ՄՈՏՈՀՐԱՁԳԱՅԻՆ ՋՈԿԻ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒՄԸ
Գնդապետ Հ. Թևոսյանի հրամանատարությամբ գործող մոտոհրաձգային զորամասը 2013թ. ՊԲ-ում երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույնը և ընդմիշտ պահպանելու իրավունքով նվաճեց թանկագին մրցանակը՝ Պատվադրոշը: Մեր թերթի առաջիկա համարներում մանրամասն կանդրադառնանք զորամասի գործունեությանը, կներկայացնենք հաջողության հասնելու նախադրյալները, աչքի ընկած, արժանավոր զինծառայողներին: Իսկ այժմ մի դրվագ մայոր Արտյոմ Աբրահամյանի գումարտակի դաշտային պարապմունքից:
Ուսումնական կենտրոնի բոլոր հատվածներում գործնական պարապմունքներ են: Զինծառայողները, որոնք պաշտպանության բանակի տարբեր զորամասերից են, կրակային ու մարտավարամասնագիտական առարկաներից գործնական պարապմունքներ են անցկացնում: Գարնանային տաք եղանակը նոր թափ ու եռանդ է հաղորդել դաշտային մարզումներին:
Կապիտան Էդգար Ղարիբյանը մայոր Ա. Աբրահամյանի գումարտակի վաշտերից մեկի հրամանատարն է: Նա ռադիոկապի միջոցով զրահատեխնիկայի անձնակազմերին հրամայում է զբաղեցնել նախանշված տեղերը, այնուհետև հետևազորին պարզաբանում է իր մտահղացումները:
-Սա ստուգողական պարապմունք է ջոկերի կազմերով, եւ մենք պետք է ստուգենք, թե ջոկերն ինչպես են յուրացրել անցած թեմաները և ինչպես են պաշտպանվում:
Հետո նա առանձնացրեց ինչպես պաշտպանվող, այնպես էլ հարձակվող ջոկերը:
-Պաշտպանվող ջոկը մարտնչելու է հարձակվող երեք ջոկերի դեմ:
Հրամանատարի որոշումը նորություն չէր անձնակազմերի համար: Զինվորները սովորել են փոքր ուժերով մարտական լուրջ խնդիրներ կատարել, դիմակայել թվակազմով մի քանի անգամ իրենց գերազանցող հակառակորդին: Քիչ անց ստորաբաժանումներն զբաղեցրին իրենց դիրքերը, և պայմանական մարտն սկսվեց: Պաշտպանվողների քողարկումը կատարյալ էր, նրանք «մարտադաշտում» չէին երևում ու հաջողությամբ կասեցնում էին հարձակվողների առաջխաղացումը:
♦♦♦
Ուսումնական կենտրոնի մեկ այլ տեղամասում նույն գումարտակի կապիտան Իգոր Բալասյանի վաշտի ստորաբաժանումներն էին: Նրանց գործնական պարապմունքի թեման էր՝ «Ջոկը ընթացքից հարձակման ժամանակ»: Մինչ առաջին դասակը պատրաստվում էր սկսելու պարապմունքը, մյուսներն ուսումնական կետերում թեմայի մանրամասներն էին վերհիշում: Այնուհետև վաշտի հրամանատարը ջոկերի հրամանատարներ՝ կրտսեր սերժանտներ Ռուդիկ Փափախչյանին, Գրիգոր Խաչատրյանին, Յուրա Ղազարյանին, Վարդգես Հունոյանին և մյուսներին մեկ անգամ ևս պարզաբանեց անելիքները, կատարեց անվտանգության կանոնների հրահանգավորում և մոտեցող գումարտակի հրամանատարին զեկուցեց անձնակազմի գործնական պարապմունքն սկսելուն պատրաստ լինելու մասին: Գումարտակի հրամանատարն էլ իր հերթին հիշեցրեց անվտանգության կանոնները, պատվիրեց հատկապես ուշադիր լինել հետևակի մարտական մեքենայի մեջ նստեցումը ճիշտ կազմակերպելու, դռները փակելու ժամանակ եւ հիշեցրեց զենքերի փողերը միշտ կրակադաշտի ուղղությամբ պահելու մասին: Երբ մարտական մեքենան մոտեցավ և փոքր-ինչ դանդաղեցրեց ընթացքը, կրտսեր սերժանտ Ռ. Փափախչյանը ջոկին հրամայեց վազքով հասնել և մտնել զրահատեխնիկայի խցիկ: Նստեցումը կատարվեց արագ և առանց խնդիրների: Որոշ տարածություն անցնելուց հետո ջոկը դուրս եկավ առաջ շարժվող ՀՄՄ-2-ից, բացազատվեց և սկսեց խոցել իրար հաջորդող թիրախները: Մայոր Ա. Աբրահամյանը և կապիտան Ի. Բալասյանը գոհ էին ջոկի գործողություններից:
-Համալրումից հետո ջոկերն այս թեմայով առաջին գործնական պարապմունքն են անցկացնում: Մեկ-երկու շաբաթից ամեն ինչ ավելի արագ, ավելի սահուն կստացվի, թեև, ինչպես ասացի, այս ցուցանիշն էլ բավական բարձր է,-ասաց կապիտան Ի. Բալասյանը:
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան