Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԱՐԶԻԿԸ ԿԿՈՓՎԻ ՆԱԵՎ ԲԱՆԱԿՈՒՄ»



Զինվորների ֆիզիկական կոփվածության խնդիրը տանկային զորամասի ֆիզպատրաստության սպա մայոր Դավիթ Հովսեփյանը համարում է զինվորին ներկայացվող կարևոր պահանջներից մեկը: Եվ պատահական չէ, որ գնդապետ Ժիրայր Պողոսյանի հրամանատարությամբ գործող զորամասում բարձր է ֆիզիկական պատրաստության մակարդակը:

Մայոր Դ.Հովսեփյանը հպարտությամբ արձանագրում է, որ համաբանակային 16-րդ սպարտակիադայի այս փուլին զորամասից 22 զինվորականներ են մասնակցում, ինչը վկայում է զորամասում ֆիզիկական պատրաստությանը տրվող կարևորության մասին: Մասնակիցներն ընդգրկված են կրոսավազք, կշռաքարերի բարձրացում, ռազմամարզական եռամարտ և մի քանի այլ մարզաձևերում:

-Մենք զինվորի ֆիզիկական պատրաստության աստիճանը բարձրացնելու համար ստեղծել ենք բոլոր պայմանները: Զորամասը տարին երկու-երեք անգամ նոր մարզագույք է ստանում, սակայն պայմաններից ու մարզագույքից ոչ պակաս կարևոր է ամենօրյա աշխատանքը, որ մենք կատարում ենք ինչպես ողջ անձնակազմի, այնպես էլ յուրաքանչյուր զինվորի հետ: Մեզ մոտ գալիս են ուսումնական զորամասում վեց ամիս ծառայած զինվորները, որոնք արդեն հասցրել են որոշակի կոփվածք ձեռք բերել: Պատշաճ ֆիզիկական պատրաստվածություն պետք է ունենա յուրաքանչյուր զինվոր, իսկ տանկիստը` հատկապես: Ֆիզպարապմունքների առանձին ծրագիր ունեն մարզիկները, որոնք զորամասում բավական մեծ թիվ են կազմում: Նրանք պարապում են առանձին ծրագրով և արտահերթ: Զորամասում ստեղծված են բոլոր պայմանները նրանց լիարժեք մարզման համար: Մենք պարտավոր ենք օգնել մարզիկներին պահպանելու իրենց մարզավիճակը, նույնիսկ ավելին` օգնել ավելի կատարելագործվելու:

Դավիթ Հովսեփյանը վստահեցրեց, որ զորամասում գործող սպորտային ակտիվը հետևում է մարզումների ժամանակ անվտանգության կանոնների պահպանմանը. «Նպատակային է, որ մարզումների ժամանակ պահպանվեն անվտանգության կանոնները, որպեսզի մարզվելիս զինվորները չգերագնահատեն իրենց ուժերը»:

Ֆիզիկապես ուժեղ, դիմացկուն զինվոր կրթելու և դաստիարակելու համար այս զորամասում շաբաթական երկու անգամ անցկացվում են մարզական միջոցառումներ, որոնց անձնակազմը մասնակցում է մեծ ոգևորությամբ: Զորամասն ունի վոլեյբոլի երեք, երկու ֆուտբոլի և երկու բասկետբոլի դաշտ: Բացի ծրագրով նախատեսված միջոցառումներից, զինվորները սիրում են մասնակցել սպորտային խաղերին, մասնավորապես` վոլեյբոլի և ֆուտբոլի:

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #11 (1029) 27.03.2014 – 2.04.2014, Ազգային բանակ


27/03/2014