Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՅՔԱՐ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԲԱՐՔԵՐԻ ԴԵՄ ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ



«Բանակ – հասարակություն» կապի ամրապնդման շրջանակներում Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի միջև մշակվել է համատեղ միջոցառումների և փոխհամագործակցության պլան, համաձայն որի՝ երկուստեք կանցկացվեն մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համալիր միջոցառումներ: Դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանը վստահություն հայտնեց, որ այդպիսի համագործակցությունը կունենա իր հաղթական արդյունքը, կկանխարգելի փողոցային բարքերի ներթափանցումը բանակ ու կնպաստի բանակի հանդեպ վստահության և սիրո ամրապնդմանը:

Թիվ 122 դպրոցում պարբերաբար անցկացվում են ոչ միայն հայ մեծերի` Կոմիտասի, Թումանյանի, Սևակի, Դանիել Վարուժանի և մյուսների մեծարման միջոցառումներ, այլ նաև ռուս մեծ գրող Ալեքսանդր Բլոկին նվիրված երեկոներ և մրցույթներ: Նման միջոցառումները նպաստում են ապագա քաղաքացու բարոյահոգեբանական կերպարի ձևավորմանը: Դպրոցի տնօրենը հպարտությամբ նշեց, որ 9-րդ դասարանի աշակերտները տարեցտարի ավելի ու ավելի մեծ սիրով ու հետաքրքրությամբ են մասնակցում նախնական զինվորական պատրաստության առարկայի դասերին: Ուշագրավ է, որ դպրոցի սաները ընթացիկ տարում այս առարկայից ունեցել են համայնքային օլիմպիադայի երեք մասնակից, որոնցից երկուսը` աղջիկներ: Հիմա պատրաստվում են համաքաղաքային օլիմպիադային: Դպրոցի տնօրենը շեշտեց, որ պաշտպանության նախարարության համապատասխան կառույցների հոգատար վերաբերմունքը դպրոցի նկատմամբ օգնում է է՛լ ավելի լավ արդյունքներ արձանագրել: Օրինակ՝ վերջերս նորոգվել է դպրոցի ՆԶՊ առարկայի դասասենյակը: «Հիմա արդեն մեր աշակերտները զենքի հետ ծանոթանալու հնարավորություն ունեն, ինչն ավելի է մեծացնում հետաքրքրությունը նախնական զինվորական պատրաստություն առարկայի նկատմամբ»,- նշեց տիկին Մալախյանը: Հավելենք, որ ՆԶՊ դասասենյակը պահեստազորի փոխգնդապետ, զինղեկ Ռոբերտ Թունյանը համալրել է անհրաժեշտ մասնագիտական գույքով: Դպրոցի սաներն արդեն երկու անգամ այցելել են զորամաս, տեղում ծանոթացել բանակային առօրյային: «Պատրաստվում ենք տոնական ծրագրով զորամաս այցելել նաև Մայիսի 9-ի կապակցությամբ» – ասաց տնօրեն Մարինա Մալախյանը:

Այս դպրոցում է սովորել Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործի կողմից սպանված սպա Գուրգեն Մարգարյանը: Դպրոցականները մշտապես այցելում են հերոսի գերեզմանին, իսկ այս տարի ակտիվ մասնակցություն են ունեցել ոճրագործության 10-ամյա տարելիցի միջոցառումներին:

Տնօրենը նաև հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմատեղագրական բաժնի հետ համագործակցության պլանի շրջանակներում առաջիկայում տեղի կունենան ոչ միայն փոխայցելություններ, այլ նաև կկազմակերպվեն ռազմական տեղագրության դասեր` բաժնի պետ, գնդապետ Գեւորգ Մանուկյանի անմիջական ղեկավարությամբ: Օրեր առաջ դպրոցում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաձայնեցված համատեղ միջոցառումների ցանկը ներառում է յոթերորդ, ութերորդ և ավարտական` իններորդ դասարանները:

Տիկին Մալախյանը գոհունակությամբ հայտնեց, որ տարեցտարի բարձրանում է միջին գնահատականը նաև ֆիզկուլտուրա առարկայից, ինչին նպաստում է համալրված մարզադահլիճի և մասնագետ ուսուցիչների առկայությունը: Եվ հենց այն փաստը, որ ֆիզկուլտուրա առարկան 9-րդ դասարանցիների համար քննական է, ստիպում է հետևել և ավելի մեծ ուշադրություն դարձնել պատանիների ֆիզիկական պատրաստությանը:

Անդրադառնալով փողոցային բարքերի դեմ պայքարի խնդրին՝ դպրոցի տնօրենը շեշտեց՝ միայն կրթական հաստատությունը չէ, որ պետք է զբաղվի այդ խնդրով. «Դպրոցը միայնակ չի կարող այդ բարքերից զերծ պահել նոր սերնդին: Մեծ է հատկապես ընտանիքի դերը: Մենք համատեղ ուժերով պետք է պայքարենք այդ աղետի դեմ: Պետք է գտնել ընդհանուր մի լծակ, որի շնորհիվ հավասարակշռվեն և՛ աշակերտի պատասխանատվությունը, և՛ երեխայի իրավունքները: Ծնող-դպրոց համագործակցությունը, «բաց դռների» օրերը ուսուցիչներին անմիջական շփման հնարավորություն են տալիս, ինչն ավելի արդյունավետ է դարձնում համատեղ ջանքերը»:

Թիվ 122 դպրոցն ունի նաև ռուսալեզու բաժին, որում սովորում են օտարերկրյա քաղաքացիների երեխաները: Արդեն 18 տարի տնօրենի պարտականություններ իրականացնող Մ. Մալախյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարվա ընթացքում նկատվում է դպրոցականների թվի աճ. «Վերադառնում են Ռուսաստան մեկնած մեր հայրենակիցները»:

Ի դեպ, ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում բարձր արդյունքների հասնելու, բանակ-դպրոց կապերի ամրապնդման համար Մարինա Մալախյանը պարգևատրվել է ՀՀ ՊՆ «Նելսոն Ստեփանյան» մեդալով:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #08 (1026) 6.03.2014 – 12.03.2014, Բանակ և հասարակություն


06/03/2014