Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՃԻՇՏ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԻՆ



Անցած տարեվերջին գնդապետ Ս. Գրիգորյանի հրամանատարությամբ գործող զորամասում գլխավոր ռազմական տեսչության անցկացրած ստուգումները ցույց տվեցին, որ մարտական դիվիզիոններն առանձնանում են մարտավարամասնագիտական պատրաստականությամբ եւ հաջողությամբ են իրականացնում հանրապետության օդային տարածքների պահպանությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են հաջողությամբ կատարել հնարավոր ամենաբարդ առաջադրանքները։ Ստուգումների ժամանակ մի քանի կարեւոր ուղղություններով համեմատաբար ավելի բարձր արդյունքներ ցույց տվեցին մայոր Վ. Հակոբյանի դիվիզիոնի ստորաբաժանումներն ու մասնագետ սպաները։ Անցած ուսումնական տարում մարտական առաջադրանքը հաջողությամբ կատարելուն զուգընթաց, կյանքի կկոչվեն դիվիզիոնի համար շատ կարեւոր ու երկար սպասված ձեռնարկումներ։ Շահագործման հանձնվեց նորակառույց զորանոցը: Հիմնովին լուծվեց առանձին ջրամատակարարման հարցը։

ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ այս զորամասում, ինչպես նաեւ դիվիզիոններում, գերակշռում են խորհրդային բանակի հին շենք-շինությունները, որոնք այսօրվա մեր բանակի չափանիշներին բոլորովին չեն համապատասխանում։ Մեկ տարի առաջ, երբ դարձյալ այստեղ էինք, արդեն սկսվել էին նոր զորանոցի կառուցման հողային աշխատանքները, եւ սպաները գոհունակությամբ նշում էին, որ պլանավորման ու կառուցման տեմպերն արագացել են պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ դիվիզիոն այցելելուց հետո, այժմ էլ նշեցին, որ շահագործման արարողությունը՝ տեղի է ունեցել նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ, եւ նա անձամբ է ստուգել կատարված աշխատանքի որակը։ Ավելորդ չէ նշել, որ զինծառայողների կեցության, ուսման, աշխատանքի եւ հանգստի համար ստեղծված են լավագույն պայմանները։ Բոլոր մասնագիտությունների համար նախատեսված դասասենյակները կահավորված են։ Շարային բոլոր բաժանմունքներին հատկացվել են լավ կահավորված առանձին սենյակներ։ Տեսանք հանգստի ու կենցաղի բարեկարգ սենյակները։ Զինվորները գոհ էին զորանոցային պայմաններից։
-Թվում է՝ դիվիզիոնը միանգամից թարմացել, նոր կյանք է առել։ Հին կառույցներից այժմ միայն ճաշարանն է մնում, այն էլ վերակառուցվելու է 2012-ին,- ասաց դիվիզիոնի հրամանատարը։

ՄԱՅՈՐ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Դիվիզիոնի հրամանատարը մայոր Վ. Հակոբյանն է։ Նա ծնվել է Երեւանում, ավարտել է N 104 միջնակարգ դպրոցը, իսկ մեկ տարի անց զորակոչվել է ազգային բանակ։ Ծառայության ժամանակ, ընդունվել է Ռուսաստանի Դաշնության ռազմաուսումնական ակադեմիան։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է ազգային բանակ եւ որպես հաշվարկի պետ ծառայության նշանակվել այս զորամասի դիվիզիոններից մեկում։ 2008-ից դիվիզիոնի հրամանատար է։ Մայոր Վ. Հակոբյանը պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան», «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի, «ՌԴ ռազմաուսումնական հաստատություններում լավագույն զինվորական-գիտական աշխատանքի համար» մեդալներով։ Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ։

ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

-Զորամասի գլխավոր խնդիրը հանրապետության օդային տարածքի անվտանգության ապահովումն է։ Դիվիզիոնը միշտ պատրաստ է կատարելու վերադաս հրամանատարության հրամանները։ Ստորաբաժանումները, բոլոր մարտկոցները ամեն օր կատարելագործում են իրենց թե՛ մարտական, թե՛ մասնագիտական իմացությունները, որպեսզի առաջադրանքները կատարեն ճիշտ եւ ժամանակին, նույնիսկ՝ սահմանված նորմատիվային ժամանակից էլ շուտ։ Սա է մեր դիվիզիոնի նշանաբանը,- ասաց մայոր Վ. Հակոբյանը եւ շարունակեց։ -Դիվիզիոնը զորամասի կազմում, կատարում է մշտական հերթապահություն։ Այսինքն՝ որոշակի ժամանակահատվածում մենք հերթապահության հիմնական կամ ակտիվ կրողներն են, իսկ դրանից հետո՝ քիչ ավելի պասիվ, բայց դարձյալ գտնվում ենք հերթապահության մեջ, ինչը նշանակում է, որ մեր ուժերը մշտապես տեղում են եւ աչալուրջ հետեւում են մեր օդային սահմանների իրադրությանը, մասնակցում տարածքի պահպանությանը։ Անցած ուսումնական տարում մի քանի անգամ մասնակցել ենք զորավարժությունների, ստուգվել են դիվիզիոնի մարտունակությունը, զինծառայողների պատրաստվածությունը, ավիացիայի շրջաթռիչքներով զորավարժության ժամանակ ցույց ենք տվել գերազանց արդյունք։ Գլխավոր ռազմական տեսչության ստուգումների ընթացքում բարձր արդյունքներ ենք ապահովել տեխնիկական, մասնագիտական առարկաներից, հրթիռակրակայինից եւ զորահավաքային պատրաստությունից։ Մեր սպաները բարձր մասնագիտական որակավորում ունեն։ Ինչպես տեսաք, սովորելու եւ կատարելագործվելու համար ստեղծվել են լավագույն պայմաններ, եւ մենք ձգտում ենք նպատակային օգտագործել ուսումնական բազայի հնարավորությունները։ Արդյունքներն էլ արդեն տեսանելի են. դիվիզիոնը ստանձնած պարտականությունների կատարման մրցույթին զորամասի կազմում փետրվար ամսին գրավել է առաջին տեղը։

2011Թ. ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

-Զորամասն անցկացնելու է մարտավարական զորավարժություն։ Դա կլինի այս ուսումնական տարվա առաջին քննությունը։ Բնականաբար, կլինեն նաեւ այլ կարգի, մասնավորապես՝ ավիացիայի հետ համատեղ զորավարժություններ։ Ընթացիկ ուսումնական տարին հարուստ է զորամասերի մարտունակության բարձրացմանը միտված միջոցառումներով։ Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին մասնակցելու ենք հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ՀՕՊ զորքերի համատեղ զորավարժությանը, որը սովորաբար անցկացվում է Ռուսաստանի Դաշնության Աստրախանի մարզի Աշուլուկ զորավարժարանում։ Այս կարեւոր, ներկայացուցչական միջոցառմանը պետք է նախապատրաստվենք եւ մասնակցենք հավուր պատշաճի։

ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԵՏՈՒՄ

Մարտական հերթապահություն կատարող հերթափոխի պետը կապիտան Ս. Աբրահամյանն էր։ Նա պարբերաբար կապի մեջ էր զորամասի հրամանատարական կետի հետ, պատասխանում հարցերին։ Պլանշետավար-գրառող շարքային Հովհաննես Անանիկյանն էլ նշումներ էր անում։ Օպերատոր կրտսեր սերժանտ Արմեն Ալեքսանյանը, պարզաբանելով գործընկերների աշխատանքն, ասաց.
-Տարածքով անցնող ինքնաթիռ ունենք, պետք է հետեւենք եւ պարբերաբար բոլոր տվյալներն արձանագրենք։ Տղաները փորձառու են եւ ամեն ինչ անում են շատ արագ։
Կապիտան Ս. Աբրահամյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղում։ Ավարտելով դպրոցը՝ Սասունն ընդունվել է ՌԴ զորային ՀՕՊ-ի ակադեմիաներից մեկը, որն ավարտել է եւ վերադարձել հայրենիք ու ծառայության նշանակվել այս դիվիզիոնում։ Կապիտան Ս. Աբրահամյանը պարգեւատրվել է «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալով ԶՈՒ ԳՇ պետի կողմից թանկարժեք նվերով։ Նա ամուսնացած է, ունի մեկ աղջիկ եւ մեկ տղա։ Հրաշալի տիրապետելով ՀՕՊ համակարգի ողջ գաղտնիքներին՝ նա տարբեր ժամանակներում հաջողությամբ ղեկավարել է դիվիզիոնի բոլոր մարտկոցները։
-Ոչնչից չեմ դժվարանում, կատարում եմ տրված բոլոր հանձնարարականները։ Չթաքցնեմ, սիրում եմ աշխատել զինվորների հետ եւ սրտանց ուրախանում եմ, երբ տեսնում եմ, որ զինվորն իր գործի լիարժեք գիտակ է եւ վստահորեն կարող է փոխարինել ավագ զինընկերոջը,- ասաց կապիտանը։

ՌԱԴԻՈԼՈԿԱՑԻՈՆ ԿԱՅԱՆ

Այստեղ հերթապահություն էր կատարում օպերատոր կրտսեր սերժանտ Արման Ալեքսանյանը.
-Կայանի պետը գիշերը հերթապահություն է կատարել եւ այժմ հանգստանում է, իսկ կայանի պատասխանատուն այժմ ես եմ։ Իմ պարտականությունն է ընդունել ինֆորմացիան եւ այն փոխանցել հրամանատարական կետ։ Սա շատ պատասխանատու գործ է, եւ չի կարելի սխալվել,- ասաց Արմանը։
Նա դիվիզիոնի եւ ողջ զորամասի լավագույն զինվորներից է, ծնունդով Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղից, սովորում է ագրարային համալսարանի երկրորդ կուրսում։ Ծառայության ընթացքում խրախուսվել է դրամական պարգեւով, շնորհակալագրով, պատվոգրով։ Զորամասի հրամանատարությունը նրա ծնողներին շնորհակալական նամակ էր ուղարկել։
-Կրտսեր սերժանտ Ա. Ալեքսանյանը ներկայացված է կրծքանշանով պարգեւատրման ,- ասաց դիվիզիոնի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Հայկ Սերգոյանը։
-Երկու եղբայր ենք, մյուս եղբայրս սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի չորրորդ կուրսում,- ասաց Արմանը։

ԲԱԺԱՆՄՈՒՆՔՈՒՄ

Մեր այցելության պահին դիվիզիոնի էլեկտրաէներգիան ապահովում էր դիզելիստ-էլեկտրամեխանիկ շարքային Արթուր Բալոյանը։
-Այս գործն ինձ սովորեցրել են ավագ ընկերներս, որոնք արդեն զորացրվել են,- ասաց զինվորը։ Նրա հետ քննարկեցինք, թե դիվիզիոնը N 1 պատրաստականության բերելու հրաման ստանալու պահից որքան ժամանակ է հարկավոր՝ ստորաբաժանումը անհրաժեշտ հզորության էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Զինվորի տված պատասխանների ճշտությունը հաստատեց մայոր Հ. Սերգոյանը։
-Այդ վարժանքները պարբերաբար արվում են, խնդիրներ չկան, բաժանմունքն իր առաջադրանքները հստակ կատարում է,- ասաց նա։

ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՏԿՈՑԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՇՎԱՐԿԸ

Լավագույն հաշվարկի հրամանատարը կրտսեր սերժանտ Ժորա Բաղդասարյանն է, հաշվարկի համարներն են շարքայիններ Մուշեղ Բուդաղյանը, Աշոտ Մարգարյանը եւ Ալբերտ Կարապետյանը։
Ժորան ծնվել է 1989-ին։ Տեղի N 3 միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա 2006թ. ընդունվել է ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը։ 2010թ. ավարտելով ուսումը՝ զորակոչվել է բանակ, պարգեւատրվել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով։ Նրա հայրը՝ փոխգնդապետ Ա. Բաղդասարյանը, նույնպես ՀՕՊ համակարգում է ծառայում։
-Ես մինչ բանակ գալս էլ լավ ծանոթ էի ՀՕՊ տեխնիկային։ Փոքր հասակից հայրիկիս հետ գնում էի դիվիզիոն, որտեղ զինվորները, բավարարելով հետաքրքրությունս, բացատրում էին, թե որ տեխնիկան ինչի համար է, ինչպես են մեկնարկում եւ կառավարվում հրթիռները։ Այժմ ինձ համար ոչ մի գաղտնիք չկա, որովհետեւ, արդեն որպես ինժեներ, գիտեմ, թե ինչ սկզբունքով է աշխատում ամբողջ համակարգը,- ասաց կրտսեր սերժանտը։
Շարքային Աշոտ Մարգարյանը գյումրեցի է, ծնողների հետ երկար ժամանակ ապրել է Չելյաբինսկում։ Վերադառնալով հայրենիք՝ Աշոտը ուսումը շարունակել է Գյումրիի Կրուպսկայայի անվան ռուսական դպրոցում, որն ավարտելուց հետո էլ զորակոչվել է բանակ։ Ծառայության ընթացքում էլ հաշվարկի տղաները նրան հայերեն գրել-կարդալ են սովորեցրել։ Մեր հանդիպումից մեկ օր առաջ նրա մայրը՝ տիկին Գոհար Մարգարյանը, սրտի վիրահատության էր ենթարկվել։ Վիրահատության ողջ ծախսը հոգացել էր պաշտպանության նախարարությունը։
-Մեր ընտանիքն ի վիճակի չէր վճարելու վիրահատության համար։ Ծնողներս դիմեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, եւ բոլոր հարցերը լուծվեցին։ Վիրահատությունը լավ է անցել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարար Սեյրան Օհանյանին մեր ընտանիքին ցուցաբերած աջակցության համար,- ասաց շարքային Աշոտ Մարգարյանը։
♦♦♦
Դասակի հրամանատար կապիտան Մովսես Բաշյանը ծնվել է Երեւանում, սովորել է N 106 միջնակարգ դպրոցում։ 1996թ. նա ընդունվել է Երեւանի թռիչքատեխնիկական ուսումնարան, որն ավարտելուց հետո, որպես նշանառու սպա ծառայության է անցել ՀՕՊ զորքերում։ Մեկ տարի առաջ նշանակվել է մեկնարկային մարտկոցի դասակի հրամանատար։ Բարեխիղճ ծառայության համար կապիտան Մ. Բաշյանը պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության» առաջին աստիճանի մեդալներով։
-Ամեն օր մենք ստուգում ենք մեկնարկային կայանների եւ բոլոր սարքավորումների աշխատանքները։ Պետք է վստահ լինենք, որ հրթիռները պատրաստ են թռիչքի,- ասաց կապիտանը։

ՏԵՍԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ

Լսարաններից մեկում տեսական պարապմունք էր։ Պարապմունքը անցկացնում էր լեյտենանտ Արամ Գեւորգյանը: Զինվորների թվում էր նաեւ ավագ օպերատոր Սամվել Սարգսյանը։ Ագարակցի այս երիտասարդը բանակ է եկել հայկական պետական ճարտարագիտական համալսարանն ավարտելուց հետո, իսկ այժմ մասնակցում է դասընթացների, որից հետո կստանա ավագի կոչում եւ կզբաղեցնի սպայական հաստիք։ Լսարանում էին մանկավարժական ինստիտուտի ուսանող Լեռնիկ Խաչատրյանը, Անդրանիկ Առաքելյանը, երեւանցի ազատամարտիկի որդի շարքային Արշակ Սիմոնյանը, մարտունեցի Կարապետ Բաթոյանը, կապանցի Գարիկ Պետրոսյանը։
-Ես օպերատոր եմ, բայց կարող եմ նաեւ ուրիշ առաջադրանքներ կատարել, որովհետեւ սովորելը հեշտ է։ Հայրս Գրիգոր Սիմոնյանն է։ Նա մասնակցել է Արցախի պաշտպանությանն ու այժմ երկրորդ կարգի հաշմանդամ է,- ասաց Ա. Սիմոնյանը։
Շարքային Գարիկ Պետրոսյանը նոր էր վերադարձել արձակուրդից։
-Արձակուրդս լավ անցավ, ծնողներս չէին սպասում, նրանց անակնկալի բերեցի։ Նաեւ հասցրի սիրահարվել մի գեղեցիկ աղջկա, անունը Մարի է, բայց չստացվեց հետը խոսել։ Հույս ունեմ, որ մինչ վերադարձս չի ամուսնանա,- ասում է Գարիկը, ու ընկերները քաջալերում են նրան, ասելով, որ կես տարում ոչինչ չի փոխվի, եւ նա ծառայությունից հետո անպայման կգտնի Մարիին։

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ՀՈՎՀ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
փոխգնդապետ

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


31/03/2011