Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՐՆ Է ՇՆՉԱՎՈՐՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ



Մասնագիտության բերումով տարբեր մարդկանց հետ եմ շփվում՝ տարբեր խառնվածքի ու բնավորության։ Ոմանք տվածս հարցերին փորձում են մի քիչ պաթետիկ, մի քիչ փքուն պատասխաններ տալ (գուցե տպավորություն գործելու համար), մյուսներն էլ, հակառակը, պարզ ու անմիջական են։ Սիրում եմ պարզ ու անկեղծ մարդկանց հետ զրուցել, որոնց սիրտն ու խոսքը ներդաշնակ են։

Այս անգամ էլ բախտս բերեց. բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանն է զրուցակիցս։ Այնքա՜ն մտերմիկ, այնքա՜ն տրամադրող ու դրական է նրա ներկայությունը, որ ինձ մի պահ թվում է, թե հազար տարվա ծանոթներ ենք։ Բանաստեղծուհին պատմում է իր ծննդավայր Սիսիանից, այնտեղի բարձր ու սիրուն սարերից, իր մանկության հազարագույն ու հազարաթև հուշերից։ Այնքան պատկերավոր, այնքան սրտաբուխ, որ ես ակամա հմայվում եմ Սիսական աշխարհի հմայքով ու շքեղությամբ։ Կարծես տեսնում եմ ջրվեժները Որոտանի, վեհաշուք սարերի վրա դրած սպիտակաթույր ձյունն ու ձյան վրայով բոլորովին նոր վերարկուն սահնակ դարձրած փոքրիկ Անահիտին՝ ուրախությունից խենթացած, գոռում-գոչյունով սահելիս։ …Տեսնում եմ բարկացած մոր կողքին արցունքն աչքերին կանգնած Անահիտին ու լրիվ շարքից դուրս եկած, ասես 10 տարի օգտագործված վերարկուն…

Անահիտ Դանիելյանի բանաստեղծություններն իր կյանքի արտացոլանքն են, կեղծ ու հորինովի ոչինչ չկա։ Նրա գրածները մանկության, հողուջրի, թոնրի ծխի, թարմ լավաշի կարոտ են արթնացնում՝ հայրենի բնաշխարհի կարոտ։ Գրում է տարբեր թեմաներից՝ մայր, բնություն, հայրենիք…, բայց ամեն ինչի հիմքում, առանցքում հորդաբուխ սեր եմ զգում. նրա ամեն մի տողը լեցուն է սիրով։

-Սերը պակասել է,- բանաստեղծուհին կարծես կարդում է մտքերս,- մարդիկ շահի, նյութի հետևից են ընկած։ Մարդկային հոգու ջերմությունն ու բարությունն է պակասել։ Մանրուքներից վեր բարձրանալ է պետք։ Սիրով է շնչավորվում ամեն ինչ, և չեմ սիրում, երբ առանձնացնում են, իրարից զատում են սիրո տեսակները՝ հայրենասեր է, ծնողասեր, որդիասեր… Ամեն ինչի հիմքում սերն է, նվիրվելը հայրենիքին, զավակին, ծնողին…

Անահիտը սիրո մասին գեղեցիկ բանաձևումներ է անում, իսկ ես միաժամանակ թերթում եմ նրա գրածները՝ ինչ զգում է Անահիտի փխրուն սիրտը, դառնում է տող, բանաստեղծություն։ Նրա ազնիվ հոգին տառապում է, երբ տեսնում է կողքինի ցավը. «…մարդը միայն իրենով չէ երջանիկ,- ասում է Անահիտը։ -Մարդը չի կարող լիարժեք ուրախանալ, երբ կողքինը վշտի մեջ է, ցավի ու տառապանքի։ Ընկածին պետք է ձեռք մեկնես, օգնես, սատարես… Ու երջանկանաս՝ երջանկացնելով»։

