ՍԻՐԵՆՔ ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ
Շաբաթական մեկ օր Հրաչ պապն իր թոռների ձեռքից բռնած բերում է «Գևորգյան» մարտարվեստի դպրոց։ Թոռները Ավետ որդու երեխաներն են՝ Հրաչիկն ու Սերոժիկը։ Որդին տղաներից ավագին պապի անունով է կոչել։
-Արաքսյա աղջկաս որդիները՝ Վաղարշակն ու Արմենը, արդեն ծառայել են, վերադարձել,- ասում է պապը,- հիմա հերթը Հրաչինն ու Սերոժինն է։ Բերում եմ մարտարվեստի` մարզվեն, կոփվեն, որ լավ զինվոր դառնան։
Մարտական ընկերները Հրաչին երբեմն «Գերի Հրաչ», երբեմն էլ «Մաուգլի» են անվանում: Դժվարին կյանք է բաժին ընկել նրան։ Ծնվել է Բաքվում, 1952թ.։ 1953 թ.-ին եղբոր՝ Սլավիկի ծնունդից մեկ տարի անց մահանում է մայրը: Հայրը երկու եղբայրներին հանձնում է Շուշիի մանկատուն ու ինքը գնում անհայտ ուղղությամբ։ Երկու որբերի խնամքն իր վրա է վերցնում Մխիթարաշեն գյուղում ապրող Կատին տատը: Խորհրդային բանակում ծառայությունն ավարտելուց հետո Հրաչը ամուսնանում է և երկուսով` կնոջ հետ, աշխատանքի են մեկնում Մոնղոլիա։ Բարեխիղճ հայորդին շատ շուտ է առանձնանում մյուսներից և պարգևատրվում «Ժողովուրդների բարեկամություն» մեդալով։ Հետո կամավոր մեկնում է Չեռնոբիլ, մասնակցում աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Երբ սկսվում է Արցախյան ազատագրական շարժումը, Հրաչն արդեն Հայաստանում էր. «Հիշեցի տատիս, Կատին Աբրահամյանի պատմությունները Շուշիի 1920 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 8-ը տևած կոտորածների մասին. «30 հազար հայ կոտորվեց, տները, ջրհորները լցված էին հայ կանանց, մանուկների դիակներով»։ Եկել էի իմ ժողովրդին պաշտպանելու, անմեղ զոհերի վրեժն առնելու, որպեսզի Կատին տատիս հոգին խաղաղ ննջի հայրենի Մխիթարաշենի հանգստարանում»։
Հրաչն անդամագրվում է «Անդրանիկ Զորավար», «Ջավախք», «Վրիժառուներ» ջոկատներին։ Լեզուներ իմանալու համար հաճախ էր անցնում թշնամու թիկունքը` հետախուզելու: Գործողություններից մեկի ժամանակ էլ բռնվում և դաժան կտտանքների է ենթարկվում։ Երբ Հայաստանում ընկերները, հարազատները նրա կորուստն էին ողբում, մեկ էլ հայտնվում է Հրաչը` զարմանք ու անսահման ուրախություն պատճառելով բոլորին:
-Թուրքից դաժան կենդանի չկա,- հիշում է Հրաչը:- Գոմաղբի միջից գարու, ցորենի հատիկներ էի ման գալիս, որ սովից չմեռնեմ։ Միայն մտածում էի փախչելու մասին,- ասում է նա։
Գերությունից ազատվելով՝ Հրաչ Աբրահամյանը շարունակում է իր կռիվը: Մասնակցում է տարբեր բնակավայրերի ազատագրմանը: Սակայն նրա համար անմոռաց է Շուշի բերդաքաղաքի ազատագրումը. «Մարտն սկսվեց մայիսի 7-ի առավոտյան ժամը 5-ին,- վերհիշում է Հրաչը։- Մենք՝ 11 մահապարտներս, միացանք Շոշ գյուղի տղաներին, որոնց հրամանատարն էր Բեկոր Աշոտը։ Աչքերիս դեմ էր Կատին տատս, ասես լսում էի նրա խոսքերը, խորհուրդ-խրատները, նրա անեծքն ու ողբը ջարդարարների հասցեին։ Երբ հասանք Շուշիի մանկատուն, ես նորից վերապրեցի իմ ու եղբորս՝ Սլավիկի (որը շատ վաղ հեռացավ կյանքից) կրած դառնությունն ու տառապանքները։ Ես հենվեցի որբանոցի պատին ու ինքս ինձ խոսք տվեցի. «Դու պետք է գերությունից ազատես նաև քո դառը մանկությունը»։ Այդպես էլ եղավ` հաղթանակը մաքրեց իմ դառը մանկությունն ու իմ կրած տառապանքները:
Ամեն անգամ շարք էր վերադառնում վերքերը բուժելուց հետո: Մինչ հրադադարը նա որպես ՊԲ N զորամասի հրաձիգ մասնակցում է մի շարք մարտական գործողությունների, որոնցից մեկի՝ 1994թ. Աղդամի ուղղությամբ մղվող մարտի ժամանակ գլխից ծանր վիրավորվում է։
Այժմ Հրաչ Աբրահամյանը 2-րդ կարգի հաշմանդամ է։ Չեռնոբիլի աղետի վերացման աշխատանքներին մասնակցելու համար պարգեւատրվել է երկու մեդալով, ինչպես նաև՝ «Մարտական ծառայության», «Դրաստամատ Կանայան», «Շուշիի ազատագրման» եւ այլ մեդալներով, խրախուսվել է պատվոգրերով, արժեքավոր նվերներով։ Պաշտպանության նախարարության դրամական օգնությամբ ավարտին հասցրեց տան շինարարությունը։ Ճիշտ է, ներսի աշխատանքները մնացել են, սակայն Հրաչը հույս ունի, որ շուտով դրանք էլ կհասցնի ավարտին։
-Ես իմ թոռներին միշտ դաստիարակում եմ այնպես, որ պատրաստ լինեն պատերազմի, բայց ուզում եմ, որ միշտ լինի խաղաղություն… Միակ երազանքս այն է, որ թոռներս չտեսնեն դառնություն, որբություն, որ ինձ հիշեն որպես բարի, հայրենասեր, լավ պապի։ Սերը պակասել է աշխարհից, և մենք մեր սիրով պետք է փրկենք մեզ էլ, աշխարհն էլ,- ասում է Հրաչ Աբրահամյանը։
Գ. ՇԱՂԱՓՅԱՆ
Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Ճակատագրեր