Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՔԵՍԱԲԸ ՄԵՐԿԱՑՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԵՄՔԸ



Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիան կրկին ցուցադրեց իր իրական` հայատյաց դեմքը, այս անգամ` Սիրիայում: Օգտվելով Ուկրաինայի շուրջ ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակից՝ Անկարան փորձեց պարտադրել սիրիական ճգնաժամի իր սեփական լուծումը, ինչպես նաև լրջագույն հարված հասցնել սիրիահայությանը:

Քեսաբը գտնվում է Սիրիայի հյուսիսում` Միջերկրական ծովից ընդամենը 8 կիլոմետր և Թուրքիայի Հաթթայ նահանգի Յայլադաղա քաղաքից ընդամենը 3 կիլոմետր հեռավորության վրա: Շրջանը պատմական Կիլիկիայի մի մասն է։ Շրջանում բնակվում էր շուրջ 5500 մարդ, որի 80 տոկոսը հայ է: Քաղաքային խորհրդի 10 անդամներից 8-ը հայ է, 2` ալևի: Առաջին ծանր պատուհասը Քեսաբի շրջանի համար դեռևս 1909 թվականին էր, երբ ապրիլին թուրքական զինված ջոկատները ներխուժեցին Քեսաբ։ Հայերն ապաստանեցին Գարատուրանի լեռներում և ծովեզերքին։ Քեսաբը հրկիզելուց ու թալանելուց հետո թուրքերն ուղղվեցին դեպի Գարատուրան, այրեցին ու կողոպտեցին վերին թաղի տները։ Հայերը ֆրանսիական փոխադրանավով տեղափոխվեցին Լաթաքիա։ Գաղթականները մոտ մեկ տարի Լաթաքիայում մնալուց հետո վերադարձան Քեսաբ և վերակառուցեցին իրենց տները։

1915 թվականին գաղթից և աքսորներից Քեսաբի բնակչությունը ևս անմասն չմնաց։ Քեսաբցիներն աքսորվեցին երկու ուղղությամբ՝ դեպի Դեր Զոր և դեպի հարավ՝ մինչև Հորդանան։ Հազարավոր քեսաբահայեր զոհվեցին գաղթի ճանապարհին:

Սիրիայում ծավալվող քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքում քեսաբահայությունը պատրաստ է եղել ինքնապաշտպանության, սակայն ոչ թուրքական սահմանից ներխուժման, ընդ որում` ծրագրավորված, կործանիչ ու ծանր: Մարտի 21-ին թուրք սահմանապահները ծայրահեղական խմբավորումների առաջ բացում են փշալարերը, և քաղաքը ենթարկվում է ավերի և ավարառության, թալանվում են հայկական եկեղեցիները: Քեսաբի շուրջ 2000 բնակիչներ դիմում են փախուստի Լիբանան և Սիրիայի հարևան շրջաններ: Սիրիական կառավարական զորքերն ստիպված են լինում ռմբակոծել տարածքը` իսլամիստական գրոհայիններին դուրս մղելու համար: Մինչ օրս անհայտ են տասնյակ հայ ընտանիքների ճակատագրերը: Միջազգային հանրությանը ահազանգում է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը, սակայն գերտերությունների ուշադրությունը կենտրոնացած էր Ուկրաինայի և Ղրիմի դեպքերի վրա: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը խստորեն քննադատում է սիրիահայերով բնակեցված նահանգի փաստացի հայաթափումը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հաագայում իր խոր մտահոգությունն է հայտնում տագնապալի իրադարձությունների կապակցությամբ՝ շեշտելով, որ սա Քեսաբի հայերի թվով երրորդ տեղահանությունն է: Սիրիա-թուրքական սահմանին տեղի ունեցած այս դեպքի կապակցությամբ անկախ հետաքննություն անցկացնելու պահանջով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ին:

Պաշտոնական Անկարան փորձում է դեպքերի ընթացքն ուղղորդել իր համար շահավետ հուն և մեղքը բարդել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա: Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ հերքվում են այն բոլոր լուրերը, համաձայն որոնց՝ Թուրքիան աջակցություն է ցույց տալիս Սիրիայի հակակառավարական ուժերին և նրանց թույլ է տալիս իր տարածքից ազատորեն ներխուժել սիրիական սահմանամերձ բնակավայրեր: Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչությունը «անընդունելի և դատապարտելի» է համարում Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն անցյալի ողբերգական դեպքերի հետ համեմատելու փորձերը` դա գնահատելով «որպես կոնֆլիկտ հետապնդող քաղաքական քարոզչության ջանք»: Իսկ Քեսաբի հայության վերաբերյալ մասնավորապես՝ ասվում է, թե Թուրքիան, «ելնելով մարդասիրությունից և խղճի պատասխանատվությունից», պատրաստ է ապաստան տալու Քեսաբի հայերին: Ըստ ամենայնի` ակնհայտ է, որ Քեսաբի վրա ծայրահեղականների հարձակումը ծրագրված կամ համաձայնեցված է եղել Անկարայի հետ։

