ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԴԻՈՍԻՐՈՂՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է ԱՇԽԱՐՀՈՒՄ
Ռադիոսպորտը կարևորագույն ճյուղ է թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական առումով։ Կապը և՛ բանակում, և՛ ժողովրդական տնտեսության մեջ համարվել է ղեկավարման կարևորագույն միջոցներից մեկը։
Դեռ խորհրդային տարիներին մեր հանրապետության ԴՕՍԱԱՖ-ը ԽՍՀՄ բանակի համար պատրաստում էր բարձրակարգ կապավորներ։
Այդ տարիներին Հայաստանի ռադիոմարզիկներն ունեցել են մեծ նվաճումներ։
Էջմիածնի 33-ամյա մանկապատանեկան ռադիոդպրոցն արդեն 13 տարի հայոց բանակի համար պատրաստում է բարձր որակավորմամբ կապի մասնագետներ։ 2013թ. սեպտեմբերի 14-ին դպրոցի կապի և ռադիոկոնստրուկտորական խմբերի կուրսանտները մասնակցեցին կապի զորքերի օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվեց Երևանի կապի գնդում։ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչության պետ, գեներալ-մայոր Կոմիտաս Մուրադյանը և ներկա բարձրաստիճան զինվորականները բարձր գնահատեցին դպրոցի սաների գործունեությունը։ ՊՄՏՀԿ-ի կուրսանտներն իրենց ծառայություններն են կատարում բանակի բոլոր ստորաբաժանումներում։ Այս մասնագիտությունը աշխարհում ճանաչում գտած ռազմակիրառական կարևոր սպորտաձև է։ Զորացրվելուց հետո կապավորներից շատերն ընդգրկվում են ՀՀ Ռադիոսիրողների ֆեդերացիայի մեջ և շարունակում իրենց սիրելի գործը։
Հայաստանի Ռադիոսպորտի հավաքականը ռադիոգրեր է ընդունում ու հաղորդում մեծ արագությամբ, տարբեր ռադիոկայանների հետ արագ կապ հաստատում, «աղվեսաորս» – հաղորդիչների հայտնաբերում է իրականացնում (մարզաձևի հավաքականի մարզիչ, սպորտի վարպետ, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հովհաննես Խաչատրյան), ռադիոբազմամարտ (հրաձգություն, նռնակի նետում, լող, ռադիոգրերի հաղորդում ու փոխանակում, քարտեզով կողմնորոշում, 10 կմ վազք, իսկ ձմեռային մրցաշարերում՝ քարտեզով կողմնորոշում տեղանքում դահուկներով) մարզաձևերում գրանցել է բարձր արդյունքներ և միջազգային ասպարեզներում մրցանակային բարձր տեղեր է զբաղեցրել։
Հայաստանի ՊՄՏՀԿ-ի ռազմահայրենասիրական աշխատանքների և ռազմակիրառական մարզաձևերի բաժնի պետ, պահեստազորի գնդապետ, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ Ռադիոսիրողների հավաքականի ավագ մարզիչ Սամվել Վլադիմիրի Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց.
