Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇԵԼ ԵՎ ՄԵԾԱՐԵԼ



Մարտի 22-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում անցկացվեց հուշ-ցերեկույթ` նվիրված զոհված ազատամարտիկ, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, նույն ֆակուլտետի ուսանող Հապետ Կորյունի Արշակյանին: Պարբերաբար կազմակերպվող միջոցառումներով, լսարանների անվանակոչությամբ մայր բուհն ապացուցել է, որ հիշում եւ մեծարում է Արցախյան ազատամարտում զոհված իր ուսանողներին: ԵՊՀ «Վարդանանք» հայրենասիրական դաստիարակության ակումբի հերթական նախաձեռնությունը ձեւավորված բարի, ուսուցողական ավանդույթների շարունակությունն էր: Միջոցառումը վարում էր ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` ուսանողուհի Ասպրամ Կրպեյանը: Նա հակիրճ ներկայացրեց Հապետ Արշակյանի կենսագրությունը, մարտական ուղին:
Հապետը ծնվել է 1970թ. Էջմիածնի շրջանի Արշալույս գյուղում, միջնակարգը գերազանցությամբ ավարտելուց հետո մեկնել է Նովոսիբիրսկ եւ ընդունվել ռազմական բուհ: Անհանգիստ իրավիճակ էր հայրենիքում, եւ նա որոշում է վերադառնալ: Ուսումը շարունակում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում, ապա դա էլ կիսատ թողնում ու մեկնում է Արցախ: Մասնակցում է ռազմաճակատի տարբեր հատվածներում ընթացող մարտերին, օգտագործում Ռուսաստանի ռազմական ինստիտուտում ստացած գիտելիքները: 1994թ. հունվարին զոհվում է Մատաղիսի շրջանում:
Նա հետմահու պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի, «Մարտական ծառայության համար», «Արիության» մեդալներով, նրան շնորհվել է կապիտանի կոչում, Արցախում նրա անունով գյուղ է անվանակոչվել` Հապետավան: Ինչպես նշեց իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ներկա գտնվող ավագ սերնդի ներկայացուցիչները քաջատեղյակ են Արշակյանի կյանքի մանրամասներին, եւ միջոցառումն առաջին հերթին ուղղված է երիտասարդ ուսանողներին: Նա նշեց, որ ֆակուլտետի լսարաններից երկուսն անվանակոչված են պատերազմին մասնակցած ուսանողների անունով:
Հուզիչ էր Հապետի ընկերոջ` Արայիկ Շիրինյանի խոսքը: Նա պատմեց Նովոսիբիրսկում միասին ուսանելու շրջանի, 80-ականների վերջերին ամեն գնով Հայաստան վերադառնալու, ապա Ռիգա մեկնելու մասին, երբ պարզվեց, որ Հապետը ծածուկ կապեր էր հաստատում տեղում, փորձում ինչ-որ կերպ օգնել ազատամարտիկներին;
-Հապետը սիրած աղջիկ ուներ` Աղավնին, շատ էր սիրում նրան, անընդհատ խոսում, պատմում էր իր գեղեցկուհու մասին, սակայն չէր շտապում ամուսնանալ, միշտ գործերի մեջ էր: Նույնիսկ ամուսնությունը, ապա եւ երեխայի ծնունդը նրան հետ չպահեցին Արցախ մեկնելու մտադրությունից, այնքան մեծ էր նրա հայրենասիրությունը: Երբ իմացանք Հապետի զոհվելու մասին, մեր մյուս ընկերը` Արսեն Սելիմյանը, Քարվաճառում էր, մի քանի օրից վերադարձավ, դիմավորելիս նրան հայտնեցի տխուր լուրը: Երկու ընկեր գրկախառնվել եւ արտասվում էինք, չէինք ուզում հավատալ…
Ելույթ ունեցան Հապետի հայրը` Կորյուն Արշակյանը, հինգ քույրերից մեկը (Հապետը ընտանիքի միակ արու զավակն էր), որոնք ներկայացրին իրենց որդուն եւ եղբորը ընտանեկան միջավայրում, նրա ապրումներն ու վճռականությունը կռիվ մեկնելիս։ Որդու եւ եղբոր կարոտը նրանք առնում են նրա կնոջից եւ աղջկանից, որոնք մինչ այժմ ապրում են Արշակյանների տանը։ Հապետի դուստրն արդեն երրորդ կուրսի ուսանողուհի է: Հապետ Արշակյանի մասին խոսեցին նրա մարտական ընկերները, նրան պարզապես ճանաչողները: Ինչպես նշեց մասնակիցներից մեկը՝ Հապետը հայրենիքին նվիրաբերեց ամենաթանկը` կյանքը, իսկ հայրենիքը հանձին Հապետ Արշակյանի, հիշում եւ մեծարում է նաեւ համալսարանական հերոսներին:

ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆ
կապիտան
Լուսանկարները` ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
կապիտան

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Բանակ և հասարակություն


31/03/2011