Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՍԵԼՆ ԱՅԼԵՎՍ ԱՆԻՄԱՍՏ Է



Անցյալ շաբաթ վերլուծաբանների ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում էր մարտի 24-ին հրապարակված` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների զեկույցը, որը նրանք պատրաստել են 2010թ. հոկտեմբերի 7-12-ը ԼՂՀ ազատագրված շրջաններում կատարած «դաշտային գնահատման առաքելության» ընթացքում: Համանախագահներն անցել են ավելի քան 1000կմ ճանապարհ, տեսել պատերազմի հետևանքով ավերված գյուղեր ու քաղաքներ, հանդիպել դրանց ներկայիս բնակիչների հետ, որոնց ընդհանուր թիվը, նրանց գնահատմամբ, կազմում է շուրջ 14 հազար մարդ, որոնք ապրում են հիմնականում Քաշաթաղի (Լաչինի) և Քարվաճառի գյուղերում ու քաղաքներում:
Համանախագահների գնահատմամբ, նշված «տարածքներում բնակչության նշանակալի աճ տեղի չի ունեցել 2005թ. ի վեր: Բնակիչները մեծ մասամբ հայեր են, ովքեր այնտեղ են տեղափոխվել Ադրբեջանից: Նրանք ապրում են ծանր` չզարգացած ենթակառուցվածքների պայմաններում, ցածր տնտեսական ակտիվություն են ցուցաբերում եւ հանրային ծառայություններից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեն: Շատերը չունեն անձը հաստատող փաստաթղթեր»:
Իհարկե, այս գնահատականը չի արտացոլում վերջին տարիներին ազատագրված տարածքների վերաբնակեցման գործում արձանագրված դրական տեղաշարժը, ինչն առանձին խոսակցության նյութ է: Ավելի կարևոր է հետևյալը. համանախագահների զեկույցից ակնհայտ է, որ նրանց հետաքրքրում է ազատագրված շրջաններում ա) բնակչության թիվը, բ) այդ թվի փոփոխությունը, գ) բնակչության կազմը, դ) սոցիալ-տնտեսական պայմաններն ու կենսամակարդակը, ե) զբաղվածությունը: Այլ կերպ ասած` ի՞նչ չափով են հայկական պետությունները «յուրացրել» ազատագրված տարածքները:
Ինչո՞ւ է համանախագահներին հետաքրքրում սա: Այս հարցի պատասխանը կարելի է գտնել համանախագահների եզրակացություններում (որոնք ձևակերպվել են որպես «համոզմունք»): Ահա դրանք. ա) «ստատուս քվոն անընդունելի է», բ) «միայն խաղաղ բանակցությունների հիման վրա կարգավորումը կարող է ավելի լավ եւ որոշակի ապագայի հեռանկար ապահովել այն մարդկանց համար, որոնք ապրել են այդ տարածքներում, եւ նրանց համար, ովքեր ապրում են այնտեղ այժմ», գ) «Համանախագահները բոլոր կողմերի առաջնորդներին կոչ են անում խուսափել ցանկացած ակտիվությունից այդ տարածքներում եւ մյուս վիճահարույց հատվածներում, ինչը կարող է պատճառ դառնալ այդ տարածքների բնույթի վերջնական փոփոխության կամ լուծման»:
Ուշագրավ է վերջին եզրակացության ձևակերպումը` «այդ տարածքներում խուսափել ցանկացած ակտիվությունից»: Ակնհայտորեն` ազատագրված տարածքներում բնակություն հաստատած մարդկանց համար կենսագործունեության նորմալ պայմաններ ստեղծելուն ուղղված ջանքերը նույնպես «ակտիվություն» են: Նշանակում է` համանախագահները կոչ են անում հայկական կողմին չյուրացնել այդ տարածքները և սպասել: Մյուս կողմից, այդ պահանջը հակասում է երկրորդ եզրակացության մեջ իրենց իսկ նշված նպատակին` «ավելի լավ և որոշակի ապագայի հեռանկար ապահովել այն մարդկանց համար, որոնք ապրում են այդ տարածքներում»:
Հակասությունը կարող է բացատրվել հետևյալ կերպ. համանախագահները միգուցե մտավախություն ունեն, որ ազատագրված տարածքների յուրացումը կարող է Ադրբեջանին մղել հարցը ռազմական ճանապարհով լուծելու, և փորձում են կանխել իրադարձությունների զարգացումն այդ ուղղությամբ:
Ակնհայտ է, սակայն, որ Ադրբեջանի իշխանության որդեգրած հայատյաց քաղաքականության պայմաններում ազատագրված տարածքների դեռևս չբնակեցված հատվածների յուրացումը հետաձգելն այլևս իմաստ չունի: Միգուցե կարելի էր էլի սպասել, եթե Ադրբեջանը փորձեր արցախահայության դեմ գործած իր մեղքը քավել և նրան անվտանգության ու իրավահավասարության երաշխիքներ տալ: Բայց դրա փոխարեն Ադրբեջանի իշխանությունը նախագահի գլխավորությամբ ատելություն է սերմանում հայ ժողովրդի նկատմամբ` իր իսկ սանձազերծած պատերազմի պատասխանատվությունը փորձելով բարդել արցախահայության վրա: Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունն վաղուց արդեն «այրում է կամուրջները»` անհնարին դարձնելով հայերի և ադրբեջանցիների համատեղ գոյակցությունը Ադրբեջանի կազմում:
Հայաստանը պատրաստ է իրադարձությունների այսօրինակ զարգացմանը: Դեռևս նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր նախանշել այն քայլերը, որոնց կձեռնարկի Հայաստանը, եթե Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունն ու անզիջում դիրքորոշումը Արցախի հարցում չփոխվեն: Այդ քայլերն են` ա) հայ-ադրբեջանական սահմանի պաշտպանությունը որակապես նոր մակարդակի հասցնելը, բ) Հայաստանի և ԼՂՀ հարաբերությունները որակապես զարգացնելը, գ) ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը սկսելը:
Այսօր այս քայլերը կատարվում են: Հայաստանի և ԼՂՀ հարաբերությունների` որակապես ավելի բարձր մակարդակն է վկայում երկկողմանի շփումների կտրուկ ակտիվացումը: Միայն անցյալ շաբաթվա ընթացքում ԼՂՀ այցելեցին և նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երևանի պետական համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր Արամ Սիմոնյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի մի մեծ խումբ ուսանողներ, որոնք հանդիպեցին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ, և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը:
ՀՀ և ԼՂՀ կապերն աստիճանաբար ստանում են միջպետական հարաբերությունների բնույթ, ինչը ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված կարևոր քայլ է, որին միտված է նաև Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: Պատահական չէ, որ Ադրբեջանը բուռն արձագանքեց դրան. այնտեղ հասկանում են, որ այս ամենին հաջորդելու է ԼՂՀ միջազգային ճանաչումը: Իսկ ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի ու ԼՂՀ համատեղ այս ռազմավարությանը հակազդելու այլևս ոչինչ չունի` պատերազմի դատարկ սպառնալիքներից բացի:

Ա.ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ

Խորագիր՝ Նորություններ, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


04/04/2011