Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻՇՏ ԶԻՆՎՈՐԻ ԹԻԿՈՒՆՔԻՆ



Կես դարից ավելի կենսագրություն ունի Գորիսի թիվ 4 մանկապարտեզը։ Քանի՜ սերունդ է այստեղ հայրենասիրության առաջին դասերը ստացել, թիվ ու հաշիվ չկա։

Նախակրթարանի տնօրենը Զոյա Շեգունցն է, գործունյա և նախաձեռնող, խանդավառ ու հոգնություն չիմացող հրաշալի մի հայուհի։

-Երեխայի մեջ դեռ մանկուց պետք է սերմանես բարություն, գթասրտություն, սեր դեպի հայրենիք, բայց այս ամենը ոչ թե խոսքերով, այլ հենց մեծերի օրինակով,- նշում է բազմավաստակ մանկավարժը։ -Դեռևս 1990-ականներին մեր կոլեկտիվը իր հնարավորության սահմաններում զորավիգ եղավ հայկական նորաստեղծ բանակին։ Այն ծանր, դժվար տարիներին քաջալերող նամակներով և ծանրոցներով այցելում էինք տարածքում տեղակայված զորամաս, համերգներ տալիս, ոգևորում մեր հայ զինվորին, բարձր պահում նրա մարտական ոգին։

Բոլոր տոները` պետական, ազգային, կրոնական, մանկապարտեզում նշվում են գեղեցիկ միջոցառումներով։ Տարբեր առիթներով էլ այստեղ բազմիցս հյուրընկալել են բարձրաստիճան զինվորականների։ Վերջիններիս ամեն անգամ տպավորել են փոքրիկների իմացությունը, հայրենաճանաչողությունը։

Վերջերս էլ՝ Սուրբ Սարգսի տոնին, մանկավարժներն ու սաները լեռնաշխարհին հատուկ բարիքներով, տեսակ-տեսակ մուրաբաներով այցելեցին Գորիսի բժշկական կենտրոնում բուժվող զինվորներին տեսակցելու և գոտեպնդելու։ Նրանք նաև իրենց բեմադրությունով ուրախացրին զինվոր-տղաներին։

Իսկ բարի ու հայրենանվեր գործը աննկատ չի մնում։ Շատ չանցած՝ Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից մանկապարտեզի հասցեով զինվորների ծնողներից ջերմ խոսքերով ողողված բազմաթիվ նամակներ եկան. «Հարգելի՛ տիկին Շեգունց։ Ձեզ գրում է N զորամասի զինծառայող Արա Հովհաննիսյանի մայրը՝ Լուսինե Ղարագեբակյանը։ Տեղեկանալով Գորիսի բժշկական կենտրոն Ձեր կատարած այցի մասին, ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել Ձեզ և Ձեր կոլեկտիվին՝ կատարած մեծահոգի և հայրենանվեր գործի համար։ Զինվորի համար անչափ կարևոր է իր թիկունքում զգալ յուրաքանչյուրիս աջակցությունը։ Ձեր կատարած այցը վկայում է անսահման սրտացավության ու զինվորի հանդեպ ունեցած Ձեր ուշադրության մասին։ Որպես հայ հպարտանում եմ Ձեր կատարած գործով, որպես մայր՝ ուրախ եմ, որ որդիս գտնվում է հոգատար ձեռքերում։ Կուզենայի, որ բոլորը գիտակցեին, որ մեր զորակցությունն անչափ կարևոր է հայրենիքի ու բանակի շենացման գործին…»։

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #12 (1030) 3.04.2014 – 9.04.2014, Բանակ և հասարակություն


03/04/2014