ԱՄՓՈՓՎԵՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
ՀՀ պաշտպանության նախարարությունում մարտի 19-ին տեղի է ունեցել «Ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք» եւ «Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր» թեմաներով ստեղծագործական շարադրությունների համաբանակային եւ համադպրոցական մրցույթների ամփոփման եւ լավագույնը ճանաչված աշխատանքների հեղինակների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Մրցույթին մասնակցել են ՀՀ ԶՈՒ եւ ԼՂՀ ՊԲ 156 զինվորներ եւ Հայաստանի ու Արցախի դպրոցների հարյուրավոր աշակերտներ, որոնցից լավագույն շարադրությունների համար պատվոգրերի ու արժեքավոր նվերների են արժանացել 34 զինվոր եւ 35 աշակերտ:
«ԳՈՐԾԴ ՈՐԴԻԴ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ, ՀԱ՛ՅՐ»
Նախկինում ոչնչով աչքի չընկնող, շատերի համար անծանոթ գյուղը Արցախյան շարժման ժամանակ հռչակվեց իր արիասիրտ հերոսներով:
Գյուղի բնակիչներից շատերի հայրերը գաղթականներ էին եւ մասնակցել էին թուրքերի դեմ մղվող կռիվներին: Նրանց հայրենասիրությունը եւ հայրենիքի նկատմամբ անսահման սերը փոխանցվել էր հետնորդներին:
Հայրենասիրությունը խոսում էր յուրաքանչյուրի մեջ: Անգամ դպրոցականը պատրաստ էր գրիչը փոխարինել զենքով եւ արիությամբ մասնակցել հայրենիքի ազատությանը: Եվ, իրոք, շատ աշակերտներ, դպրոցական նստարանը թողնելուց հետո, հերոսի մահով ընկան պատերազմի դաշտում:
Եվ թերեւս դա էր հիմնական շարժառիթը, որ գյուղի բնակիչներ Մուրադ Աբրահամյանի եւ Հայկ Գալստյանի գլխավորությամբ կազմավորվեց «Ակնալիճ» կամավորական ջոկատը: Նորաստեղծ կամավորական ջոկատի կազմում էին 250 ազատամարտիկներ, որոնցից 120-ը ակնալճեցիներն էին:
Կամավորական ջոկատը իր հաղթական ուղին սկսել է 1989-1990թթ.` պաշտպանական մարտեր մղելով ԼՂՀ Հադրութի շրջանի Էդիլու, Դուդուկչի, Ղրմնջուղ, Աղբուլուղ գյուղերում:
Պատերազմին մասնակցում էր ողջ գյուղը:
Հետագայում` 1991-1993թթ., «Ակնալիճ» կամավորական ջոկատը վերանվանվեց եւ դարձավ «Գագիկի անվան կամավորական ջոկատ», որի հրամանատարն էր Մուրադ Աբրահամյանը:
«Ջոկատի առաջին մարտերը ծավալվում են Կրասնոսելսկի շրջանի Վահան գյուղում, այնուհետեւ շարունակվում ԼՂՀ-ում` հիմնականում Հադրութի շրջանում եւ Ֆիզուլիում:
1994 թ. զինադադարից հետո մարտական ուղի անցած ազատամարտիկները ընդգրկվում են զորամասի կազմում, եւ ողջ մնացած հայրենիքի պաշտպաններն իրենց գործն են շարունակում` անցնելով ծառայության Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:
Արմավիրի մարզում գտնվող Ակնալիճ փոքրիկ գյուղը շատ զոհեր տվեց Արցախյան պայքարում:
Եվ մենք այսօր հպարտությամբ ենք հիշում բոլորին. Արա Էդուարդի Հարությունյան (1968-1993թթ.), Նիկոլայ Հրաչի Ավետիսյան (1950-1999թթ.), Մուկուչ Սերյոժայի Ֆահրադյան (1965-1998թթ.), Վարդգես Վարազդատի Գալստյան (1946-1995թթ.), Գուրգեն Առաքելի Սուքիասյան (1957-1998թթ.), Արմեն Գեւորգի Մինասյան (1974-1992թթ.), Համլետ Աղասու Ավետիսյան(1960-1997թթ.)Արա Ավետիսի Իսրայելյան(1975-1992թթ.), Գառնիկ Զավենի Գառնիկյան(1962-1994թթ.), Գեւորգ Հրաչի Մկրտչյան(1972-1993թթ.), Գրիգոր Վոլոդյայի Մացոյան(1974-1994թթ.), Արարատ Ժորայրի Թադեւոսյան(1975-1994թթ.), Արամ Շալիկոյի Մովսիսյան(1972-1992թթ.), Սիմոն Արամի Թաթոյան(1968-1993թթ.)
