ԴՈՒԴՈՒԿԸ ԽՈՍՈՒՄ Է ՍՐՏԻԴ ՀԵՏ
Դուդուկահար Արսեն Պետրոսյանը 20 տարեկան է։ Նա գերազանցիկ է և այս տարի կավարտի Երևանի պետական կոնսերվատորիան, հաջողությամբ մասնակցել է Կոմիտասի 140-ամյակին նվիրված միջազգային մրցույթին՝ արժանանալով I կարգի դափնեկրի դիպլոմի, համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Գերմանիայում, Իսպանիայում, Թբիլիսիում, Մոսկվայում… Արսեն Պետրոսյանը նպատակ ունի հնչեցնել հայկական դուդուկը ամբողջ աշխարհում, նվագել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են սիթառահար Աննուշկա Շանկարը, տաբլահար Զաքիր Հուսինը, դաշնակահար Տիգրան Համասյանը…
-Արսեն, երազելը վատ չէ, իր առջև համարձակ նպատակներ դնելը՝ առավել ևս։ Բայց զուգահեռաբար պիտի տեսնել ու հասկանալ սեփական հավակնոտ ծրագրերը պայմանավորող ու երաշխավորող գործոնները։
-Իհարկե, այլապես կնմանվես ապարդյուն երազողի։ Բարձունքներ նվաճելու համար առաջին հերթին պետք է ներքին զորեղ մղում ունենաս, այլապես դժվարությունների հանդիպելիս կընկրկես ու կմնաս կեսճանապարհին։ Ներքին մղումը ծնվում է այն ժամանակ, երբ դու սիրում ես քո գործը։ Ես շատ եմ սիրում իմ գործիքը՝ դուդուկը։ Ինձ համար այն ամենազգայուն ու ամենազգացմունքային գործիքն է, որը կարող է խոսել յուրաքանչյուր մարդու սրտի հետ, որ ազգից էլ որ նա լինի։ Դուդուկի ձայնը նման է մարդկային ձայնին և անմիջապես հուզում է քեզ։ Դուդուկը երաժշտական թերապիայի ամենահզոր «բալասանն» է։ Նա կարող է հրաշքներ գործել, թևեր տալ ծնկածին, լուսավորել սիրտը, վանել տագնապներն ու աներևակայելիորեն հզորացնել մարդուն։ Դա Աստծո ձայնն է՝ ամոքիչ, վեհացնող, բարձրացնող…
-Արդեն հասկացա, որ պաշտամունքի հասնող սեր ունես դուդուկի հանդեպ… Բայց ընդունված է կարծել, որ դուդուկը լալկան գործիք է, իսկ դու ասում ես՝ ամոքիչ, բարձրացնող, հզորացնող…
-Շատ սխալ կարծիք է տարածված դուդուկի մասին։ Դուդուկը զգայուն ու զգացմունքային գործիք է։ Զգացմունքայնությունը պետք չէ շփոթել լալկանության հետ։ Դուդուկը խոհուն գործիք է, մտածող։ Նրա ուրախության մեջ էլ խոհունություն կա, դուդուկը չի ճնշում։
-Արսեն ջան, քո ներշնչանքը ինձ էլ համակեց։ Իրոք, մասնագիտությունդ սիրելը ամենամեծ բարեբախտությունն է մարդու կյանքում։ Երբ աշխատելը տոն է քեզ համար։ Այ, հիմա ես աշխատում եմ՝ հարցազրույց եմ անում, ու սա վայելք է ինձ համար, հաճույք է…
-Միայն այդ դեպքում դու կարող ես բարձունքներ նվաճել։ Երբ Աստծո կողմից տրված շնորհը համընկնում է քո հակումների հետ, դառնում ներշնչանք, ներքին մղում ու ստիպում անվերջ առաջ գնալ, կատարելագործվել, հասնել անհավանական բարձունքների…
-Ասում են՝ տաղանդավոր մարդիկ աշխատասեր չեն լինում։
-Գուցե տաղանդավոր մարդիկ աշխատասեր չեն, բայց երբ հարցը վերաբերում է այն բնագավառին, որտեղ իրենք տաղանդավոր են, ստեղծագործելը աշխատանքից վերածվում է արարման, վայելքի… Դա աշխատանք չէ՝ բառի դասական իմաստով։
-Արսեն ջան, արի խոսենք քո կենսագրությունից։ Ո՞վ ես… որտեղի՞ց…
-Ջավախքի Խավեթ գյուղից եմ։ Այնտեղ են արմատներս։ Իսկ եթե ավելի խորանանք, կհասնենք Էրզրում։
-Ամեն մարդ պիտի իր գյուղը ունենա։ Երեխան պիտի գյուղում մեծանա, շփվի քարի ու թփի, առվի ու ծաղկի, կովի ու ոչխարի հետ։ Ես էությամբ քաղաքաբնակ եմ, սիրում եմ մեծ քաղաքների ռիթմը, աղմուկը, բարձրահարկերը, բայց սիրտս բնության մեջ է՝ մեր գյուղում, իմ հոգին այնտեղից է սնվում։
-Ես մայրաքաղաքում եմ մեծացել։ Խավեթ եմ գնացել միայն ամառային արձակուրդի օրերին, բայց իմ հոգու գույները այնտեղ են ամբողջացել, այնտեղ եմ հասկացել աշխարհի լավն ու վատը, այնտեղ եմ դաստիարակվել։
