ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԴԵՖԻՑԻՏ
Փետրվարի 19-ին Բրյուսելում (Եվրախորհրդարանում) տեղի ունեցավ Չներկայացված ազգերի միջազգային կազմակերպության և Թալիշական ազգային շարժման համատեղ համաժողովը, որը նվիրված էր Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդիրներին, մասնավորապես՝ ազգային փոքրամասնությունների հիմնահարցերին` թալիշների հարցին նախ և առաջ, որոնց տրված էր վեց զեկուցումներից երկուսը։ Հիմնական զեկույցով հանդես է եկել Թալիշական ազգային շարժման առաջնորդ, Թալիշ-Մուղանյան Հանրապետության նախագահ, վերջերս Հայաստան և Արցախ այցելած Ալաքրամ Հումմաթզոդան կամ նույն ինքը՝ առավել ճանաչված գնդապետ Գումբատովը։ Երկրորդ զեկույցով ելույթ է ունեցել Թալիշական շարժման անդամ, քաղաքագետ Ֆարզիա Լանքոնին (Քերիմովա)։
Եվրոպայի սրտում՝ Բրյուսելում, տեղի ունեցած հենց այս համաժողովի շուրջ զրույց ունեցանք ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ։
-Պարոն Ասատրյան, մինչ կխոսենք Ադրբեջանի ազգային փոքրամասնություններից՝ թալիշների խնդիրներից, որոնք արծարծվել են Եվրախորհրդարանում, կուզենայի հետաքրքրվել, թե Դուք արդյոք ծանո՞թ եք Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի օրերս Day.az լրատվական կայքով տարածած՝ «Կոշտ» պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին» հայտարարությանը։
-Այո՛, ծանոթ եմ: Միանշանակ է, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության պետի սույն հայտարարությունը կարելի է դասել ադրբեջանական ագիտպրոպի ստանդարտ պրոդուկտների շարքը (դիտմամբ եմ օգտագործում «ագիտպրոպ» և «պրոդուկտ» բառերը), այն է՝ չարամտություն և կեղծարարություն, մի կողմ թողնելով բացարձակ անտեղյակությունը ամեն ինչից, տարրական գիտելիքների ու իմացության բացակայությունը։ Բազմիցս եմ ասել, որ Ադրբեջանի ժողովրդի մեծագույն ողբերգությունն այսօր ազգային ինքնության հստակ գիտակցման բացակայությունն է, այլ կերպ ասած՝ դեֆիցիտը, որը հեղինակի կողմից «կոշտ» բնորոշված ցցուն երևում է հենց այդ հայտարարության մեջ։ Տեսեք, հակառակ այն բանին, որ այսօր Ադրբեջանի ազգային մտայնության կարևորագույն տարրը, թերևս, Թուրքիայի հետ եղբայրության, ազգակցության և միասնության գաղափարն է՝ արտահայտված «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» կարգախոսում, այդուհանդերձ, թրքության կամ թյուրքական էթնիկ տարերքին պատկանելու զգացողությունը դեռևս հեռու է գերակշիռ լինելուց, ավելին՝ նույնիսկ ենթագիտակցության շերտերում թուրք լինելն ինչ-որ տեղ համարվում է ոչ պրեստիժային։ Այլապես՝ ինչո՞վ բացատրել Մաննայի պետության, Ատրոպատենայի (Ատրպատականի), Սկյութական թագավորության (մի կողմ թողնենք, որ նման թագավորություն չի եղել) և Աղվանքի հիշատակումը որպես Ադրբեջանի Հանրապետության տարածքում գոյություն ունեցած պետական կազմավորումներ և հետևաբար՝ Ադրբեջանի, այսպես ասած, վաղ պատմության վկայություններ։ Իրեն թուրք համարող ժողովրդի ներկայացուցիչը պետք է ուղղակի ասեր՝ «մեր պանծալի նախնիներն են եղել սելջուկները, թուրքմենական այսինչ-այնինչ ցեղերը և այլն, որոնք թրի ուժով գրավել են այս տարածքը, և այսօր մենք հպարտ ենք, որ նրանց ժառանգներն ենք»։ Կամ թեկուզ՝ ոչ թե գրավել են, այլ Նոյի ժամանակներից ապրում են այստեղ: Նման