Գյուղի դպրոցը կոչվում է զոհված ազատամարտիկ, Արցախյան պատերազմի հերոս Արա Հարությունյանի անունով:
Դպրոցը պարտավորվեց անմար պահել հերոսների հիշատակը. ստեղծվեց փառքի թանգարան:
Եվ պատահական չէ, որ աշակերտներից շատերը ուսումը շարունակում են ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում գյուղի զոհված ազատամարտիկներից մեկի՝ Նիկոլայ Ավետիսյանի դստեր շարադրությունը:
«ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԶԻՆՎՈ՛Ր»
Հավատում եմ քեզ, զինվո՛ր, քանի որ քո շունչը մանկուց եմ զգացել, բայց քեզ հետ համընթաց քայլել երբեք չեմ կարողացել, քանզի հայրենիքի պաշտպանությունը դու կյանքիցդ վեր ես դասել:
Խոսքերս քեզ են ուղղված, հա՛յր, դու, որ բոլորին պաշտպանելով` ինձ անպաշտպան ես թողել, հայրենիքիդ սյունն ամրացնելով` քո տան սյունը կիսաքանդ ես թողել: Տուն, որտեղ մինչ օրս կարոտով սպասում եմ քեզ, որ ասեմ, թե ինչ դժվար է առանց քեզ, թե որքան եմ կարոտում խրատներդ, ժպիտդ, աչքերդ` բարի եւ գուրգուրանքդ` ջերմ:
Քո անունն ու կարոտը հոմանիշներ են դարձել եւ իմ հոգում խորը արմատներ են գցել: Հոգի, որն ուզում է կուչ գալ քո տաքուկ գրկում եւ իրեն պաշտպանված զգա, ինչպես մանուկ հասակում: Ես այսօր հպարտանում եմ իմ զոհված հերոս հորով, բայց սիրելի իմ քաղցր հայր, ես կարոտում եմ քեզ…
Քայլերս նորից ինձ բերում են քեզ մոտ, ո՛վ զինվոր հայոց: Ես մոտենում եմ քեզ ու համբուրում, իսկ դու անտարբեր ես, խոսում եմ քեզ հետ, իսկ դու նորից լուռ ես, կարոտով փարվում եմ քեզ, իսկ քո շիրիմը սառն է ու լուռ, կարոտն ու արցունքները խեղդում են ինձ, իսկ ներսումս հոգիս է այրվում: Դու զինվորական համազգեստով հպարտ կանգնած ես, քո բարի աչքերով հիշեցնում ես, որ ես մենակ չեմ, որ դու ինձ հետ ես, որ դու գնացիր հանուն մի մեծ գործի, որը դեռ նոր էր ծիլեր տալիս: Եվ ես պիտի ասեմ, որ հավատում եմ այսօրվա զինվորին, որ նրանք եւ՛ կարող են, եւ՛ պարտավոր են, եւ՛ պիտի շարունակեն ձեր գործը:
Մեծ գործ, որի հիմնադիրներն ընկան, ընկան կեսճանապարհին` դնելով հիմքը հայոց բանակի:
Գիտեմ, հա՛յր, գործդ անավարտ ես թողել, բայց կարող ես հանգիստ լինել, քանի որ քո գործն արդեն որդիդ է շարունակում: Վստահ եղիր, քանզի ձեր դրած ամուր հիմքերի վրա բարձրանում է մեր ազգի ամրոցը՝ Հայոց բանակը:
Ես հավատում եմ քեզ, քաջարի՛ զինվոր:
Փա՛ռք մեր բանակին: Փա՛ռք մեր ընկած քաջերին եւ կրկնակի փա՛ռք նրանց հիշատակը վառ պահողներին ու նրանց գործը շարունակողներին:
Իսկ ես, համբուրելով քո սառը շիրմաքարը, գիտեմ, որ այսուհետ ինձ չեմ զգա անպաշտպան ու մենակ, քանի որ քո ժառանգները` մեր զինվորները, կլինեն ինձ պաշտպան, քանզի ես հավատում եմ նրանց բազկի ուժին:
ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ
XI դասարանի աշակերտուհի