ՎԱՀԱՆ ԹՈԹՈՎԵՆՑ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՍԻՆ
Մեծ հայ էր Վահան Թոթովենցը եւ մեծ հայրենասեր։ Վահրամ Փափազյանը նրան անվանում էր «մեր ազգային վերածննդի բոցաշունչ հռետոր»։ Ավետիք Իսահակյանը նրա մասին գրում է. «Նա շատ ու շատ հայրենասեր մարդ էր, հայ ժողովրդին, հայ կուլտուրան սիրող ու պաշտող»։ Վիլյամ Սարոյանը, որ մոտիկից գիտեր նրան, գրել է. «Որքան ժամանակը սահի՝ ավելի խոր կերպով կը սիրեմ Վահան Թոթովենցի կյանքը, ճշմարտությունը, առասպելն ու ողբերգությունը»։
Իր մեծ հայ լինելը Վահան Թոթովենցն ապացուցեց նաեւ կյանքի վերջին, ցավոք՝ ողբերգական դրվագով։
Կյանքի վերջին երեք տարիներին (1936-38թթ.) Վահան Թոթովենցն ամբողջապես կլանված էր իր ժողովրդի ճակատագրի գեղարվեստական մարմնավորման խնդրով։ Պետհրատի հետ պայմանագիր էր կնքել գրելու 60 մամուլանոց մի վեպ հայ ժողովրդի «հովվերգական, ողբերգական, հերոսական» անցյալի մասին։ Թեման հուշել էր ինքը՝ Աղասի Խանջյանը։ Մինչ այդ տպագրության էր հանձնել եղեռնից վերապրած արեւմտահայերի մասին պատմող «Ծիրանի ծառ» պատմվածքների ժողովածուն։ Ծրագրեր, մտահղացումներ, բայց, ավա՜ղ…
Թոթովենցն անսպասելիորեն ձերբակալվեց։ Մեղադրանքը ներկայացվեց այդ շրջանում այնքան տարածված սցենարով՝ ազգայնամոլություն, լրտեսական կապեր, քայքայիչ գործունեություն։ Պետհրատից մեկեն «չքացավ» տպագրության պատրաստ «Ծիրանի ծառը», պատառիկներ մնացին գրեթե ավարտուն նոր վեպի էսքիզներից միայն…
Ավելի ծանր վիճակ դժվար էր պատկերացնել գրողի, ազգային մեծ հոգսերով ապրող մաքուր, անբասիր մարդու համար։ Փորձության պահին նրան զորավիգ եղավ իր մարդկային պայծառ նկարագիրը, որ այդպես էլ չխաթարվեց հոգեկան ու ֆիզիկական տանջանքներից, անհեթեթ ամբաստանություններից ու նվաստացումներից։
Մի բան էլ պահեց Թոթովենցին՝ իր սիրասուն զավակ, 14- ամյա Լեւիկի գոյությունը։ Մահվանից առաջ մի բան էր խնդրել միայն՝ թույլ տալ իրեն վերջին անգամ տեսնելու որդուն։ «Ողորմածաբար» թույլ էին տվել։ Պատմում են՝ ծնկի է եկել տղայի առջեւ, գրկել նրա գլուխը եւ երկա՜ր-երկար ինչ-որ բան շշնջացել նրա ականջին։ Արցունքների մեջ տաք-տաք համբուրել է զավակին, հետո նորից ինչ-որ բան շշնջացել նրա ականջին, նորից համբուրել վերջին անգամ, մինչեւ որ «օրենքի պահապանները» բաժանել են դժբախտ հորն ու որդուն։
Վերջին խոսքը, վերջին համբույրը…
Թոթովենցը մահվանն ընդառաջ գնաց հին հայդուկի, Անդրանիկի զինվորի եւ զինակցի արժանապատվությամբ։ Եվ ոչինչ չկոտրեց նրա լավատեսությունն ու հավատն իր ժողովրդի ապագայի հանդեպ։ Հասցրել էր բանտի պատին թողնել իր կարգախոս-պատգամը. «Կեցցե՜ հայ ժողովուրդը»։ Եվ տարեթիվը՝ 1938թ. հուլիսի 18։
Ազգային խառնվածքի եւ հայրենասիրության մի հրաշալի պոռթկում…
Հայ ժողովուրդը ունի դարերու կյանք՝ ահա իր ամենախոշոր եւ բարձրագույն ու խորագույն արժեքը, որովհետեւ այդ դարավոր կյանքի արդյունքն է իր անվեհեր, տառապող եւ դիմացող, մաղվող եւ միշտ ստեղծագործող բնազդը, հանճարը, սրբազան եւ գիտակից հավաքական իդեալը։ Դարավոր կյանք՝ լի անհավասար մարտնչումներով, ստեղծիչ ոգիով, լի շնորհով ու գեղեցկությամբ։
Գեթ ինձ շատ բան կթելադրե այդ «դարավոր»-ությունը։ Դարերը չեն կրնար իրենց ուսերուն վրա երկար ատեն դիակներու կույտ տանիլ, պատմությունը, ժամանակը կը մաքրեն իրենց էջերուն վրայեն բոլոր վերքերը։ Ապրած են միայն այն ազգերը, որոնք դարերուն ուսերուն վրա ծանրություններ եղած չեն, այլ եղած են միշտ պայծառ, միշտ մշտանորոգ, այնպես, ինչպես ինքը ժամանակն է, այնպես, ինչպես ամեն առավոտյան բացվող արեւի շողերը։
