Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՐՔԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԱԿՏԻՎ ՀԱՆԳԻՍՏ



Մարտական խնդրի անթերի կատարմանը, անշուշտ, նպաստում են մի շարք գործոններ, որոնցում կարևոր տեղ է զբաղեցնում զինծառայողի ֆիզիկական պատրաստությունը: Այդ է պատճառը, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախանշած բարեփոխումների ուղեգիծը ՀՀ ԶՈՒ-ում նախևառաջ առնչվում է զինծառայողների առջև դրված ամենադժվարին մարտական խնդիրների՝ սահմանված ժամկետում անթերի կատարմանը, որն էլ իր հերթին սերտորեն կապված է նրանց ֆիզիկական պատրաստության հետ: Ինչ խոսք, առանց ֆիզիկական պատրաստության բարձր մակարդակի ապահովման ռազմական գործի որևէ հաջողության մասին խոսելն ավելորդ է:

ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության պլանի համաձայն՝ օրերս հարավարևելյան զորամիավորումում տեղի ունեցավ մարզամշակութային միջոցառումների շարք, որոնց ցուցադրական պարապմունքը կայացավ գնդապետ Սերոբյանի հրամանատարությամբ գործող զորամասի տարածքում: Պարապմունքին մասնակցում էին ենթակա բոլոր զորամասերի հրամանատարներն ու հրամանատարների տեղակալները: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանի ողջույնից հետո ներկաներն ուշադրությամբ ունկնդրեցին զորամիավորման հրամանատարի կողմից ներկայացվող կիրակի օրերին զինծառայողների ակտիվ հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ ԶՈՒ զորամասերում մարզամշակութային միջոցառումների համալիր ծրագիր մշակելու և իրականացնելու մասին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ցուցումները: Գնդապետը նշեց, որ նախարարի հրամանից հետո սա առաջին նմանատիպ միջոցառումն է, որի բարձր մակարդակով անցկացման համար այս զորամասում կան բոլոր անհրաժեշտ պայմանները:

Առաջին միջոցառումը «Մտերմիկ զրույց»-ն էր, որը տեղի ունեցավ զորամասի դահլիճում: Զրույցի թեման հոգեհարազատ էր . «Հաղթանակած գունդը և 14-րդ բրիգադի մարտական ուղին»:

Զորամասը փառավոր մարտական ուղի է անցել, մասնակցել Արցախյան ազատամարտի մի շարք վճռորոշ մարտերի: Մեծ է եղել հատկապես նրա ներդրումը բանակաշինության գործում, որում կարևոր դերակատարություն է ունեցել հատկապես 2-րդ գումարտակը: Ուստիև պատահական չէին և՛ մտերմիկ զրույցի թեմայի ընտրությունը, և՛ հիմնական զեկուցող, գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Նորիկ Ստեփանյանի մանրակրկիտ պատմությունները հարազատ զորամասի անցած հերոսական ուղու մասին, և՛ Արցախյան ազատամարտի վետերաններ Սուրեն Հովսեփյանի, Արամայիս Հարությունյանի հեղինակավոր խոսքերը՝ ուղղված զինվորներին, որոնցից շատերը, ավաղ, միայն հեռակա պատկերացում ունեն մոտ անցյալի ահեղ օրերի ու ճակատագրական դեպքերի մասին: Ի դեպ, վետերանների ընտրությունը ևս պատահական չէր. նրանցից 1-ինը պատերազմների բովով անցած նախկին բրիգադի շտաբի պետն էր, 2-րդը՝ նույն գումարտակի նախկին հրամանատարը: Զորամասի հոգևոր սպասավոր Գարիկ սարկավագ Նադանյանի խոսքը խարսխված էր Հայրենիքի ու Հավատքի սրբություններին ու այդ վեհ արժեքները կյանքի գնով պաշտպանելու հրամայականին:

Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան նաև Կապանի տարբեր դպրոցների աշակերտները, որոնք մարզական հաջողությունների են հասել: Նրանցից ոմանք համառորեն դիմադրում էին փորձված զինվորներին, ցույց տալիս հիանալի արդյունքներ:

Զորամասում բացազատված էր 11 ուսումնական կետ: Յուրաքանչյուր ուսումնական կետի ղեկավար հանդես էր գալիս որպես նույն տեղամասում կազմակերպվող մարզաձևի գծով մրցավար: Մարզական միջոցառումներում ընդգրկված բազմաթիվ մրցաձևերի գծով ընդհանուր մրցավար, մայոր Հովհաննիսյանը կապի միջոցով ուսումնական կետերի մրցավարներից տեղեկանում էր թիմային կամ անհատական մրցումներում հաղթողի մասին, նրանց տվյալները փոխանցում զորամասի ռադիոբյուրո, որտեղից «Խուստուփ» ռադիոհանգույցի հաղորդավար, սերժանտ Տ. Հախունցն ու ձայնային օպերատոր, շարքային Ա. Անիբարյանը ռադիոյով հաղորդում էին տվյալ մարզաձևից հաղթած զինծառայողների անունները: Հաճելի էր տեսնել ոչ միայն տվյալների ստացման ու հաղորդման օպերատիվությունը, այլև միջոցառման բոլոր մասնակիցների ուրախության տարբեր արտահայտություններով ուղեկցվող բարձր տրամադրությունը. հաղթողները ևս հաճելիորեն զարմացած էին, որ ընդամենը վայրկյաններ անց՝ զորամասի բոլոր անկյուններից իրենց անունները լսվում էին բարձրախոսով:

Տարբեր զինվորական մասնագիտությունների տեր սպաները հանդես էին գալիս որպես մրցավարներ: Միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն նպաստեցին մայորներ՝ Հովակիմյանը, Գևորգյանը, Ավագյանը, Այվազյանը, Գ. Ղորխմազյանը, կապիտաններ՝ Ասրյանը, Վիրաբյանը, ավագ լեյտենանտ Ս. Հայրյանը, լեյտենանտներ՝ Ա. Բաբայանը, Ա. Բուդանովը:

Մրցումներում հաղթող ճանաչվեցին փոխգնդապետ Կ. Իրիցյանի հրամանատարությամբ գործող գումարտակը (ֆուտբոլ, բասկետբոլ, քաշոցի, աքլորակռիվ, պարանի ձգում, հրաձգային զենքի քանդում-հավաքում՝ փակ աչքերով, մաքքավազք), կապիտան Ա. Երանոսյանի հրամանատարությամբ գործող հրաձգային վաշտը (վոլեյբոլ), ավագ լեյտենանտ Ա. Զուռնաչյանը (80 կգ կշռաքարի բարձրացում), կրտսեր սերժանտ Ա. Մալթոզյան (շաշկի), շարքայիններ Տ. Հակոբյանը, Վ. Սարոյանը, Ա. Մկրտումյանը, Հ. Պողոսյանը, Ս. Խուրշուդյանը (շախմատ, սեղանի թենիս, բազկամարտ, 70 և 90 կգ. կշռաքարերի բարձրացում): Միջոցառման ընթացքին հետևում էր ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ, գնդապետ Մանուկ Մանուկյանը:

Միջոցառման ավարտին զորամասերի հրամանատարներն ու հրամանատարների տեղակալները բարձր գնահատեցին գնդապետ Սերոբյանի դերը, իր հրամանատարությամբ գործող զորամասում միջոցառումների կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ստեղծելու ջանքերը:

Մրցույթի հաղթողներին զորամասի հրամանատարությունը պարգևատրեց գավաթներով, պատվոգրերով, թանկարժեք նվերներով, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված տարբեր մարզաձևերի տեսք ունեցող տորթերով:

ՎԱՉԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Ազգային բանակ


03/04/2014