Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԿՈՒ ԶԻՆՎՈՐ՝ ՄԻ ՏՆԻՑ



Հարազատ եղբայրներ Արթուր եւ Կարեն Գրիգորյանները ծառայում են տարբեր զորամասերում, ինն ամիս է՝ միմյանց չէին տեսել: Վերջերս նրանք հանդիպեցին: Կանանց միամսյակի կապակցությամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ էր մատուցել նրանց մայրիկին` տիկին Գայանեին` տղաներին խրախուսական արձակուրդ շնորհելով: Որոշեցի գնալ ու մասնակից լինել նրանց ուրախությանը:

Տան դարպասների մոտ ինձ դիմավորում է տղաների հայրը` Մհեր Գրիգորյանը: Բարեւում եմ: Քայլում ենք ու զրուցում. «Դեռ մի քանի տարի առաջ երեխա էին` չարաճճի, աշխույժ… ո՜նց մեծացան… Հիմա արդեն զինվոր են… Հպարտ եմ իմ տղաներով, թեեւ այդ մասին չեմ ասում նրանց…»: Քարե աստիճանները տանում են դեպի շքամուտք, որտեղ ժպիտը դեմքին կանգնած է տիկին Գայանեն: Ներս է հրավիրում: Այնքան մեծ էր նրանց ոգևորությունը, որ հարցեր տալն ավելորդ էր. նրանք խոսելու, իրենց ապրումներով բարձրաձայն կիսվելու կարիք ունեին:

Գայանե.- Երբ նրանց բանակ էինք ուղարկում, վստահ էինք, որ լավ են ծառայելու: Նրանք շատ ընկերասեր են, և գիտեինք, որ հարկ եղած դեպքում անպայման օգնության ձեռք են մեկնելու ծառայակից ընկերոջը: Երբեք կողքինին չեն վիրավորի, չեն կոպտի… Մենք այդպես ենք նրանց դաստիարակել… Կարենը չորս ամսից կզորացրվի, իսկ Արթուրը դեռեւս ութ ամսվա ծառայող է: Նույնն են մնացել, չեն փոխվել` բարի, սրտաբաց, մի քիչ զգայուն… Թեթևակի նիհարել են, թե՞ ինձ է այդպես թվում…

Մհեր.- Երբ Կարենին ճանապարհում էինք, Արթուրը սրտնեղել էր, ուզում էր եղբոր հետ միասին զորակոչվել, դիմում էլ գրեց… Ուսանող էր, ավարտեց, նոր տարան: Ճանապարհելիս ասել եմ` տղամարդավարի կծառայեք եւ կհիշեք, որ ձեզ տանն սպասող կա: Ծնող ենք, անհանգստանում ենք, հատկապես Կարենի համար, որովհետեւ հակառակորդի քթի տակ է ծառայում:

Գայանե.- Մհե՛ր, հիշում ես` երբ առաջին անգամ Կարենին այցի գնացինք, պարզվեց, որ մի ադրբեջանցի զինվոր է եկել-հանձնվել… Մտածեցի` ինչ մոտիկ են թշնամուն, սիրտս դող ընկավ…

Մհեր.- Հիշում եմ: Սահմանը պետք է փորձառու զինվորները հսկեն. շատ պատասխանատու ծառայություն է: Եվ լավ է, որ մեր զինված ուժերում այդ պատասխանատու գործին են կարգում ավելի ու ավելի մեծ թվով պայմանագրային զինծառայողների: Պատկերացրեք, որ ինքս էլ եմ մտածում պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու, մեր սահմանները պաշտպանելու մասին…

Հորն ընդհատում է Կարենը.

