Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵԿՄ 10-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ



1993թ. հուլիսին տեղի ունեցավ երկրապահ կամավորականների առաջին՝ հիմնադիր համագումարը: Առաջին և հետագա մյուս համագումարներում ԵԿՄ-ն հաստատվեց որպես ՀՀ պաշտպանության մասնակիցների շահերի ընդհանրության վրա ստեղծված կամավոր հասարակական կազմակերպություն, որն օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, դեռահասների և երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Տարիների ընթացքում ազգային և պետական շահերի գերակայության սկզբունքով գործող կազմակերպությունը փաստել է, որ կամավորականները ազգային հզոր բանակի հիմքն են, իսկ վաղվա կամավորականին դպրոցում, ընտանիքում, հասարակությունում այսօր դաստիարակում է նույն այդ ազատամարտիկը: Եվ պատահական չէ, որ զինված ուժերի զարգացման, մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության գործում անուրանալի ավանդ ունեցող միության գործունեությունը մշտապես պետական ամենաբարձր մակարդակի ուշադրության է արժանանում: Իսկ երկրապահ ազատամարտիկներն ապացուցում են, որ իրենք նույն երկրապահն են մնացել՝ բարձր ոգով, հաղթանակի նկատմամբ անխախտ հավատով, բայց արդեն նոր ծրագրերով ու գաղափարներով:

Փետրվարի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ Երկրապահ կամավորականների միության 10-րդ հոբելյանական համագումարը: Համագումարին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ և զինվորականներ, ազատամարտիկներ և հյուրեր: Մինչև աշխատանքն սկսելը համագումարի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի և բոլոր զոհված ընկերների հիշատակը: Այնուհետև ցուցադրվեց տեսաֆիլմ երկրապահ կամավորականների անցած դժվարին ուղու մասին: Օրակարգային որոշ խնդիրներ քննարկելուց հետո ելույթ ունեցավ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա հիշեցրեց, որ Արցախյան պատերազմի տարիներին երկրապահները իրենց կարևոր ներդրումն են ունեցել հաղթանակի գործում, ապա նաև զբաղվել են հայոց բռնազավթված տարածքները թշնամուց ազատագրելու և պաշտպանելու ընթացքում զոհված, անհայտ կորած, հաշմանդամ դարձած ազատամարտիկների, նրանց ընտանիքների խնդիրներով: Այսօր էլ նրանք երկրապահ են՝ երկիր ստեղծող, երկիր պահող, երկիր շենացնող: Երկրապահ են ամեն ինչով, ամենից առաջ` մտածելակերպով: Սակայն միայն այդքանը ԵԿՄ նախագահը բավարար չի համարում.

-Կարևորը ոչ միայն ձեռքբերումն է, այլև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելը: Նոր սերնդի ճիշտ դաստիարակությունն այսօր երկրապահի կարևորագույն խնդիրներից է: Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում էր. «Մեր երեխան դպրոցից սկսած պիտի իմանա՝ ինքն ով է, որտեղից է գալիս, ինչ պատմություն ունի և ուր է գնալու»: Մենք պատանի, երիտասարդ երկրապահներին այնպես պիտի դաստիարակենք, որ միշտ պատրաստ լինեն պաշտպանելու իրենց սրբությունները՝ մորը, ընտանիքը, հայրենիքը:

Մանվել Գրիգորյանը անդրադարձավ Ազգային ժողովում ընդունված երկրապահ կամավորականների մասին օրենքին՝ նշելով, որ այն ամենից առաջ հսկայական բարոյական նշանակություն ունի: Ժամանակին այս երկրին իր կյանքը, արյունը տված անձը պետք է տարբերվի մյուսներից: Օրենքը հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում սահմանել արտոնություններ այն մարդկանց համար, որոնց շնորհիվ այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն և անկախ Արցախ:

Ելույթի մեջ առանձնահատուկ տեղ հատկացվեց բանակին և դրա հզորացման գործում նախկին ազատամարտիկների ունեցած դերակատարմանը.

-Հարգելի՛ երկրապահներ, լինելով բանակի հիմնաքարը՝ մենք պարտավոր ենք մնալ բանակի շարքերում, բանակի կողքին՝ զորավիգ լինելով սահմանում ապրող հողի մշակին, մտավորականին, սահմանապահ հայ ժողովրդին: Նաև հայկական բանակում ծառայելը հայ մարդու համար պիտի դառնա պատվի խնդիր, իսկ հայկական բանակի սպան մեր հասարակության ամենահարգարժան ու պաշտպանված խավը պետք է լինի: Եթե ուզում ենք, որ պատերազմը չկրկնվի, ապա թշնամուց ուժեղ բանակ պիտի ունենանք:

ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը կոչ արեց բոլոր խնդիրների լուծման բանալին փնտրել ժողովրդի համախմբվածության, միասնության մեջ, ինչի շնորհիվ էլ հնարավոր կլինի պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը՝ խաղաղությունը և շենացնել երկիրը:

Համագումարի ընթացքում հնչեցին բազմաթիվ ելույթներ: Մասնավորապես՝ մասնակիցներին ուղերձ էր հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որն ընթերցեց պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Իր խոսքում Արցախի ղեկավարը նշել էր.