-1988թ. երկրաշարժի ժամանակ հայ ռադիոսիրողները ահռելի աշխատանք կատարեցին՝ ապահովելով կապը տուժած շրջանների հետ։ Մեծ են ռադիոսիրողների ծառայությունները Արցախյան պատերազմում: Լավագույն կապավորներից կարելի է նշել Սերգեյ Գրիգորյանին (զոհվել է Արցախյան ազատամարտի ժամանակ), Կարեն Կարապետյանին, Կարեն Ղարիբյանին, Վանաձորի ՊՄՏՀԿ-ի նախագահ Խաչիկ Բալայանին։ Այսօր Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ռադիոսպորտի զարգացմանը։ Արդեն 3-4 տարի անընդմեջ ԴՕՍԱԱՖ-ը և Ռադիոսպորտի ֆեդերացիան համատեղ ուժերով մասնակցում են աշխարհում անցկացվող ռադիոկապի բազմաթիվ մրցաշարերի և զբաղեցնում մրցանակային տեղեր։ Երեք տարի անընդմեջ առանձին կապի տեսակներում գրավել ենք առաջին տեղը։ Մեր հավաքականը բաղկացած է համաշխարհային ճանաչում ունեցող ռադիոսիրողներից։ Մեր թիմում ընդգրկված են ինչպես սպորտի վարպետներ, այնպես էլ վարպետության թեկնածուներ։ Նրանց ազդականչերը անհատական են: 2013թ. Հայաստանի ՊՄՏՀԿ-ի և Ռադիոսպորտի ֆեդերացիայի կապավորները համատեղ մասնակցել են աշխարհի չորս մրցաշարերի, որտեղ ևս զբաղեցրել են 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը։
2013թ. հունիսին տարածաշրջանում (Կովկաս, Եվրոպական մաս, Ռուսաստան, Ասիայի մի մասը) տեղի ունեցած Միջազգային Ռադիոսիրողների ակումբի մրցումներում (ռադիոկապի հաստատում Մորզեի այբուբենով հաղորդման բանալու միջոցով) հայ մարզիկները գրավեցին 1-ին տեղը։
Նույն թվի սեպտեմբերի 7-8-ը Օրգով գյուղի մոտակայքում (Արագած լեռան լանջին) անցկացվեցին եթերային կապով ռադիոսպորտի աշխարհի մրցումներ։
-Ցուրտ էր, տեղատարափ անձրև էր գալիս, եթերում բազմաթիվ խանգարումներ կային, որոնք խիստ խոչընդոտում էին աշխարհի որևէ ռադիոկայանի հետ կապ հաստատելուն,- պատմում է Սամվել Խաչատրյանը:- Ծանր եղանակային պայմաններում ընթացող մրցումների ժամանակ ուժեղ քամին տապալեց ալեհավաքները։ Ռադիոմարզիկները ստիպված եղան մեծ ջանքերով ու ճիգերով վերականգնել 10 մետր բարձրության և 80 մետր երկարության ալեհավաքները։ 24 ժամվա ընթացքում հայ ռադիոսիրողների հավաքականի անդամները միմյանց փոխարինելով, ուժերի գերլարումով կարողացան ամենամեծ թվով կապ հաստատել ամբողջ աշխարհի ռադիոկապավորների հետ և գրավել առաջին տեղը: Հաղթանակը կերտեցին Արամ Մանվելյանը, Լևոն Հարությունյանը, Հայկ Սարոյանը, Յուրի Իվանովը, Սամվել Խաչատրյանը, Ռաֆայել Վարդանյանը, Արտեմ Կյոսոյանը, Արմեն Մելոյանը, Արտեմ Խաչատրյանը,Հովհաննես Հովհաննիսյանը, Արման Բաբլոյանը, Արման Հակոբջանյանը, Հենրիխ Առաքելյանը։
Սամվել Խաչատրյանի հավաստմամբ՝ ՀՀ ռադիոսիրողների հավաքականի կյանքից հեռացած երախտավորների հիշատակը վառ պահելու համար Հայաստանի ՊՄՏՀԿ-ի Կենտրոնական մասնաշենքում գործող ռադիոկայանում կստեղծվի Հատուկ անկյուն։
2013թ. նոյեմբերի 12-ին «Սպորտային նորություններ»-ում հրապարակվեց Միջազգային Ռադիոսիրողների միության, Գերմանիայի ռադիոսիրողների և Ռուսաստանյան մրցաշարերի ակումբների համատեղ արդյունքը, համաձայն որի՝ հայազգի ռադիոմարզիկները տարածաշրջանում դաշտային պայմաններում «Եթերային կապով» կարգում աշխարհում գրավեցին առաջին տեղը։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում զորակցության համար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոսին), Ռալֆ Յիրիկյանին եւ ՀՀ Ռադիոսպորտի ֆեդերացիայի նախագահ Արման Բաբլոյանին:
ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Բանակ և հասարակություն