսվեց շարային ստուգատեսով (զորամասերն այն հիմնականում անցկացրել էին նախորդ շաբաթվա վերջում) և հանդիսավոր արարողությամբ՝ միտինգով, որին հաջորդեցին եռօրյա մարտավարաշարային պարապմունքները: Ծավալուն ու մարտական պատրաստականության կարևոր մաս կազմող այս միջոցառումների անցկացումը վերահսկելու և զորամասերի հրամկազմերին տեղում գործնական օգնություն ցույց տալու համար պաշտպանության նախարարությունից և ԶՈՒ ԳՇ-ից զորամասեր էին մեկնել ղեկավարներ, հանձնաժողովներ:

Գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանի հրամանատարությամբ գործող զորամիավորումում հանդիսավոր արարողությանը մասնակցեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, իսկ օգնություն ցուցաբերող հանձնաժողովը գլխավորում էր գեներալ-մայոր Արիս Բրուտյանը:

Վաղ առավոտյան շարահրապարակում հանդիսավոր տողանի էին կանգնել զորամասերի անձնակազմերը: Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը նախարար Սեյրան Օհանյանին զեկուցեց անձնակազմերի՝ տոնական միտինգին շարված լինելու մասին: Ընդունելով զեկույցը՝ նախարար Ս. Օհանյանը զինծառայողներին ողջունեց եւ շնորհավորեց նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ի պատասխան հնչեց հաղթական «հուռան»:

Զորամիավորման հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը հանդիսավոր միտինգը հայտարարեց բացված:

Զորամիավորման կազմում գործող զորամասերին բեղմնավոր ուսումնական գործընթաց, խաղաղ ստեղծագործական աշխատանք մաղթեց գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը: Նա սպաներին, ենթասպաներին, զինվորներին կոչ արեց ջանք ու եռանդ չխնայել եւ ամենակարճ ժամանակում անձնակազմերը բերել մարտական պատրաստականության պատշաճ աստիճանի:

Ելույթներ ունենալով՝ զինծառայողներին շնորհավորեցին եւ հաջողություններ մաղթեցին գնդապետներ Ա. Տոնոյանը, Հ. Սեւոյանը, հրետանային դիվիզիոնի զինվոր, շարքային Ն. Թունյանը:

Ամփոփիչ խոսքով հանդես եկավ նախարար Սեյրան Օհանյանը: Նա զինծառայողների, հրամանատարական կազմերի համար պարզաբանեց ուսումնական տարվա առանձնահատկությունները, ուսման որակի բարձրացման անհրաժեշտությունը եւ տվեց հանձնարարականներ, որոնց կիրառման դեպքում հնարավոր է ունենալ իրական առաջընթաց:

Միտինգն ավարտվեց անձնակազմերի հանդիսավոր երթով: Այնուհետեւ նախարար Սեյրան Օհանյանը եղավ զորամասերում, ծանոթացավ առանձին ծառայությունների պայմաններին: Նա հետաքրքրությամբ դիտեց գնդապետ Ա. Տոնոյանի զորամասի կապիտան Ստեփան Ալեքսանյանի վաշտում գաղափարադաստիարակչության ուղղությամբ կատարված ձեւավորումները եւ դրվատեց երիտասարդ սպային:

♦♦♦

Վերադառնալով զորանոցներ՝ ստորաբաժանումներն սկսեցին պարապմունքները ջոկ-դասակ կազմերով: Կապիտան Ս. Ալեքսանյանի վաշտում, թիվ 1 ուսումնական կետում՝ անձնակազմի գործողությունները տագնապով վերկացի ժամանակ, ննջարանում՝ հերթապահ սերժանտ Գեւորգ Բաղդասարյանի հայտարարած «տագնապ»-ից հետո, զինվորներն արագորեն հագնվեցին, անկողինները բերեցին տարհանման վիճակի եւ շարքով առաջացան դեպի թիվ 2 ուսումնական կետ. անձնակազմի գործողությունները տագնապով վերկացի ժամանակ՝ զինանոցում եւ հաջորդ ուսումնական կետում, պահեստում: Արագության համար այս գործողությունները կատարվեցին միաժամանակ: Զենք-զինամթերք ստացողները գնացին պահեստ` ստանալու ուսապարկերը, իսկ սկզբում պահեստ գնացածները եկան զինանոց: Հաջորդ՝ չորրորդ ուսումնական կետում, որը կոչվում է անձնակազմի գործողությունները վերակարգում, կապի միջոցով վերադաս հրամանատարությունից ճշտվում են հետագա անելիքները, իսկ սպառազինված դասակները զորանոցից վազքով դուրս գալով շարք են կազմում եւ սպասում հաջորդ հրամանին: Այս ամենը դասակները մեր ներկայությամբ կրկնեցին երկու անգամ: Կատարման որակը մասնագիտորեն ճշտելու համար դիմեցինք վերահսկող-օգնող հանձնաժողովի անդամ, փոխգնդապետ Հրաչ Օհանյանին.

-Հենց այսպես էլ պետք է լինի, կարեւորն էլ այն է, որ կա գործողությունների հստակություն եւ արագություն, իսկ աննշան թերությունները այսօրվա եւ վաղվա ընթացքում իսպառ կվերացվեն,- ասաց փոխգնդապետը:

Փետրվարի 18-ին պարապմունքները զորամասերում շարունակվեցին վաշտ/մարտկոց/ – գումարտակ/դիվիզիոն/ կազմերով:

Պարապմունքների երրորդ օրը, զորամասի կազմով, եղանք գնդապետ Արմեն Հարությունյանի հրետանային զորամասում։

Մարտական տագնապից մեկ ժամ անց, անցկացնելով խորհրդակցություն, նա որոշեց կատարել մարտական տեխնիկայի ամբողջական գործարկում եւ մասնակի դուրսբերում։

Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ

Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

ՍՈՒՐԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


20/02/2014