Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐ ՈՂՋ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ



ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության համար, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Արագած Մուրադի Մկրտչյանը պարգևատրվել է «Արիության» մեդալով:

Ապրել եմ մաքուր խղճով ու հավատով, երկրիս միշտ նայել եմ պայծառ հայացքով: Փառք Աստծո, ունենք անկախ պետություն։ Պտուղը քաղելու համար մեզ պետք է միասնություն, միասնական կամք: Պետք է գուրգուրենք մեր ազգային արժեքները, մեր մշակույթը, որպեսզի մեր երեխաների վաղվա օրը լինի ավելի պայծառ ու լուսավոր: Ինչպես վիպասան Մուրացանն է ասում. «Պետության հիմքը ընտանիքն է»: Ընտանիքներում են սնվում, հասակ առնում մեր վաղվա պաշտպանները, մեր բանակի զինվորները: Պիտի գուրգուրենք մեր բանակը, ինչպես մեր որդիներին, մեր զավակներին: Մենք` կռվի բովով անցածներս, այսօր էլ պատրաստ ենք, եթե հարկ լինի, լծվել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Փա՛ռք մեր երկրին: Փա՛ռք մեր ժողովրդին: Փա՛ռք մեր բանակին:

Արագած Մկրտչյան (Բոնդո)

Մարտական ընկերները, մտերիմները, անգամ համագյուղացիները նրան ճանաչում են Բոնդո մականունով: Պատմում են, որ մի անգամ ընկերները գալիս են Կաթնաղբյուր գյուղ ու փնտրում Բոնդոյենց տունը: Ու հենց նրա հարևանի դուռն էլ ծեծում են։ Մի սասունցի մամիկ է դուռը բացում, ու այն հարցին, թե որտե՞ղ է Արագածենց տունը, մտածում-մտածում ու պատասխանում է.

-Լա՛ո, էս գյուղում ըդմալ անունով մարդ չկա:

Էդ պահին Արագած Մկրտչյանը տանից դուրս է գալիս: Ընկերները ողջագուրվում են: Այդ տեսնելով` տատն ասում է.

-Լա՛ո, ըսեք Բոնդո, օր ճանչնանք, թե չէ` Արագած, Արագած…

Արագած Մկրտչյանը սերում է Տարոն աշխարհից: Սասնո բարբառով «բոնդո» նշանակում է կռվարար, ամուր բազուկ ունեցող, ցուլ: Նրա Առաքել պապը եղել է Անդրանիկի զինվորը: Հայտնի հեքիմ է եղել և շատ զինվորների կյանք է փրկել: Ի դեպ, ժողովրդական բժշկության գաղտնիքները սերնդեսերունդ փոխանցվել և հասել են Բոնդոյին:

Դեռ Գերմանիայում ծառայելիս, զորավարժության ժամանակ, Արագածն աչքի է ընկնում և պարգևատրվում հրամանատարության կողմից: Ծառայությունից հետո ընտանիք է կազմում: Չորս զավակ է մեծացնում՝ երկու տղա, երկու աղջիկ:

Երբ սկսվում է ազգային-ազատագրական պայքարը, Բոնդոն Ռուսաստանում էր: Լսելով լուրը՝ անմիջապես տուն է վերադառնում. «Կռիվ կուզեն, կկռվենք, էլ ի՞նչ տղամարդ, որ կռիվ չանի»: Լուսահոգի Մուրադ հայրն ու Պարզանուշ մայրը գիտեին, որ որդու խոսքը խոսք է: Ճանապարհելիս մայրը ընկերներին ասում է. «Բոնդոն դեռ ծիծ ուտելիս էլ կռիվ կեներ»: Եվ նրա մայրն այդպես կռիվ է ճանապարհում նաև մյուս որդուն` Կայծակին, թոռանը` Վարդանին:

