Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԶԻՆՎՈՐԻՆ



Ծնվել եմ 1963 թվականին, Ստեփանակերտ քաղաքում: Շատ եմ սիրում իմ քաղաքը: Ստեղծագործում եմ մանկությանս տարիներից, սկզբում սիրո թեմայով, հետո արդեն հայրենասիրության:

Երբ սկսվեց Արցախյան շարժումը, փորձեցի օգտակար լինել իմ ժողովրդին եւ 1993թ. դարձա պատերազմի մասնակիցներից մեկը: Հետո ծառայեցի 5-րդ բրիգադում` կամավորական գումարտակի շարային մասի պետի պաշտոնում:

Հիմա ապրում եմ Արմավիրում:

Սիրում եմ հայրենիքը, սիրում եմ մեր զինվորին:

ԶԻՆՎՈՐԸ

Հրաշք էր, որ ես տեսա արթմնի.

Բարձունքի վրա մարտիկն էր կանգնել`

Հատու հայացքը` հեռու լեռներին:

Պատանի էր դեռ` անբեղ-անմորուս,

Զենք ու զրահ էր, սակայն նա հագել,

Ու պատերազմի գոտի էր կապել:

Սիրտս ճռվողեց. «Ո՞վ ես դու, զինվո՛ր,

Որ դեռ պատանի, քաջազն ես անկոր»:

Սակայն մարտիկը հեռուն էր նայում`

Ասես խոսքերս, ինձ չէր էլ նկատում:

Բարձունքի վրա լուռ ու մունջ կանգնել`

Աստծո աշխարհն էր հայացքով հսկում:

-Ո՞վ ես դու, որդի՛ս,- հարցնում եմ կրկին,

Մայրական քնքշանք տալով իմ խոսքին:

Ախ, հետո միայն, հետո իմացա,

Որ զինվորն այդ քաջ, համր էր ի ծնե:

Իր հայրենիքի, իր սիրո մասին

Չէր կարող խոսել, չէր կարող պատմել:

Դիրք էր բարձրացել իր հոգու կանչով`

Եվ կարող էր նա կռվել ու հաղթել:

Ես ծնկի իջա հրաշքի առջեւ.

-Փառքդ շատ, Տե՛ր իմ,- մրմնջացի լուռ`

Աղոթք հղելով առ բարձրյալն Աստված:

ՄԱՐԻՆԵ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
զորամասի գանձապահ

Խորագիր՝ Հոգևոր-մշակութային


06/03/2014