… Հայ ժողովուրդը իր դարավոր կյանքին մեջ, պատմության մեծ հուզումներուն, հեղաշրջումներուն մեջ երբեք չէ կատարած չեզոքի դեր, ընդհակառակը, բաղձալի, ծափահարելի հանցապարտությունը ունեցած է իր խոսքը ըսելու, իր դերը կատարելու, փոքրիկ դեր՝ խոր հատկանշական իր ազգային քաղաքակրթական տեսակետեն։ Հայ ժողովուրդը չէ լռած պատմության մեջ, անիկա իր տեսակետն է ունեցած հելլեն փիլիսոփայական շարժումներեն մինչեւ քրիստոնեություն, քրիստոնեության մեջ եւ անկե հետո երբեք իր ճակատը չէ խոնարհած իսլամական քաղաքականության ավերածության առջեւ։
♦♦♦
… Հայ ժողովրդի ամբողջական իդեալը՝ մնալու ազգ իր բոլոր առանձնահատկություններով, եղած է ամենեն լուսավոր գիծը, որ երկարած է իր զավակներուն հոգիներուն մեջ մեկ ծայրեն մյուսը, երկրին մեջ, թե ի տարագրություն, երբեմն բեկբեկված առժամանակյա կերպով խավարին եւ սուրին դեմ, բայց երբե՛ք ջնջված անդառնալիորեն։
♦♦♦
… Հայ ժողովրդի անցյալ պատմությունը անպայման բացատրիչ աղբյուրն է անոր արդիական արժեքին եւ էության։
♦♦♦
…Հայ ժողովուրդը համաշխարհային վայրիվերումներու ընթացքին հայտնվեցավ իբրեւ մեկը այն ազգերեն, որոնք շատ փոքրիկ, բայց ընդունակ են դուրս բերել իր արյան անիմանալի, թաքուն եւ անսպառ աղբյուրները։ Դիմանալ արյան, թողուլ, որ բացվի բազկերակը եւ վազե արյունը դարերու ընթացքին եւ դիմանալ… Եթե չըլլար հայ ժողովրդի ստեղծագործ ոգին, այդ բազկերակը շուտ կը ցամաքեր եւ պատմություն կունենար իր մեջ միայն հիշատակ, այնպես, ինչպես անհաշիվ գետերը, որոնք անժամանակ թվական մը հորդած են, սրարշավ եւ խոխոջելով վազած են՝ երջանկորեն ապրեցնելով տեղեր իրենց երանավետ ափունքներու վրա։ Հայ ժողովուրդը այն երբեք ցամաքելի գետն է, որ տակավին պիտի ապրեցնե իր արյունով թրջված կանաչներու վրա ամբողջական եւ երբեք հաղթելի իդեալներ։
1917թ.
♦♦♦
… Մենք կորսնցուցինք բոլոր հարստությունը եւ ժողովուրդի կեսը։ Մեր մեջքը ծռած է, բայց չէ կոտրած, օր մը կշիտկինք եւ, թերեւս, ո՜վ գիտե, մեր բոլոր հարստությունը եւ արյունը տրամադրելի կընենք նոր Խաչակրության մը համար։ Այսպես է Ազգերու ճակատագիրը։
1921թ.
♦♦♦
Ո՜վ Հանճար Հայկյան, երբե՛ք մահացյալ, միշտ պատրաստ մարմարյա ճակատով դիմագրավելու մրրիկները այս գեղեցիկ, բայց ինքն իր գլխացավեն պտուտվող դժբախտ տիեզերքին։ Աստղերուն հասնելու տենչով, ի գործ դրված գերագույն ճիգով եւ դյուցազնորեն եւ խորագունորեն ընդգրկված չարչարանքով կսահմանվի Հանճարը։
Ո՜վ Հանճար Հայկյան, դու խավարին մեջ լուսակարկաչ լեզվի արարիչն ես, դու հավիտենական երգիչն ես ազատության, դու հաստիչն ես այն լուսեղեն իդեալին, որ կռիվ է հայտարարած մութին դեմ։
1917թ.
♦♦♦
Մեր ժողովուրդը, մեր տաղանդավոր ժողովուրդը դարավոր կուլտուրա ունի, ունի գունեղ, խորիմաստ, հարուստ, կախարդիչ ժողովրդական երաժշտություն, միջնադարյան սքանչելի պոեզիա, ինքնատիպ եւ գերող նկարչություն, հանճարեղ ճարտարապետություն, հավետ թարմ եւ ճկուն լեզու… Այժմ մենք սովորում ենք պետականություն, որը պետք է ավելացնի հազարապատիկ արժեքն այն կուլտուրայի, որ մենք ունեինք անցյալում եւ ունենք այժմ։
1929թ.
Պատրաստեց Ն. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ
Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Հոգևոր-մշակութային