-Սիրո՞ւն գյուղ է Խավեթը…
-Չքնաղ է։ Կանաչ, փարթամ բնությամբ… Բայց Խավեթի դեմքն ու զարդը գյուղի մարդիկ են՝ շիտակ, մաքրասիրտ, աշխատասեր, հզոր… առաքինի ու բարձր… Ես շատ բան եմ սովորել նրանցից։
-Ենթադրում եմ, որ պարտաճանաչ ու գերազանցիկ երեխա ես եղել դպրոցում, լավ շարադրություններ ես գրել. սիրուն ես պատմում։
-Չգուշակեցիք։ Սովորել եմ միայն այն առարկաները, որոնք ինձ դուր են եկել։ Նույնիսկ երաժշտական դպրոցում էի այդպես անում։ Ես լավ ուսուցիչներ եմ ունեցել՝ Գևորգ Դաբաղյանը, Վարդ Մանուկյանը։ Գիտեք, նրանք ի՞նչ էին ասում ինձ. ասում էին՝ մասնագիտական տեխնիկան կատարելագործելուց առավել կարևոր է, որ գրքեր կարդաս։
-Երաժշտակա՞ն գրքեր…
-Ո՛չ, գեղարվեստական գրքեր… որովհետև քո նվագած նոտայի մեջ պիտի ինտելեկտ լինի, խոհ, ապրում։ Գիտե՞ք ինչից է, որ այսօր շատ երգիչների, երաժիշտների կատարումները չեն հուզում…
-Հա, նկատել եմ… Կարծես թե ամեն ինչ արված է, ամեն ինչ ճիշտ է, նոտաներն իրենց տեղում են, բայց… չի հուզում, մի տեսակ, կեղծիք կա, սառնություն։
-Որովհետև, ասելիք չկա, ինտելեկտ չկա, հույզ չկա, միտք չկա։ Դու կարող ես ճշգրիտ վերարտադրել երաժշտությունը, բայց դա քիչ է, ավելին՝ դա արվեստ չէ, դա ոչինչ է։
-Իսկ կոնսերվատորիայում սովորելու տարիները քեզ ի՞նչ տվեցին մասնագիտական գիտելիքներից բացի։ Ես մասնավորապես հետաքրքրվում եմ հոգևոր-գաղափարական-բարոյական դաստիարակությամբ։ Տրամաբանորեն, կոնսերվատորիան պիտի տարբերվի մյուս բուհերից իր ոգեղենությամբ. այդ բուհն արվեստագետներ է պատրաստում։
-Ցավոք, իմ կարծիքով՝ կոնսերվատորիայի ուսանողները առանձնապես չեն տարբերվում մյուս բուհերի ուսանողներից իրենց ոգեղենությամբ ու արժեքներով, որովհետև գաղափարները չեն կարող ծլարձակել խոպան հողի վրա, որքան էլ դրանք կենսունակ լինեն։ Հայրենասեր, ազգին նվիրված ու առաքինի մարդ դաստիարակելու ընթացքը պիտի սկսել վաղ տարիքից… «Դաստիարակելով» այն միջավայրը, որտեղ երեխան մեծանում է։ Մարդուն դաստիարակելու միակ ձևը նրա միջավայրը «դաստիարակելն» է։ Երբ խոսում են բանակի այս կամ այն թերության մասին և մեղքը բարդում հրամանատարների ու սպայակազմի վրա, ես, իրոք, զարմանում եմ։ Բանակի թերությունների համար մեղավոր են մեր ընտանիքները, մեր հարևանները, մեր ուսուցիչները… Մենք՝ բոլորս։ Ոչ մի գերմարդ կամ մարդկանց խումբ չեն կարող «սրբագրել» հասարակության արատները, ստեղծելով ինչ-որ իդեալական կառույց, որը համալրված է այդ նույն հասարակության անդամներով։
-Ի դեպ, ե՞րբ ես զորակոչվելու։ Անկեղծորեն, ուզո՞ւմ ես բանակ գնալ։
-Գիտեք, բանակի երկու տարին, երկու տարվա ընդմիջումը մասնագիտական վերելքի ճանապարհին ինչ-որ չափով խանգարելու է ինձ, բայց մյուս կողմից, որպես հայ տղամարդ, ես պետք է պաշտպանեմ իմ բաժին սահմանը, պիտի քնեմ զինվորական մահճակալին, զենք բռնեմ… Ի վերջո, պիտի զգամ հակառակորդի «հոտը», նրա զենքի դեմ կանգնելու խիզախություն պիտի զգամ։
-Ապրե՛ս։ Արսե՛ն, եթե չեմ սխալվում, դու նաև նվագում ես ազգագրական երգի համույթում։
-Այո՛, դա հայ ավանդական երաժշտության համույթ է, որի գեղարվեստական ղեկավարն է թառահար Հովիկ Սահակյանը։ Մենք փորձել ենք կյանք տալ հին հայկական գործիքներին՝ տավիղին, սանթուրին, քամանիին… և կատարել բարեբախտաբար պահպանված ու մինչ օրս չհնչած ժողովրդական ստեղծագործություններ։
Դրանք հրաշալի հնչողություն ունեն, մեր ազգային արվեստի նման ինքնատիպ են ու վառ…
-Շատ հետաքրքիր է։ Կսպասենք Ձեր համերգին։ Արսեն ջան, հաջողություն գործերիդ, թող իրականանան բոլոր նպատակներդ։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
մայոր