Պատերազմի ճանապարհները նրան տանում են Իջևան, Երասխ, Սիսիան։ Թալինի կամավորների հետ մասնակցում է սահմանամերձ բնակավայրերի ինքնապաշտպանական մարտերին: 1991 թ.-ին մասնակցում է ԼՂՀ Շահումյանի, Բերդաձորի կռիվներին: 1992 թ.-ի հունվարից ԼՂՀ բանակի Շուշիի առանձնակի գումարտակի կազմում (հրամանատար Ժիրայր Սեֆիլյան) մասնակցում է Շուշիի ազատագրմանը, Լաչինի միջանցքի բացմանը, Մարտունիի, Մարտակերտի, Ֆիզուլիի, Քարվաճառի մարտական գործողություններին: Հրադադարից հետո էլ պայմանագրային հիմունքներով իր ծառայությունը շարունակում է Քարվաճառում: Պարգևատրվել է «Մարտական ծառայության», «Հայրենիքի պաշտպանության համար», «Արցախի մայրական երախտագիտություն», «Շուշիի ազատագրման համար» և այլ մեդալներով:

Պատերազմական օրերից Բոնդոն չի սիրում խոսել: Փոխարենը մարտական ընկերներն են հիշում նրա քաջագործությունները: «Մյուրիշենում, երբ աշնակցի Մուկուչ Ղազարյանի և Գրիգոր Գրիգորյանի հետ գնացել էին Մոնթեին օգնության, երկու ոտքից վիրավոր Բոնդոն կռվում սպանում է չորս ադրբեջանցու և տիրանում նրանց գնդացիրներին»,- պատմում է մեկը: Մյուսն էլ ուրիշ բան է հիշում. «Մի անգամ Բոնդոն կաթնաղբյուրցի Ժիրայր Սարգսյանի հետ գիշերով թշնամու քթի տակ գտնվող մեքենայից քանդում, բերում են անհրաժեշտ պահեստամասերը և վերանորոգում իրենց փչացած «ուրալը»: Այսպես պատմում են ու պատմում: Բոնդոն ու ղարաբաղյան պատերազմի մյուս վետերանները (նախագահ Յու. Միքայելյան) հաճախ են լինում զորամասերում, հերթափոխի են կանգնում զինվորների հետ: Զինվորները ոգևորությամբ են ունկնդրում Բոնդոյին. «իսկական տղամարդը կռվից չպետք է վախենա: Կռիվ կուզեն, մենք պատրաստ ենք: Ձեր հոգուն մատաղ, ես պատերազմի ժամանակ տեսել եմ նոր զորակոչված մեր բանակի առաջին զինվորներին, նրանք մեզնից քաջ էին, չէինք թողնում առաջին գիծ, բայց մեզնից առաջ էին ընկնում: Վստահ եմ՝ դուք էլ նույնն եք, և այդպես էլ կա: Իսկ հարկ եղած դեպքում, իմացեք՝ մենք ձեր կողքին ենք: Ու թե կռիվ կուզեն, թող անեն: Կտեսնենք»: Եվ պատմում է իր հերոս-նահատակ ընկերների՝ Մուկուչի, Ժիրոյի, Սամվելի, Արթուրի, Աթոյի, Աշոտի, Մակարի, Վահեի մասին: Բոնդոն համեստ մարդ է, համեստ կյանքով էլ ապրում է, բայց երբեք չի բողոքում, չի դժգոհում, հակառակը՝ եթե կարողանում է` օգնում է իր զոհված ընկերների ընտանիքներին, փորձում նրանց կողքին լինել, մենակ չթողնել:

Մարտի 28-ը Արագած Մկրտչյանի ՝ Բոնդոյի ծննդյան օրն է:

«Հայ զինվորը» միանում է նրա մարտական ընկերների՝ Յուրա Միքայելյանի, աշուղ Ռազմար Սասունցու, Գարիկ Եղիազարյանի, Գրիգոր Գրիգորյանի, Լևոն Թաշչյանի շնորհավորանքներին և Արագած Մկրտչյանին` արդար ու խենթ սասունցուն երկար տարիների կյանք, առողջություն ու երջանկություն է ցանկանում:

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Բանակ և հասարակություն


10/04/2014