26 ՏԱՐԻ ԱՌԱՋ
Բերձորի երկրագիտական թանգարանը շրջանի մշակութային կարևոր օջախներից է, որտեղ գործում են պատկերասրահ, ցուցասրահ և Փառքի սրահ: Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը թանգարանի հետ փետրվարի 20-ին կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 26-ամյակին: Թանգարանի փառքի սրահում, որտեղ պահպանվում են նորօրյա հերոսամարտի մասին բազմաթիվ նյութեր, Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները դասղեկ, պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանի գլխավորությամբ ասմունքով, երգով, մեծերի ասացվածքներով ներկայացրին օրվա խորհուրդը: Ներկա էին նաև դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, ուսուցիչներ, քաղաքային գրադարանի տնօրեն Սոնա Հովեյանը: Թանգարանի տնօրեն Լիվերա Հովհաննիսյանը, ողջունելով ներկաներին, ասաց. «Հավաքվել ենք Փառքի սրահում նշելու Արցախյան շարժման 26-ամյակը, շարժում, որն ավելի երկար պատմություն ունի: Դեռևս 20-րդ դարասկզբին Արցախը բռնակցվեց Ադրբեջան կոչված հանրապետությանը, և մեր ժողովուրդը չհամակերպվեց այդ իրողությանը, ընդվզեց, և դարավերջին ազատագրվեց մեր հայրենի երկրամասը»:
Աշակերտների ելույթն սկսվեց Գուսան Հայկազունի «Գետաշեն» երգով: Պատանիները վստահեցրին, որ իրենք կձգտեն ավարտին հասցնել Արցախյան շարժումը, իսկ այժմ ուրախ են ու հպարտ, որ շարունակում են ազատամարտի մասնակիցների գործը՝ շենացնում են ազատագրված հայրենիքը: Նշեցին այն անձանց անունները, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին և նաև նրանցը, ովքեր այսօր շենացնում են ազատագրված Քաշաթաղը: Նարեկ Մաթևոսյանը կատարեց «Հայե՛ր, միացե՛ք» սիրված երգը, և նրան ձայնակցեց ողջ դասարանը: 4-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ավագյանը հիանալի երգեց «Արցախ» երգը:
Փառքի սրահում ցուցադրվում էին շարժման առաջին օրերի, պատերազմական գործողությունների մասին պատմող լուսանկարներ, որոնցից շատերը տողերիս հեղինակինն էին: Ես աշակերտներին պատմեցի, թե որ լուսանկարը որտեղ և երբ է արվել: Թիվ 1 միջնակարգի տնօրեն Անահիտ Քոսակյանը թանգարանին նվիրեց գեղանկարների (լուսանկարներ) հավաքածու, իսկ յոթերորդցիները՝ իրենց ձեռքի աշխատանքը՝ նկարչական ալբոմ Արցախյան շարժման 26-ամյակին նվիրված նկարներով:
ԶՈՀՐԱԲ ԸՌՔՈՅԱՆ
Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Բանակ և հասարակություն