Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ



Էրեբունի վարչական շրջանի Վրեժ Համբարձումյանի անվան N 17 դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։

-Հզոր, ուժեղ, ամուր պետություն ունենալու համար անչափ կարևոր է վաղվա քաղաքացիներին ռազմահայրենասիրական ոգով կրթելն ու դաստիարակելը։ Հայրենասիրությունը յուրաքանչյուրի արյան մեջ է, պարզապես պետք է այն խթանել,- նշում է դպրոցի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը։

Կրթական այս օջախում մեծ ուշադրություն է դարձվում ռազմագիտություն առարկայի դասավանդմանը: Զոհված ազատամարտիկ Սիմոն Խաչատրյանի անունով է անվանակոչված ռազմագիտության դասասենյակը, պարբերաբար կազմակերպվում են այցելություններ զորամասեր:

Օրերս Արցախյան պատերազմում զոհված դպրոցի շրջանավարտներ Սիմոն Խաչատրյանի, Զավեն Պաբուխանյանի, Ռաֆիկ Խաչատրյանի հիշատակին դպրոցի բակում կանգնեցված հուշակոթող-աղբյուրի օրհնման արարողությունն էր (հայրենանվեր այդ գործին աջակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, Դավիթ Սեդրակյանը, Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանը)։

-Նման միջոցառումները հոգևոր նշանակություն ունեն և պետք է հաճախակի լինեն։ Սա միայն հայրենասիրական պարտք չէ, լույսի աղբյուր է, որ աշակերտների մեջ կարթնացնի սեր, բարություն, հոգածություն հայրենի հողի հանդեպ, վառ կպահի հայրենասիրական շունչն ու ոգին,- նշում է Էրեբունի համայնքի հոգևոր հովիվ տեր Զգոն քահանան։

Քաջերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ իրենց գեղեցիկ կատարումներով հանդես են գալիս կրթօջախի սաները։

Արիության, հիշատակի, ոգեկոչման դաս է բաց երկնքի տակ։ Հայրենիքին իրենց կյանքը նվիրաբերած ազատամարտիկների հիշատակը միշտ թևավորելու է աշակերտներին, մղելու սխրանքների և հերոսության։ Միջոցառման ժամանակ իր անկրկնելի և հուզիչ ասմունքով ելույթ է ունենում նաև ՀՀ վաստակավոր արտիստ Ամիրան Գալստյանը։

Անչափ հուզված է զոհված ազատամարտիկ Սիմոն Խաչատրյանի մայրը՝ տիկին Արեւհատը, ժամանակն անզոր է մեղմելու կորստյան ցավը։

-Անսահման մեծ է վիշտս, բայց նաև մեծ է հպարտությունս, որ հայրենասեր զավակ եմ պարգևել ազգիս։ Այսօրինակ միջոցառումներն ինձ հավատ են ներշնչում, որ որդուս, հայրենիքի պաշտպանությանն ու անկախությանը իրենց կյանքը նվիրաբերած մեր մյուս քաջ տղաների հիշատակն անմար է, որ նրանք գնահատվում են, որ այսօրվա սերունդն իրականացնելու է նրանց անավարտ երազանքները։

Միջոցառմանը ներկա էին զինվորականներ, ԵԿՄ անդամներ, ազատամարտիկներ, Էրեբունի համայնքի թաղապետարանի ներկայացուցիչներ։ Նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու և ազգային ոգով կրթելու առաքելությունը պատշաճ իրագործելու, բանակ-դպրոց-հասարակություն կապն ամրապնդելու համար պաշտպանության նախարարության N զորամասի կողմից պատվոգրի են արժանանում կրթօջախի տնօրեն Նաիրուհի Սարգսյանը և դպրոցի զինղեկ, գնդապետ Վոլոդյա Կարապետյանը։

Ի դեպ, դպրոցի չորս շրջանավարտ այսօր ուսանում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում։

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #07 (1025) 27.02.2014 – 5.03.2014, Բանակ և հասարակություն


27/02/2014