Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ



ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻ է կոչվում Մեծ պահքի երրորդ կիրակին` մատնանշելով Հիսուսի պատմած Անառակ որդու առակը (Ղուկ., ԺԵ, 11-32): Առակը խտացնում է Քրիստոսի Ավետարանի հիմնական գաղափարը` Աստված հոգատար Հայր է մարդու համար, անսահման սիրող ու ներողամիտ: Անառակի կիրակիի խորհուրդը մարդու` անկումից վերելքն է, կորստից՝ փրկությունը, ընկած վիճակից՝ վերականգնումը, ինչը նաեւ Մեծ պահքի նպատակն է: Հատկանշական է, որ Քրիստոսը Անառակ որդու առակը պատմեց մարդկանց, երբ օրենսգետները վրդովվում էին ու դժգոհում, թե Նա ընդունում է մեղավորներին, նրանց հետ սեղան նստում: Եվ Հիսուսը առակ պատմեց՝ մի մարդ երկու որդի ուներ, ու նրանցից կրտսերը, պահանջելով հորից իր հասանելիք ժառանգությունը, փողի վերածեց այն, հեռացավ տնից ու ապրեց շվայտ կյանքով: Վատնելով ու կորցնելով ունեցածը` չարքաշ ծառայության մտավ մեկի մոտ եւ մի օր, երբ նեղության մեջ զղջաց իր արարքների համար, որոշեց դառնալ տուն եւ ներում հայցել հորից ու նրան ծառայել, քանի որ իրեն արժանի չէր համարում որդի կոչվելու: Բայց հայրը, տեսնելով նրա դարձը, ինքն ընդառաջ դուրս եկավ, գրկեց որդուն, ծառաներին հրամայեց նոր զգեստներ ու կոշիկներ հագցնել նրան, մատանի դնել նրա մատին ու պատվել, պարարտ եզ մորթել եւ ուրախանալ: Ագարակից վերադարձող ավագ որդին դժգոհում է հորը, որ ինքը տարիներ շարունակ հնազանդ է եղել ու ծառայել նրան, բայց ոչ մի անգամ իր համար նման ուրախություն չի կազմակերպվել: Եվ հնչում է հոր պատասխանը. «Որդյակ, դու միշտ ինձ հետ ես, եւ ամենը, որ իմն է, քոնն է, բայց պետք է ուրախ լինել եւ ցնծալ, որովհետեւ քո այս եղբայրը մեռած էր եւ կենդանացավ, կորած էր եւ գտնվեց»:
Քրիստոսը` մարդկության Փրկիչը, առակով ասում է մարդկանց, որ վերադարձի ճանապարհը միշտ բաց է ցանկացողի համար: Եվ ինչպես անառակ որդին զղջաց ու ներողություն հայցեց հորից եւ վերստին ընդունվեց նրա հարկի տակ, նորից արժանացավ նախկին պատիվներին, եւ երջանիկ հայրը ուրախության խնջույք կազմակերպեց նրա վերադարձի առիթով, այնպես էլ ընկած ու մեղավոր մարդն ապաշխարությամբ ու զղջումով կարող է վերագտնել ճանապարհը դեպի կորցրած դրախտ եւ վստահ լինել, որ Աստված` իբրեւ Հայր, երկնքում ուրախությամբ ու սիրով սպասում է Իր որդուն: Առակը պատմությունն է երկու եղբայրների:
Ավագ որդին, ըստ որոշ մեկնիչների, խորհրդանշում է հրեա ժողովրդին, որը մշտապես ծառայում էր Աստծուն եւ Նրա պատվիրանները որպես օրենք ընդունում: Հրեական այս միջավայրում ծնվեց Հիսուսը, այստեղ քարոզեց` բերելով լրումը օրենքի եւ մանավանդ «սիրիր մերձավորիդ» պատվիրանի` ուսուցանելով սիրել ոչ միայն կրոնակցին ու ազգակցին, այլ անգամ թշնամուն: Կրտսեր որդին խորհրդանիշն է հեթանոս ժողովուրդների, որոնք Աստծուց հեռանալով` դուրս էին մնացել Նրա տնից եւ օրենքից, սակայն նրանց մեջ քարոզվեց Ավետարանն ու լսելի եղավ: Երկուսին էլ` հրեաներին եւ հեթանոսներին, քարոզվեց Ավետարանը, սակայն առավելապես հեթանոս ժողովուրդներն ունկն դրեցին նրա կոչին, զղջացին, ապաշխարեցին եւ վերադարձան իրենց Հոր տուն: «Բայց ասում եմ ձեզ, որ արեւելքից ու արեւմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայության մեջ սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, իսկ արքայության որդիները պիտի ելնեն արտաքին խավարը. այնտեղ պիտի լինի լաց եւ ատամների կրճտում» (Մատթ., Ը, 11-12):
Երկու եղբայրները ներկայացնում են նաեւ մարդկության երկու հիմնական բարոյական տեսակները. առաջինը մաքրակրոն է, սակայն աններող, անսեր: Օրինապահ է, սակայն փարիսեցի, ցանկանում է պահել արդեն հաստատված կարգերը, որովհետեւ շահավետ են իրեն: Երկրորդը մեղքերի մեջ թաղված է, սակայն ընդունակ է զղջալու, ապաշխարելու ու նորը, ավելի կատարյալը կառուցելու: Անառակի կիրակիի խորհրդի նպատակը նախեւառաջ մարդուն Աստծու ողորմածությունը, հայրությունը մատնանշելն է: Հոր տանը երջանիկ ապրող երիտասարդը կորցրել էր «դրախտային» կյանքը` չգնահատելով իր ունեցած հարստությունը եւ հոր սերն ու հոգատարությունը: Սակայն զղջալով` վերադարձավ եւ ընդունվեց հոր կողմից: Նույն կերպ եւ հայրական անսահման սիրով Աստված սպասում է Իր մեղավոր որդու զղջումին ու վերադարձին, որպեսզի ուրախությամբ նույն պատվի մեջ վերականգնի նրան:

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգևոր սպասավոր

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Հոգևոր-մշակութային


31/03/2011