Թուրքական վերնախավը շուրջ մեկ տարի առիթ էր փնտրում Սիրիայի դեմ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու: Ու թեև ՆԱՏՕ-ի ղեկավարությունը և Միացյալ Նահանգները զերծ են մնում Սիրիական ճգնաժամը ռազմական ճանապարհով հանգուցալուծելու փորձից, Անկարան փորձում է սիրիական սահմանին ստեղծել այնպիսի անկայուն իրավիճակ, որ Վաշինգտոնից և Բրյուսելից «կանաչ լույս» ստանա: Թուրքիայի ներխուժումը Սիրիա մի քանի պատճառ ունի:

Անկարան դեռ ներշնչված է Օսմանյան կայսրության վերականգնման գաղափարով և ձգտում է տարածքային նոր ձեռքբերումներ ունենալ: Բացի այդ, Քեսաբը թուրք-սիրիական սահմանագծի վերջին հենակետն է, որը դեռ վերահսկվում է սիրիական կառավարական զորքերի կողմից և ռազմավարական առումով կարևոր դիրք է գրավում դեպի Միջերկրական ծով ընկած ճանապարհին:

Քրդական գործոնը Անկարայի համար նման քայլի դիմելու կարևոր խթաններից է: Թուրքական ռազմական վերնախավը լրջորեն անհանգստացած է, որ սիրիաբնակ քրդերը չեզոքություն են պահպանում Բաշար Ասադի դեմ «միջազգային պայքարում» և նույնիսկ որոշակի ինքնավարություն են ստացել Սիրիայի գործող կառավարության կողմից, ինչը կարող է լուրջ հենակետ դառնալ թուրքաբնակ քրդերի ազատագրական շարժման համար: Ասադի կողմնակիցների դեմ Սիրիայի քրդաբնակ շրջանների բնակչությանը ոտքի հանելու անհաջող սադրանքներից հետո Անկարայի համար մնում է քրդերի դեմ պայքարի նոր հենակետ ստեղծել հայաբնակ տարածքների հաշվին՝ միաժամանակ լուծում տալով իր համար մեկ այլ կարևոր խնդրի` Սիրիայի հայաթափությանը:

Անկարայի մատը խառն է նաև իսլամիստների կողմից Դեր Զորի եկեղեցիները թալանելու և ավերելու հանցանքում՝ որպես Հայոց ցեղասպանության անմիջական վկայությունների վերացման խոսուն փաստ: Հայաստանի պաշտոնատար անձանց արված հայտարարություններից հետո Անկարան փորձում է «վարկաբեկել» Երևանը` մեղադրելով տարածաշրջանում անկայունություն սերմանելու համար: Կանխատեսելի է, որ Եվրամիություն ձգտող Թուրքիան փորձում է պահպանել իր իսկ «ժողովրդավարության և հանդուրժողականության» մասին ստեղծած առասպելը։

Պատահական չէ, որ թուրքական վերնախավի մասնակցությամբ կազմակերպված այս հարձակումը տեղի ունեցավ Ղրիմի շուրջ ստեղծված միջազգային լարվածության պայմաններում՝ այդ կերպ մարտահրավեր նետելով և դրդելով Մոսկվային դիմելու ոչ համարժեք քայլերի: Հասկանալի է, որ արևմտյան ներխուժումը Սիրիա կասեցվեց Կրեմլի շնորհիվ, սակայն Ռուսաստանի դեմ ներկա սպառնալիքների համատեքստում Թուրքիան փորձում է իր օգուտը քաղել: Անկարայում լավ հասկանում են, որ ՄԱԿ-ում Ուկրաինայի մասին բանաձևերի քվեարկումներից հետո միջազգային հանրության ուշադրությունն այլ դաշտ է սևեռված, իսկ Քեսաբի կապակցությամբ Հայաստանի և Ռուսաստանի բոլոր հայտարարությունները չեն ունենա առաջվա հնչեղությունը:

Ամենևին չի բացառվում, որ Անկարային բացահայտ հակառուսական սադրանքերի դրդում են Արևմուտքից, ինչի հետևանքով մեծանում է ռուս-թուրքական առճակատման հավանականությունը: Ցավալի է , որ այս օրերին համացանցում տարածում են գտել Քեսաբում հայերի, իբրև թե, դաժան սպանություններ պատկերող տեսանյութեր։ Ակնհայտ է նաև, որ այդ կեղծիքի հեղինակները փորձում են օգտվել պայթյունավտանգ իրավիճակից։

Ինչևէ, Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին և օրեցօր դիմում է ջղաձիգ քայլերի, որոնք ավելի ու ավելի են նսեմացնում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վարկանիշը: Քեսաբի վրա հարձակումը տեղի ունեցավ Թուրքիայում մարտի 30-ին կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ: Արդյունքում՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, իրոք, չստացավ համաքաղաքացիների համակրանքը: Իսկ առջևում խորհրդարանական ընտրություններն են: Տրամաբանական է, որ թուրքական իշխող վերնախավից կարելի է այլ արկածախնդիր քայլեր ևս սպասել:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
լեյտենանտ

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


03/04/2014