պատասխանը պարզորոշ ցույց կտար թուրքական վեկտորի գերակայությունը միջին ադրբեջանցու գիտակցության մեջ։ Մինչդեռ, վերը նշված հնադարյան պետություններից և ոչ մեկը թյուրքականության հետ որևէ կապ չունի, ինչը քաջ հայտնի է նաև հենց իրենց՝ ադրբեջանցիներին։ Հիշյալ պետությունների երբեմնի բնակիչները միանշանակ եղել են կա՛մ իրանցիներ, կա՛մ տեղաբնիկ ժողովուրդներ, որոնք, բնականաբար, չէին կարող այդ ժամանակահատվածում որևէ կապ ունենալ թյուրքական տարերքի հետ։ Մաննայի պետությունը, օրինակ (ք.ա. 10-7-րդ դդ), գտնվել է Հարավարևելյան Իրանում՝ Ուրմիա լճից հարավ-արևելք, որի կենտրոնը գտնվել է այսօրվա Մեհաբադ քաղաքի տարածքում։ Իսկ Ատրպատականը (Ատրոպատենա) ներկայիս Իրանի հյուսիսարևելյան նահանգներն ընդգրկող տարածքում է եղել։ Հիմա ինքներդ դատեք՝ որտե՞ղ է այսօր Ադրբեջանը, և որտե՞ղ են «կոշտ» հորջորջված հայտարարության մեջ հիշատակվող այդ վաղնջական պետությունները կամ պետական կազմավորումները՝ եթե անգամ մոռանանք այդտեղ ապրող հին ժողովուրդների էթնիկ ծագման փաստը։ Իսկ սկյութական, այսպես կոչված, թագավորության մասին էլ արդեն ասացինք։ Հավելենք միայն, որ սկյութները մաքուր իրանցիներ են եղել և խոսել են իրանական բարբառներով։ Ավելին, սկյութների ժամանակ թյուրքական էթնիկ տարրը դեռևս նոր էր անջատվել ընդհանուր ալթայական միասնությունից և գտնվում էր մեր տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա՝ Հեռավոր Արևելքում։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետի հայտարարության երկրորդ հատվածին, որն ընդգրկում է հայերի մասին օտար ճանապարհորդների և հեղինակների բացասական արտահայտությունները, ապա այն ավելի շատ պատկանում է խոհանոցային խոսակցությունների կամ հայհոյանքի ժանրին և փաստորեն որևէ լուրջ հիմնավորում չունի։ Ասել է թե՝ համատեքստից կտրված մեջբերումներ և ուրիշ ոչինչ։ Առավել արտառոցն այն է, որ օտար հեղինակների շարքում հիշատակվում է նաև պատմահայր Մոսվես Խորենացին. հավանաբար ի նկատի ունեն պատմահոր «Ողբը», որը պարզից էլ պարզ է՝ ամեն քիչ թե շատ գրագետ, անգամ գիր ու գրականությունից հեռու մարդու համար խոր հայրենասիրության, սեփական ժողովրդի հանդեպ սրտացավ վերաբերմունքի, հայրական սիրո սքանչելի մի նմուշ է լոկ ու, թերևս, իր նմանը չունի համաշխարհային գրականության մեջ։ Խոսնակը, իհարկե, «չի նկատում» «Ողբի» սկիզբը` «Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ», ու գաղափար չունի Խորենացու «Թեպետ և եմք ածու փոքր…» մտքի մասին։ Իր ժողովրդին անսահման սիրող և նրա վեհության մեծ գաղափարն իր հոգու մեջ կրող մարդը միայն կարող է նման ձևով ողբ ասել…
Այսպիսով, Ադրբեջանի այս ձեռագիրը նոր չէ, ծանոթ է ու, կարծում եմ, անգամ չարժե նման ոճի ու մակարդակի հրապարակումներին լուրջ արձագանք տալ։
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ տեղ գտած հոխորտանքներին, այն է՝ զենքի ուժով հակամարտությունը լուծելուն, ապա, դրանք, բնականաբար, թուլության նշան են և ուրիշ ոչինչ։ Պետք է ենթադրել, որ հիշյալ նյութը գրել է ոչ թե այդ երկրի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայության պետն անձամբ, այլ ստեղծել են Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտի «մուալլիմները»:
ՊԵՏԱԿԱՆ ԿԵՂԾ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՅՐԱՄՈՒՏԸ
-Պարոն Ասատրյան, այժմ անդրադառնանք բրյուսելյան համաժողովին…
-Պետք է ասել, որ թալիշական խնդիրը, ըստ էության, առաջին անգամ է դառնում միջազգային այդպիսի բարձր ատյանի՝ Եվրախորհրդարանի, քննարկման առարկա, որքան էլ այն ներկայացվեց մասնակիորեն` ի թիվս Հյուսիս-Կովկասյան այլ խնդիրների։ Այս առումով փետրվարի 19-ի բրյուսելյան ժողովը պետք է կոչել պատմական։ Ա. Հումմաթզոդայի ելույթը թալիշ ժողովրդի լավագույն իղձերի ու ակնկալիքների և ապագայի տեսլականի համապարփակ ամփոփման փորձ է։ Հընթացս նշեմ, որ ռուսերեն այդ ելույթը ադրբեջաներենով համաժամանակյա ներկայացվում էր մեր՝ Շուշիից հեռարձակվող «Թալիշստանի ձայն» ռադիոկայանով։ Ռուսերեն բնագրերն արդեն նույնպես հրապարակվել են և տեղ գտել ինտերնետային բազում կայքերում։
-Պարոն Ասատրյան, ո՞րն էր թալիշների առաջնորդի ելույթի, ինչպես ասում են, «մեխը»։
-Վերլուծելով Ադրբեջանում թալիշ ժողովրդի ոչ նախանձելի վիճակը և ապագայում նրան սպառնացող վտանգները՝ ուծացումը, պատմական թատերաբեմից հեռանալը և այլն, և այլն, Հումմաթզոդան հանգել է այն եզրակացության, որ թալիշ ժողովրդի կենսագործունեության ապահովման, գենոֆոնդի և թալիշական մշակույթի ու լեզվի պահպանման միակ երաշխիքը լիակատար անկախությունն է Ադրբեջանից։ Ո՛չ որպես կոնֆեդերացիայի սուբյեկտ, ինչը նա հնչեցրեց Երևանում գտնվելու օրերին, ո՛չ էլ, մանավանդ, որպես ինքնավարություն ֆեդերացիայի կազմում… Սա պատմական ճեղքում էր հենց գնդապետ Գումբատովի քաղաքական գաղափարախոսության համար. մինչ այդ նա անկախության մասին քիչ է խոսել՝ բավարարվելով միայն ինչ-ինչ մշուշապատ արտահայտություններով։
-Իսկ ի՞նչ բովանդակություն ուներ թալիշների երկրորդ՝ տիկին Լանքոնիի զեկուցումը։
-Պետք է ասեմ, որ հիշյալ զեկույցը թալիշ երիտասարդ, մեծ ներուժով օժտված քաղաքական գործչի դեբյուտն էր, ինչը բոլորին զարմացրեց նյութի խորիմացությամբ, կշռադատվածությամբ և հարցադրումների հստակությամբ։ Սա ինձ իսկապես շատ ուրախացրեց, որովհետև այդ ելույթում ես տեսա Թալիշական շարժման իրական ներուժը և զարգացման հստակ հետագիծը…
-Հետաքրքիր է, ինչպիսի՞ն է եղել դահլիճում ներկա ադրբեջանցիների արձագանքը։
-Իհարկե, ինչպես և սպասվում էր, նրանց պատվիրակները աղմուկ-աղաղակ են բարձրացրել, կոկորդները պատռել են, անգամ նրանցից ոմանց ստիպված դուրս են հրավիրել դահլիճից…
-Եվ ամենագլխավոր հարցը՝ ի՞նչ է տալու այդ քննարկումը Թալիշական շարժմանը:
-Միանգամից ասեմ՝ շա՛տ բան։ Վստահ եմ, որ այն Թալիշական շարժումը դուրս է բերելու միջազգային ոլորտ և վերածելու է տարածաշրջանային քաղաքական կարևոր գործոնի։ Սրանով, սակայն, գործը չի ավարտվում, նոր է միայն սկսվում։ Սա սկիզբն է այն զարգացումների, որոնք, ինչպես քանիցս ասել եմ, բերելու են խորհրդային ժամանակներից ժառանգություն մնացած կեղծ պետական կազմավորումների մասնատմանը։ Հիշեցնեմ, հենց ձեր թերթին տված իմ հարցազրույցներից մեկում արծարծված այս միտքը, որն այսօր իր կենդանի արտահայտությունն է գտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձություններում։ Ադրբեջանի և Ուկրաինայի միջև շատ նմանություններ կան, միայն թե Ադրբեջանը շատ ավելի խոցելի է…
Հարցազրույցը վարեց ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆԸ
Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան