Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԹԱՆԿԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ Է»



Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ինչպես շատ հայոց մեծեր, կյանքի մայրամուտին հոգեկան պահանջ է զգացել իր անցած ճանապարհի մասին կիսվելու հարազատ ժողովրդի հետ, գրի առնելու իր հուշերը։ Եվ գրի է առել, բայց ընդամենը… 4 էջ։ Հուշագրությունը, որ վերնագրել էր «Կյանքիս հիմնական պահերը», փաստորեն, մնացել է կիսատ։

Գրել է նաեւ կտակ՝ ուղղված իր զավակներին։ Մեր խոսքը դրա մի հատվածի մասին է, որտեղ ցայտունորեն գծագրվում է ոչ միայն հոգատար, իր շառավիղներին անհունորեն նվիրված հոր, այլեւ մեծ հայի եւ հայրենասերի պայծառ կերպարը։

Ահավասիկ հինգ կետ կտակից.

«1. Ես թողնում եմ մեծ քանակությամբ գիտական գրքեր։ Դրանք կազմում են մի ամբողջ գրադարան։ Այդ իմ գիտական գրադարանը կտակում եմ Բյուրականի աստղադիտարանին։ Խնդրում եմ լավ պահպանել։

2. Ինձ հաջորդող սերունդներին՝ թոռներիս, ծոռներիս եւ այլն՝ տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ գրել հայերեն, անկախ նրանից՝ ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը։ Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում։

Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, եւ այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։

3. Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն։

4. Գիտցե՛ք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է եւ կմնա, քանի ապրում եմ, հայոց լեզվին տիրապետելը։

5. Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ։ Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»։

Կտակը թվագրված է 29 օգոստոսի 1994 թ.։ Ամբողջ կյանքը տիեզերքին, աստղային ֆիզիկային, սովորական մահկանացուներին ոչինչ չասող թվերին ու տեսություններին նվիրած մարդ, իսկ ահա իր զավակներին, թոռներին, ծոռներին ու նրանց հետագա սերունդներին որպես վերջին խոսք խրատ է տալիս չմոռանալ մայրենի լեզուն, որին տիրապետելն ինքը համարում էր իր կյանքի մեծագույն երջանկությունը։ Մեծ խորհուրդ կա նրա տողերում։ Նա խոսում է իր ժողովրդի հավերժության մասին, որի հիմքն ու անփոխարինելի գրավականը հայոց լեզուն է։ Կա հայոց լեզուն՝ կա հայ ժողովուրդը։

Անկասկած է, որ այս իմաստությանը մեծ գիտնականը հասել է վաստակով ծանրաբեռ իր կյանքի հարուստ փորձով։ Կատարելապես տիրապում էր եվրոպական մի քանի լեզուների, ազատորեն ելույթներ ունենում, դասախոսություններ եւ զեկուցումներ կարդում, գիտական ամենախրթին մտքեր ու գաղափարներ արտահայտում դրանցով, բայց ուժը տեսնում էր նախ եւ առաջ իր մայրենի լեզվին տիրապետելու մեջ։ Իսկ լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, լեզուն մտածողություն է։

Կենսագիրը մի ուշագրավ վկայություն է տալիս՝ Վիկտոր Համբարձումյանը մի անգամ խիստ դառնացել էր այն բանից, որ Բյուրականի աստղադիտարանի գիտնականներից մեկը լավ չի տիրապետում մայրենի լեզվին, թույլ է տալիս սխալներ։ «Այսօր ես կարդացի մեր գիտնականներից մեկի դիմումը,- ասում է Համբարձումյանը,-թույլ տվեք անունը չտալ։ Մի համառոտ դիմում է, բայց ես հաշվեցի տասներեք կետադրական, ոճական եւ ուղղագրական սխալ։ Մեր գիտնականներից ոմանք չեն կարողանում իրենց մտքերն արտահայտել թղթի վրա եւ դասախոսություններում»։

Հանրապետության գիտությունների ակադեմիայի նախագահի համար դա լուրջ մտահոգություն էր։ Նա չէր կարողանում տանել իր աշխատակիցների ոչ միայն գիտական, այլեւ լեզվական անգրագիտությունը։

Մայրենի լեզվի նկատմամբ Համբարձումյանի նախանձախնդիր վերաբերմունքը տարբեր դրսեւորումներով արտահայտվել է նրա ողջ աշխատանքային գործունեության մեջ։ Իր անավարտ հուշագրության մեջ նա մի այսպիսի դիտարկում ունի. «1943 թվականի վերջում բացվեց Հայաստանի գիտությունների ակադեմիան։ Օրբելին ընտրվեց պրեզիդենտ, իսկ ես՝ փոխպրեզիդենտ։ Ես հասա Երեւան բացումից մի քանի օր անց։ Բացման մասին իմացա միայն ռադիոյից եւ անմիջապես հասա Երեւան։ Նոր ակադեմիայի ցանցում, բացի հայագիտական հիմնարկներից, իշխում էր ռուսաց լեզուն»։

Դառնալով ակադեմիայի փոխնախագահ, ապա նախագահ, Համբարձումյանը պայքար ծավալեց Հայաստանի գիտնականների եւ գիտական հիմնարկների գործածական լեզուն դարձնելու հայերենը՝ իհարկե խրախուսելով օտար լեզուների իմացությունը։ Հայտնի է այն փաստը, որ նույնիսկ դրսից եկած ասպիրանտների, ուսանողների համար Բյուրականի աստղադիտարանում գործում էր հայոց լեզվի ուսուցման խմբակ։

Կտակի տողերը հենց այնպես չեն գրվել, դրանք ծնվել են բուն կյանքից եւ թելադրված են դրանով։ Մեծ գիտնականը հայոց լեզվին հետամուտ էր նաեւ ընտանիքում։ Ինչպես հայտնի է, նրա կինը՝ Վերա Ֆեոդորովնան, ազգությամբ ռուս էր։ Նրանք ծանոթացել էին Լենինգրադում սովորելու տարիներին, ամուսնացել եւ երկար տարիներ ապրել ու աշխատել Ռուսաստանում, բայց համատեղ կյանքում ամուսինները եւ երեխաները լեզվի խնդիր չունեցան՝ Համբարձումյանների ընտանիքում բոլորը խոսում էին հայերեն։ Արդեն Երեւանում ապրելու տարիներին ինքը՝ Վերա Ֆեոդորովնան, հայերի հետ խոսում էր միայն եւ միայն հայերեն։ Ականատեսների վկայությամբ՝ նույնիսկ այն ժամանակ, երբ որեւէ հայ, հարգելով Վերա Ֆեոդորովնայի ազգությունը, նրա հետ խոսում էր ռուսերեն, տիկին Վերան զրույցը շարունակում էր միայն հայերենով։ Դա Համբարձումյանների ընտանիքի չգրված օրենքն էր։

Պատմում են այսպիսի դեպք. մի հայուհի, ըստ երեւույթին ցանկանալով զարգացած երեւալ, Վիկտոր Համբարձումյանի հետ սկսում է խոսել ռուսերեն։ Համբարձումյանի այն հարցին, թե ինչու է իր հետ ռուսերեն խոսում, տիկինը շփոթված պատասխանում է. «Ես հայերեն լավ չեմ խոսում»։ Համբարձումյանը, որ միշտ էլ աչքի էր ընկնում ընդգծված քաղաքավարությամբ եւ նրբանկատ, կիրթ վերաբերմունքով՝ հատկապես կանանց նկատմամբ, զուսպ հեգնանքով ասում է. «Կներեք, տիկին, բայց Դուք ռուսերեն էլ լավ չեք խոսում»։

Այսպիսին էր աշխարհահռչակ գիտնականը, երբ խոսքը վերաբերում էր մայրենի լեզվին։ Նա այն հաստատ համոզմանն էր, որ իր նախնիների հինավուրց եւ գեղեցիկ լեզուն ի զորու է արտահայտել մաթեմատիկական, ֆիզիկական եւ գիտական այլ հասկացություններ, ավելին՝ լինել ավելի ստույգ եւ ճշգրիտ։ Ահա թե ինչու էր մերժում օտարալեզու խրթնաբանությունները եւ պահանջում իր աշխատակիցներից խոսել ու գրել գիտական հարուստ հայերենով՝ խուսափելով ավելորդ լեզվական մաքրամոլությունից։

Ինչպե՞ս կարող էր այլ կերպ մտածել մի մարդ, ով իր կյանքի ամենամեծ երջանկությունը, ինչպես նշել է կտակում, համարել է հայոց լեզվին տիրապետելը, ով գաղափարների մեջ իր համար ամենաթանկը համարել է մայրենի լեզուն։ Այլ խոսքով՝ ով իրեն երջանիկ է համարել հայ ծնվելու համար։ Դա ազգային սնապարծություն չէր, որի թշնամին մնաց մինչեւ իր հիանալի կյանքի վերջը, այլ՝ ազգային հպարտություն, որի պահանջը դնում էր բոլորի առջեւ։

Մայրենի լեզվի մասին Վիկտոր Համբարձումյանի կտակը՝ ուղղված իր զավակներին, նրանց շառավիղներին, կտակ է բոլոր ժամանակների հայ սերունդներին, եւ նրանք պարտավոր են սրբորեն կատարել մեծ հայրենասերի եւ մեծ հայի պատվիրանները։

Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

2005, թիվ 38

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Հոգևոր-մշակութային


27/03/2014