-Կարող ենք վստահությամբ ասել, որ երկրապահներն անգնահատելի դերակատարություն են ունեցել մեր անկախության կերտման և հայոց բանակի ստեղծման գործում: Այսօր էլ կազմակերպության անդամներն ակտիվորեն մասնակցում են հայրենիքի զորացմանը, հարազատ ժողովրդի բարգավաճմանը, երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակությանը: Սա դժվարին ու ազգանպաստ առաքելություն է, որը դուք իրականացնում եք արժանապատվորեն:

Ելույթ ունեցավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա առաջարկեց նորովի գնահատել երկրապահի դերը և ավելի նպատակային ու արդյունավետ կիրառել նախկին ազատամարտիկների ներուժը:

-Մեր միությունն այսօր 21 տարեկան է և հանրապետության բոլոր շրջաններում վաղուց գործուն կառույցներ ունեցող կայացած կազմակերպություն է: Միությունն իր տարածքային և մյուս կառույցների միջոցով անչափ կարևոր ու շնորհակալ աշխատանք է ծավալել աճող սերնդի շրջանում կրթադաստիարակչական, հայրենաճանաչողական ու ռազմահայրենասիրական ընդգրկուն ծրագրեր իրականացնելու, մեր մարտական ընկերների ստեղծած լավագույն ավանդույթները պահպանելու և նոր սերունդներին փոխանցելու ասպարեզում:

ԵԿՄ «Պատանի երկրապահ» ու «Երիտասարդ երկրապահ» ակումբներով անցած, ձեր աշխարհըմբռնումն ու գաղափարախոսությունը յուրացրած սաներն են, որ վաղը պիտի համալրեն պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների շարքերը և դառնալով սպաներ` Հայկական բանակ բերեն ձեր կամքն ու նվիրումը: Երկրապահի գաղափարախոսությունը յուրացրած երիտասարդներն են, որ զինվորական ծառայությունից հետո պիտի ներառվեն շփման գծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային ստորաբաժանումների կազմում և միահյուսելով ձեզնից ժառանգած վճռականությունն ու բանակային ծառայության ընթացքում ձեռք բերած հմտությունները` ավելի անթափանց դարձնեն Հայաստանի ու Արցախի սահմանները:

ՀՀ զինված ուժերն ստեղծվեցին կամավորական ջոկատների հիմքի վրա և ամեն ինչ անում են կռված տղաների փորձը զինվորներին ու երիտասարդ սպաներին փոխանցելու, բանակի ու հասարակության բոլոր շերտերի կապի հետագա ամրապնդման, զինված ուժերի գործունեության նկատմամբ իրապե՛ս սրտացավ քաղաքացիական վերահսկողություն հաստատելու համար: Մե՛նք ենք Հայաստանի ամենապատվավոր քաղաքացիները, մե՛նք ենք եղել Հայկական բանակի ստեղծման ակունքներում, փայփայել ենք նրան ու այսօր էլ պիտի լինենք հրամանատարի ու զինվորի կողքին: Ամռանը մենք գումարելու են Հայկական բանակի երիտասարդ սպաների երկրորդ համաժողովը: Հրավիրում եմ մասնակցելու և վստահ եմ, որ երիտասարդ հրամանատարներին երկրապահը շատ բան ունի ասելու և հուշելու: Սա՛ է մեր ճանապարհը, ու այն մենք դարձյալ միասին ենք անցնելու:

Համագումարի եզրափակիչ հատվածում կազմակերպության պատասխանատուները ներկայացրին հաշվետու ժամանակահատվածում միության կատարած աշխատանքները: Ապա բաց քվեարկություն տեղի ունեցավ, որի արդյունքում Մանվել Գրիգորյանը վերընտրվեց Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ: Կայացան նաև ղեկավար մարմինների ընտրություններ:

Համագումարի վերջում մասնակիցներն ընդունեցին հայտարարություն: Օրվա վերջում երկրապահներն այցելեցին Եռաբլուր պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին զոհված ազատամարտիկների հիշատակին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ

Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #06 (1024) 20.02.2014 – 26.02.2014, Ազգային բանակ


20/02/2014