Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՆՔՈՒՄ՝ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՐԻ ՎՐԱ



Հատուկ նշանակության զորքերում ծառայություն իրականացնող շարքայինները համապատասխան գիտելիքներ ստանալուց, ինչպես նաեւ հոգեպես պատրաստ լինելուց հետո ռազմական օդանավակայանում պարաշյուտով թռիչք են կատարում:
Ինչպես նշեց զորամասի հրամանատարի տեղակալ գնդապետ Ա. Հովհաննիսյանը, թռիչքները պլանային են եւ իրականացվում են ամիսը մի քանի անգամ: Ոմանք առաջին անգամ են իրենց ուժն ու գիտելիքները կիրառում օդում, ոմանք էլ հերթական թռիչքն են արձանագրում»:
Զինծառայողները զինվորական հոսպիտալում բժշկական ստուգում անցնում են եւ բժշկի թույլտվությունից հետո միայն նախապատրաստվում են թռիչքի: Գլխավորը սրտի աշխատանքն է. զարկերի քանակը պետք է լինի 72-80, արյան ճնշումը, 120:
Հերթական օրն է: Զինվորականները առավոտից օդանավակայանում ստուգում են իրենց ուսապարկերը, լսում մասնագետի խորհուրդները, ապա հնչում է թռիչքի պատասխանատուի ձայնը. նա հրաման է տալիս հագնել պարաշյուտներն ու շարք կանգնել: Զորամասի ծառայության պետ կապիտան Ք. Իլիկչյանը ստուգում է յուրաքանչյուրի հագուկապը. «Ձեռքերը բարձրացնել վեր, թևին ժամացույց, շղթա կա՞, կոշիկների քուղերը կապվա՞ծ են»:
Հրահանգիչներից մեկը կարդում է զինվորականների անուն-ազգանունները, խնդրում ներկայանալ, առաջին անգամ թռչողներին էլ հարցեր է ուղղում` համոզվելու, որ արտակարգ իրավիճակի դեպքում կկարողանան իրենց կառավարել օդում:
«Համապատասխան նախապատրաստական աշխատանքները կատարված են»,-զեկուցում են ԶՈՒ ավիացիայի վարչության ծառայության պետ, պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի նախագահ գնդապետ Ա. Իլիկչյանին: Նա ստուգում է քամու արագությունը, այն չպետք է գերազանցի հինգ մետր վայրկյանը: Համոզվելով, որ եղանակային պայմանները նպաստավոր են, թույլ է տալիս իրականացնել թռիչքը:
Շարքայիններ Վարդանյանն ու Հանոյանը առաջին անգամ պետք է թռչեն: Նրանք կապիտան Կ. Բաբայանի վաշտից են, նա ինքն էլ պատրաստվում է զինվորների հետ թռիչք կատարել: Մենք եւս, պահպանելով անվտանգության կանոնները, հայտնվում ենք ուղղաթիռում: Օդաչուն միացնում է շարժիչը, եւ ուղղաթիռը օդ է բարձրանում: Պարաշյուտիստները լուռ նստած են, նրանք բնականաբար անհանգիստ են, հուզված: Ուղղաթիռը 800 մետր բարձրության վրա է: Ք. Իլիկչյանը շուտով նշան է տալիս` ժամանակն է: Նա բացում է ուղղաթիռի դուռը, շարքայիններ Վարդանյանն ու Հանոյանը մոտենում են դռանը` ձախ ոտքն առաջ, մի փոքր հրում, եւ նրանք կորչում են երկնքի կապույտի մեջ:
«Քամուց աչքերս փակվել էին, սիրտս արագ-արագ տրոփում էր, ազատ անկման վայրկյանները գրեթե չեմ զգացել,-վայրէջքից հետո ասում է Վարդանյանը:
«Զգացողություններս չեմ կարող բառերով նկարագրել` շատ լավ էր, հիացած եմ, կյանքումս ապրածս բոլոր զգացողություններս ոչինչ էին այս մեկի համեմատ»,-ասում է շարքային Հանոյանը:
Ա. Իլիկչյանը Հայաստանում ամենաշատ թռիչքներ ունեցողն է՝ 4883: Պարաշյուտային սպորտով զբաղվում է 16 տարեկանից: Նա ասում է, որ ամենահեշտ թռիչքն առաջինն է, ամենադժվարը` երկրորդը. «Տասը թռիչքը բավարար է, որ սովորես ճիշտ թռչել` առանց սխալների եւ ավելորդ լարվածության»:
Ըստ ավանդույթի` պարաշյուտիստները թռիչքից հետո հրահանգչի կողմից թեթեւ հարված են ստանում, ինչը նշանակում է` «թող քո կյանքում սրանից ուժեղ հարված չլինի»:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ
լեյտենանտ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #11 (876) 23.03.2011 – 30.03.2011, Ազգային բանակ


31/03/2011