Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՐԶ ՀԱՇՎԱՐԿ



♦ Ինչո՞ւ է Ադրբեջանը հաշվում «չսպանված արջի մորթու» արժեքը:
♦ Ի՞նչ կարժենա նոր պատերազմը:
♦ Ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել ադրբեջանցի նշանառուները:

ՍԻՆ ՀՈՒՅՍԵՐ

Ադրբեջանցի փորձագետների մի խումբ` պատմական գիտությունների դոկտոր, Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր Էլդար Իսմայիլովի ղեկավարությամբ, մարտի 22-ին Վաշինգթոնում ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հաջորդող ժամանակաշրջանում իրադարձությունների զարգացման իր տեսլականը: Ուշագրավ է, որ փորձագետները գիտակցաբար կենտրոնացել են միայն սոցիալ-տնտեսական խնդիրների վրա եւ փորձել են պատասխանել այն հարցին, թե հետբախումնային շրջանում ինչ է պետք եւ ինչ կարելի է անել` «ադրբեջանական 7 շրջանների վերականգնման համար»: Է.Իսմայիլովը հայտարարել է, որ փորձագիտական խմբի հաշվարկի համաձայն` այդ նպատակի համար անհրաժեշտ է 28.4 մլրդ դոլար: Խումբը «բիզնես-պլան» է առաջարկել, ըստ որի` նշված տարածքների էներգաապահովումը, օրինակ, կարող է վերականգնվել 2-3 տարում:
Խմբի ղեկավարն ընդգծել է, որ սա մեր տարածաշրջանի համար թանկ նախագիծ է, եւ այն ինքնուրույն կարող է իրականացնել միայն Ադրբեջանը:
Փորձագիտական խմբի անդամներից մեկը` պատգամավոր Նազիմ Մուզաֆարին, ասել է, որ վերականգնման ենթակա տարածքն ամեն տարի մեծանում է: Բացի դրանից, սղաճը (ինֆլյացիան) դժվարացնում է անհրաժեշտ ծախսերի գնահատումը: Խումբն ապահովության համար հաշվարկներում որպես ելակետ ընդունել է սղաճի բարձր` տարեկան 20% ցուցանիշը:
Որպես նախագծի իրականացման ռիսկ նշվել են կոռուպցիան, կազմակերպչական միջոցառումների բյուրոկրատացումը, որակյալ կառավարիչների պակասը: Այդուհանդերձ, փորձագետները հայտարարել են, որ «Ադրբեջանի մարդկային եւ տեխնոլոգիական ռեսուրսները բավական են` տարածաշրջանի վերականգնման պրոցեսը սկսելու, 7 շրջանները տարածաշրջանային շուկաներին ինտեգրելու համար» (http://www.regnum.ru/news/ 1386802.html):
Փորձագիտական խմբի ղեկավարը` Էլդար Իսմայիլովը, ինքնատիպ, ոչ ստանդարտ մտածելակերպով մարդ է, ինչի վկայությունը, մասնավորապես, նրա հեղինակած «Ադրբեջանի պատմության ակնարկներ» գրքի մասին հրատարակչի գրախոսությունն է: Դրանում ընդգծվում է հեղինակի ինքնատիպ մոտեցումը խնդիրներ ձեւակերպելիս եւ ընթերցողին մտածել ստիպելու կարողությունը (http://www. ozon.ru/context/detail/id/ 5124105/):
Ասել է թե` Ադրբեջանը բավականին լրջորեն է վերաբերվել փորձագիտական խմբի անդամների ընտրությանը, հետեւաբար նաեւ` հետբախումնային շրջանում «իր տարածքների» վերականգնման խնդրին: Թերեւս, սա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը այդ տարածքները խաղաղ ճանապարհով հետ ստանալու բավականին մեծ հույսեր է փայփայում: Դրանք, իհարկե, դատարկ հույսեր են. հենց միայն փաստը, որ Ադրբեջանը հաշվիչը ձեռքն է վերցրել, վկայում է, որ նա պատերազմի հետ հույս չի կապում:

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

Ինչո՞ւ: Բանն այն է, որ փորձագետների հրապարակած թիվը` 28.4 մլրդ դոլար, որն ավելի քան կրկնակի մեծ է Ադրբեջանի ամբողջ բյուջեից, ցույց է տալիս, որ պատերազմը տնտեսապես բոլորովին ձեռնտու չէ Ադրբեջանին:
Իսկապես, եթե նոր պատերազմը, բոլոր փորձագետների միահամուռ կարծիքով, անհամեմատ ավելի աղետալի է լինելու, քան նախորդը, ապա դրա հասցրած նյութական վնասը գնահատելու համար կարող ենք 28.4 մլրդ դոլարը պարզապես կրկնապատկել: Արդյունքում՝ երկու պատերազմների հետեւանքը վերացնելու համար անհրաժեշտ գումարը կմոտենա 100 մլրդ դոլարի:
Ստուգենք այս գնահատականը: Անցյալ տարվա ջրհեղեղի հասցրած վնասի չափն Ադրբեջանի իշխանությունը հետեւողականորեն թաքցրեց, եւ հրապարակվեց 400 մլն դոլար թիվը: Դատելով ըստ բնակչության դժգոհությունների եւ ոչ կառավարական կազմակերպությունների հրապարակած տվյալների` աղետի իրական ծավալը մի քանի անգամ մեծ էր, եւ համեստ հաշվարկներով վնասի չափը կարելի է գնահատել մոտ 1-2 մլրդ դոլար: Նկատենք, որ ջրհեղեղի ավերածությունները շատ ավելի մեղմ են, քան նույնիսկ սահմանափակ ընդգրկում ունեցող պատերազմինը:
Քննության առնենք համեմատության ավելի իրական եզր: 2008թ. վրաց-հարավօսական պատերազմի հետեւանքով Վրաստանի կրած նյութական վնասը վրացական կողմը գնահատել է մի քանի միլիարդ դոլար: Եւ դա` հազիվ մեկ շաբաթվա ընթացքում: Եթե պատերազմը տեւեր 2 ամիս, այդ թիվը կկազմեր մի քանի տասնյակ միլիարդ դոլար: Ադրբեջանա-հայկական հնարավոր պատերազմի տեւողությունը փորձագետները գնահատում են հենց մի քանի ամիս:
Սրանք շատ մոտավոր գնահատականներ են, որոնք իրականում կարող են միայն աճել: Տեխնիկական գիտությունների դոկտոր Հովհաննես Ղարաբեկյանը «Գոլոս Արմենիի» թերթում հրապարակված իր հոդվածում նկատում է, որ հնարավոր պատերազմի դեպքում Ադրբեջանի խողովակաշարերի, Քուռ գետի կամուրջների եւ Մինգեչաուրի ՀԷԿ-ի ամբարտակի խոցելիությունը ապացուցելու կարիք չունի: Բացի դրանից, ադրբեջանա-հայկական շփման գոտուց մինչեւ Քուռ գետը ընկած տարածքը Ադրբեջանի խիտ բնակեցված շրջաններից է, որտեղ ապրում է ավելի քան 3 մլն մարդ: Պատերազմի դեպքում նրանք հայտնվելու են ռազմական գործողությունների թատերաբեմում եւ հասանելի են լինելու հայկական կողմի մարտավարական ու ռազմավարական զինատեսակների համար: Բացի դրանից, այդ բնակչությունը հենց ադրբեջանական բանակի «ոտքի տակ» է ընկնելու` խոչընդոտելով նրա վերախմբավորումն ու մանեւրները: Ավելորդ է ասելը, որ մեծ չափերի են հասնելու ինչպես Ադրբեջանի խաղաղ բնակչության զոհերը, այնպես էլ նրա կրելիք նյութական վնասը:
Հոդվածագրի կարծիքով, պատերազմ սկսելուց առաջ Ադրբեջանը պետք է նշված տարածքում բնակվող իր խաղաղ բնակչությանը տեղափոխի Քուռ գետի ձախ ափ` այնտեղ նախօրոք կառուցելով կացարաններ ու ստեղծելով աշխատատեղեր: Նախ` դա վիթխարածավալ աշխատանք է, երկրորդ` ադրբեջանական բանակն այդ դեպքում զրկվում է «թիկունքից»:
Հեղինակի կարծիքով, այս ամենը վկայում է, որ Ադրբեջանն իրականում չի համարձակվի պատերազմ սկսել, առավել եւս` հաղթանակի հույս ունենալ:
«Այս իրավիճակում ի՞նչ պետք է անի Հայաստանը,- գրում է Հ.Ղարաբեկյանը:- Ըստ իս, մենք պետք է ազնվորեն տեղեկացնենք շահագրգիռ կողմերին եւ սկսենք ազատագրված տարածքների հետեւողական յուրացումը: Պետք է սփյուռքին տեղեկացնել, որ այդ տարածքները մերն են եւ ենթակա են սեփականաշնորհման: Այդժամ սփյուռքն իր բոլոր հնարավորություններով կմիանա նոր սահմաններում նոր Հայաստանի կառուցման գործին» (http://www.golosarmenii.am /ru/20101/home/9655/):

ԱԼԻԵՒԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հարց է ծագում` եթե զուտ տնտեսական առումով տեսանելի հեռանկարում Ադրբեջանին բոլորովին ձեռնտու չէ պատերազմը, ապա ի՞նչ նպատակ են հետապնդում նրա ղեկավարների ռազմատենչ հայտարարությունները եւ իրավիճակի սրումը ադրբեջանա-հայկական շփման գոտում: Քաղաքագետ Իլգար Մամմադովն անկեղծորեն պատասխանում է այս հարցին: Ըստ նրա` ադրբեջանցի նշանառուները, սպանելով հայ զինծառայողներին, լուծում են մի քանի խնդիր. ա) «խոչընդոտում են հայկական կողմի զորակոչը», բ) «նպաստում են Հայաստանից արտագաղթին», գ) «բարոյալքում են հայկական զորքը», դ) «խրտնեցնում պոտենցիալ ներդրողներին», որոնք կարող էին ցանկություն ունենալ զարգացնելու Հայաստանի եւ ազատագրված տարածքների տնտեսությունը:
Իհարկե, այս ամենը չափազանցված է եւ ավելի շուտ ցանկալին իրականություն համարելու արգասիք: Ինչպես հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հայկական կողմի պատասխանը միշտ համարժեք է, եւ Ադրբեջանի կորուստներն ավելի մեծ են, այդ թվում եւ նշանառուների պատերազմում: Այնպես որ Ի.Մամմադովի թվարկած հետեւանքներն ավելի ծանր են հենց Ադրբեջանի համար, թեպետ, լինելով ավելի «փակ» հասարակություն եւ թաքցնելով իր զոհերի թիվը, Ադրբեջանի իշխանությունը փորձում է «տեղայնացնել» կորուստների մասին տեղեկության բացասական ազդեցությունը ադրբեջանական հասարակության վրա:
Բայց դա անելն օրեցօր ավելի ու ավելի դժվար է դառնում: Քաղաքագետ Զաֆար Գուլիեւի կարծիքով, Ադրբեջանի իշխանությունն արագորեն կորցնում է ժողովրդի վստահությունը, եւ քաղաքական իրավիճակը երկրում սրընթաց փոխվում է (http://www.regnum.ru/news/1387510.html):
Այս պայմաններում Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քաղաքականության հետեւանքով զոհված յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի մահվան լուրը կարող է ժողովրդական ընդվզումների առիթ դառնալ:

ԱՐՍԵՆ ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #12 (877) 30.03.2011 – 6.04.2011, Ուշադրության կենտրոնում, Ռազմաքաղաքական


07/04/2011