Սիրուն խոսքեր են՝ մտածում եմ ես։ Սակայն Անահիտի ասածները լոկ գեղեցիկ, ականջին հաճո բառերի շարան չեն. իր երկրին, հայրենիքին նվիրված այս հայուհին բազմաթիվ նվիրատվություններ, բարեգործություններ է կատարել։ Բանաստեղծուհին «Անահիտ» արվեստի կենտրոնի նախագահն է և բարեգործական համերգներով, նվերներով հաճախակի է այցելում մանկատներ, ծերանոցներ։ Ուրախացնում է մարդկանց, ջերմացնում սառած սրտերը։

«Ծերանոցները փակեք,

Ծնողները չեն ծերանում…»,- իր տողերն է ոգեշնչված արտասանում ու տվածս հարցերին էլ հաճախ հանգավորված պատասխանում։

Բնությունը շռայլորեն օժտել է Անահիտ Դանիելյանին, բացի ստեղծագործելուց (արդեն 6 գրքի հեղինակ է), զբաղվում է արծաթագործությամբ ու ոսկեգործությամբ, ժողովրդական վարպետ է։ …Նաև հրաշալի ասմունքում է։

Թերևս ոմանք հիշեն Արցախյան շարժման օրերին Անահիտի կրակոտ, անկեղծ ու ոգևորիչ ելույթները։ Նա այդ տարիներին իր զարդերը, ոսկեղենը նվիրաբերեց նոր ձևավորվող, կազմավորվող հայկական բանակին։

-Մեր ամենամեծ հպարտությունն է բանակը,- ասում է բանաստեղծուհին։ -Խոնարհումս և մայրական երախտիքս մեր բոլոր զինվորներին։

Բանաստեղծուհին հաճախ է գրական-երաժշտական հանդեսներ կազմակերպում՝ նվիրված Արցախյան ազատամարտում հերոսացած քաջորդիներին։ Իսկ դահլիճները մշտապես լեփ-լեցուն են։

-Մոտ ժամանակներս նպատակ ունեմ հայրենասիրական միջոցառումներով հանդես գալու զորամասերում։ Վստահ եմ՝ պաշտպանության նախարարը սիրով կընդառաջի եւ կաջակցի։ Ամեն մեկս մեր չափով պիտի նպաստ բերենք մեր բանակին՝ մեր խաղաղության, ապահովության երաշխավորին։ Կգնանք ամենահեռավոր զորամասերը և մեր ելույթներով կոգևորենք մեր բնաշխարհի անդորրը պահող-պահպանող զինվոր տղաներին։ Ու նրանք, վստահ եմ, է՛լ ավելի նվիրումով, է՛լ ավելի պատասխանատվությամբ կծառայեն, որովհետև կհասկանան, որ իրենց թիկունքում օտար մարդ չկա, բոլորն էլ հարազատ են…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Ես հավատում եմ

Ես հավատում եմ

Մեր այգաբացի խրոխտ ղողանջին,

Դարերի խորքից հարություն առած

Հայոց հանճարի արծվախոյանքին,

Ոսկե արտերից արարված հացին,

Թշնամու սրտին ընդմիշտ մխրճված

Մեր Մասիսների տուն վերադարձին։

Ես հավատում եմ

Ֆիդայիների լեռնաճախրանքին,

Մեր երազների լուսե ճաճանչին,

Արցախյան ոգու արդարականչին,

Հաղթանակներին մեր լուսապայծառ,

Ազատությանը՝ մեր արյամբ օծված։

Ես հավատում եմ

Քո տաճարների սուրբ ղողանջներին,

Նոր արշալույսին ազգիս փրկության,

Ուր որոտում է ձայնն արդարության։

Դու հավերժության ամրոց ես դառնում,

Իմ վերածնված հույսի Հայաստան:

Ես հավատում եմ

Մեր այգաբացի հզոր ղողանջին։

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Բանակ և հասարակություն


03/04/2014