-Պա՛պ, երբ ես դիրք էի բարձրանում, գիշերները չէի քնում, աչք չէի թարթում… 18 տարեկանում պիտի բանակ գնաս, որ չքնես…

Բոլորս միասին երկար ծիծաղում ենք: Հայրը թփթփացնում է տղայի ուսը, գլխով համաձայնության նշան անում, ապա որոշ դրվագներ հիշում իր ծառայությունից, զուգահեռ անցկացնում: Արեւով լցված փոքրիկ սենյակն ավելի է ջերմանում…

Մհեր.- Արթուրն էլ ինձ պես գնդացրորդ է: Ես ընդամենը մեկ անգամ եմ կրակել, երեւի խորհրդային բանակում փամփուշտներն ափսոսում էին (ժպտում է)…

Արթուր.- Ես հաճախ եմ կրակում: Գնդացիրը լավ զենք է: Մի քիչ ծանր է, պիտի պինդ լինես, որ կարողանաս կիրառել:

Գայանե.- Դու պի՛նդ ես…

Մհեր.- Թունդ սիրահարված էր, երբ տարան բանակ…

Արթուր.- Հեռավորությունն էնքան էլ սարսափելի չէ, թե որ գիտես՝ քեզ սպասում են…

Ես էլ եմ խառնվում հարազատների զրույցին: Հետաքրքրվում, թե՝ հարազատների կարոտից բացի, ծառայության մեջ ի՞նչ դժվարություններ է հաղթահարում զինվորը, ի՞նչ մտահոգություներով է քնում-արթնանում… Բայց տղաներն ինձ նույն պատասխանն են տալիս` ամեն ինչ կարգին է…

Մհեր.- Տղաներիս հրամանատարներն էլ սկզբնական շրջանում զանգում էին, հարցնում, թե տղաներն ինչից են դժգոհում, ինչ խնդիրներ ունեն… Ես էլ նրանց պատասխանում էի` ամեն ինչ լավ է, քանի որ որդիներս երբեք չեն բողոքել ո՛չ ճաշից, ո՛չ զինվորական ռեժիմից, ո՛չ մարդկային վերաբերմունքից…

Գայանե.- Մենք հրամանատարներից միայն մի խնդրանք ունենք` թող հոգատար եւ համբերատար լինեն, փորձեն հասկանալ նրանց, հարգեն ջահել զինվորի արժանապատվությունը, չէ՞ որ իրենք էլ են 18 տարեկան եղել, իրենք էլ երեխա ունեն, իրենք էլ ծնող են: Ինքս ուսուցչուհի եմ, գիտեմ, որ շատ դժվար է, բայց մենք` մեծերս, պետք է զիջող եւ հանդուրժող լինենք:

Կարեն.- Մա՛մ ջան, ախր բանակը մանկապարտեզ չէ, որ սպան սիրաշահի եւ համոզի… Խստությո՛ւն է պետք: Շատ բան զինվորից է կախված` նրա համբերությունից, ազնվությունից, ընկերասիրությունից, հրամանատարների հանդեպ վերաբերմունքից, հրամանները կատարելու պատրաստակամությունից: Շատերը չեն հասկանում՝ ուր են եկել եւ ինչու, չեն հասկանում, որ իրենց բաժին պարտքն իրենք պիտի տան եւ եթե հզոր, պաշտպանված հայրենիք են ուզում, ուրեմն՝ չպետք է դատարկ բաների պատճառով իրարից նեղանան… Արժանապատվությունը լավ զինվոր լինելն է, սահմանն ամուր պահելը…

Արթուր.- Համաձայն եմ: Գալիս են բանակ «Բանակում» սերիալի հիման վրա ձեւավորված պատկերացումներով, բայց իրականությունն այլ է… Այստեղ մեր ձեռքին իսկական զենք է, իսկական զինտեխնիկա, իրական սահման ու իրական թշնամի…

Մի պահ լուռ ենք: Տիկին Գայանեն գորովանքով ու անթաքույց հպարտությամբ է նայում իր զինվոր որդիներին: Տղաների խոսքն ակնհայտորեն նրա սրտով է: Զինվորների հայրը` Մհեր Գրիգորյանը, լռում է: Ամենայն հավանականությամբ մտածում է. «Ախր, Էս ե՞րբ մեծացան… »:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


10/04/2014