Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՍ ԶԻՆՎՈՐԻՆ…



Մայոր Խորեն Մկրտչյանը ղեկավարում է փոխգնդապետ Ս. Մինասյանի հրամանատարությամբ գործող զորամասի ականանետային դիվիզիոնը՝ կարևոր մի ստորաբաժանում, որի հրամանատար նշանակվելու համար, մասնագիտական բարձր պատրաստվածություն ունենալուց զատ, պետք է ոչ միայն կարգապահ, կիրթ սպա լինել, այլեւ գործին անմնացորդ նվիրված մարդ:

Տարիների հետևողական աշխատանք ու քրտնաջան ծառայություն, անքուն գիշերներ, տագնապներ… Անշուշտ, հնարավոր չէ ծառայությունն առանց այս ամենի:

– Մինչև աչքդ չտեսնի, քիթդ դեմ չառնի դժվարություններին այնպես, ինչպես կռվի դաշտում վառոդի հոտը զինվորի քթին, արդյունքի չես հասնի: Ինչ որ ասում եմ, ասում եմ ելնելով սեփական փորձից: Բայց դրանք արդեն հիշողությանս ծալքերում են,- իր մտորումներն է ինձ հետ կիսում դիվիզիոնի հրամանատարը:- Տասներեք տարին քիչ չէ: Իսկապես, տարիներն արագ են թռչում. կարծես երեկ լիներ՝ ավարտեցի միջնակարգն ու ընդունվեցի Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրետանային ֆակուլտետ և որպես դասակի հրամանատար ծառայության նշանակվեցի հարավարևելյան սահմանամերձ զորամասերից մեկում:

♦♦♦

Դժվարություններից երբեք չխեղճացող և զինվորականի իր պարտականություններն ու տրված առաջադրանքները ժամանակին և ճշգրտորեն կատարող երիտասարդ սպային շատ շուտով առաջխաղացման կարգով վստահվում է դիվիզիոնի հրամանատարի պաշտոնը, իսկ կարճ ժամանակ անց նրան գործուղում են Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ` Սպաների որակավորման բարձրացման կենտրոնի շտաբի պետի դասընթացներին մասնակցելու: Դասընթացները բարձր առաջադիմությամբ ավարտելուց հետո արդեն կապիտանի ուսադիրներով շարունակում է ծառայությունը:

Ակնարկիս հերոսը հրաշալի գիտակցում է, թե ինչ կարեւոր պաշտոն է վստահված իրեն: Անշուշտ, ինչքան մեծ է ստորաբաժանումը, այնքան մեծ է հրամանատարի ուսերին ընկած պատասխանատվության չափը: (Թեպետ այս մտքի հետ չհամաձայնեց Խորենը, ասելով, որ փոքր ստորաբաժանումն էլ նույնքան դժվար է ղեկավարելը, եւ հրամանատարը բոլոր դեպքերում պարտքի եւ պատասխանատվության զգացումով պետք է վերաբերվի իր պաշտոնին): Ղեկավար պաշտոն զբաղեցնող սպան թուլանալու իրավունք չունի, միշտ պատրաստված պետք է լինի ոչ միայն ֆիզիկապես, այլև էությամբ, ամբողջ հոգով, ասել է թե` զգոն, աչալուրջ՝ խստագույնս հետևելով իր իսկ հրամանատարությամբ գործող ստորաբաժանման մարտական և ֆիզիկական պատրաստականության որակական առաջընթացին:

Սահմանում ծառայողը սխալվելու իրավունք բացարձակապես չունի, և դա հրաշալի հասկանում ու գիտակցում են այս զորատեսակում ծառայող թե՛ զինվոր, թե՛ սպա:

Լեռնային պայմաններում ռազմական գործողությունների ժամանակ տեղաշարժվելիս թեթև զանգվածի շնորհիվ ականանետը արագ և ճիշտ խուսանավելու հնարավորություն է տալիս: Ուստի՝ լեռնային թաքստոցներից հակառակորդին դուրս մղելու եւ ոչնչացնելու տեսանկյունից ականանետը անփոխարինելի զենք է, որին վարժ տիրապետում է զորամասում լավագույնը ճանաչված ականանետային դիվիզիոնի յուրաքանչյուր մարտիկ:

Մայոր Խորեն Մկրտչյանը, խոսելով կարգապահության մասին, վստահեցրեց, որ իրենց զինվորական ընտանիքում չկան կեղծ հեղինակություններ, փողոցային հոռի բարքերով առաջնորդվողներ, միջանձնային հարաբերությունները առողջ են, ինչը անընդհատ տարվող բացատրական աշխատանքի արդյունք է:

-Մեր զինվորական ընտանիքում բոլորն առաջնորդվում են մեկմեկու օգնելու եւ չթերանալու կարգախոսով,- հատուկ շեշտեց հրամանատարը:

Ստորաբաժանման ներսում բոլոր աշխատանքները բաշխվում են հավասարաչափ` խստորեն պահպանելով անաչառության սկզբունքը: Ծառայության մեջ աչքի ընկնողները խրախուսվում են կարճատև արձակուրդով, շնորհակալագրերով, շնորհակալական նամակներ են ուղարկվում զինվորի բնակության վայր, դպրոց, բարձրագույն ուսումնական հաստատություն:

-Յուրաքանչյուր զինվորի նկատմամբ դրսևորում ենք անհատական մոտեցում` առաջնորդվելով մարդու մտավոր, կամային, ֆիզիկական կարողություններով: Սպայակազմի համար ամուր եւ վստահելի հենարան են մեր պատրաստված և գրագետ սերժանտները: Կուզենայի նշել մի քանիսին` Գևորգ Բաղդասարյան, Սարգիս Կարապետյան, Հովհաննես Զատիկյան, Վարդան Մանուկյան: Զորամասում լավագույնը լինելը լուրջ և պատվաբեր ձեռքբերում է, ինչը զինվորական բարձր կարգապահության համախմբված աշխատանքի և ամենօրյա քրտնաջան ծառայության արգասիքն է,- ասաց դիվիզիոնի հրամանատարը:

♦♦♦

Մայոր Խորեն Մկրտչյանն իր գործը սիրով և նվիրումով է կատարում: Վաղ առավոտից մինչև երեկո նա զինվորների հետ է, նրանց կողքին, իսկ ծառայությունից հետո գնում է տուն՝ ընտանեկան հարկի տակ իր կարճատեւ հանգիստը վայելելու:

-Երեք երեխա ունեմ` երեքն էլ ծնվել են, երբ ծառայության մեջ էի՝ տանից հեռու: Ինչ արած, այսպիսին է զինվորականի կյանքը:

Երբ ավարտեցի զրույցս դիվիզիոնի հրամանատարի հետ, եւ մենք արդեն բաժանվում էինք, սեղմելով նրա ձեռքը՝ ասացի. «Հպարտության զգացում ապրեցի քո անկեղծությունից, ծառայության եւ զինվորի նկատմամբ քո անկեղծ սիրուց, եւ որ ամենակարեւորն է՝ քո նվիրված աշխատանքից»:

Եվ ես անկեղծ էի իմ դատողություններում:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #13 (1031) 10.04.2014 – 16.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


10/04/2014