Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ «ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐ»



ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայում Ղրիմի ինքնորոշման օգտին Հայաստանի քվեարկությունից հետո Ուկրաինայի ներկայիս իշխանությունների և նրանց սատարողների պահվածքը լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Այնինչ ուկրաինացի ազգայնականների հակահայկական տրամադրությունները նոր չեն և ունեն պատմական արմատներ:

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ուկրաինայի ժամանակավոր ղեկավարությունը քվեարկության էր ներկայացրել մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին բանաձևը: Թեև առաջին հերթին այն ուղղված էր Ռուսաստանի դեմ, սակայն իր մեջ պարունակում էր դրույթներ, որոնք հակասում էին ազգերի ինքնորոշման և մարդու ազատ կամարտահայտման իրավունքներին: Հայաստանը, լինելով Ռուսաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը և ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայության կողմնակիցը, բնականաբար, չէր կարող կողմ քվեարկել նման մի բանաձևի: Հայաստանից բացի, բանաձևին դեմ էին քվեարկել Բելառուսը, Վենեսուելան, Սուդանը, Սիրիան, Հյուսիսային Կորեան, Զիմբաբվեն, Բոլիվիան։ ՀԱՊԿ անդամ Ղրղըզստանն ու Տաջիկստանն ընդհանրապես չէին քվեարկել, իսկ Ղազախստանը ձեռնպահ էր մնացել:

Երևանը հավատարիմ մնաց իր որդեգրած սկզբունքներին: Այլ հարց է, որ Հայաստանի քվեն իսկական խառնաշփոթ առաջացրեց Կիևում: Ազգայնականները շտապեցին խոսել սպառնալիքների և զրպարտանքների լեզվով: Ուկրաինան նույնիսկ հետ կանչեց Երևանից իր դեսպանին: Առավել ուժեղ հակահայկական հայտարարություններ հնչեցին և շարունակվում են հնչել սոցկայքերում:

Քաղաքագետ և հրապարակախոս Ալեքսեյ Բլյումինովը նույնիսկ անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային՝ գրելով. «Ավակովը ծագումով հայ է, Բաքվից, և նա է, որ անցած տարի փորձեց խորհրդարանում անցկացնել ցեղասպանության մասին բանաձևը: Ես առաջարկում եմ ընդունել այդ բանաձևը, սակայն հետևյալ խմբագրությամբ. «Ցեղասպանություն չի՛ եղել, բայց անպայմա՛ն կլինի»: Ես դեմ եմ «Հայաստան» կոչվող պետությանը: Եթե Ռուսաստանն այսօր զավթիչ է, ապա վաղը կարող է փոխվել, եթե փոխվեն իշխանությունները: Սակայն այլ Հայաստան չկա»: Ուկրաինացի քաղաքական գործիչների էջերում հայտնվեցին նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունն ընդլայնելու անհրաժեշտության, նույնիսկ Հայաստանում իշխանափոխություն կազմակերպելու կոչեր: Նման մթնոլորտում հարկ է դիմել անցյալին և պարզել, թե արդյոք անխո՞չ են եղել հայ-ուկրաինական հարաբեությունները:

Ներկայիս սահմաններով Ուկրաինայի տարածքում հայերը բնակություն են հաստատել դեռևս նախքան Կիևյան Ռուսիայի ստեղծումը` հիմնականում Սև ծովի առափնյա շրջանների հունական քաղաքներում, Ղրիմում: Հայերի մեծ գաղութներ առաջացան IX դարից հետո, հատկապես մեծաքանակ էր Լեհաստանի կազմում գտնվող Արևմտյան Ուկրաինայի կամ Գալիցիայի հայկական համայնքը: XVI դարում հայերն աջակցեցին ուկրաինացի կազակներին Լեհաստանի դեմ ազատագրական պայքարում: Մինչդեռ 1917 թվականին Ռուսական կայսրության փլուզումից հետո ձևավորված Ուկրաինական Հանրապետության ղեկավարությունն այնքան էլ բարյացակամ դիրքորոշում չորդեգրեց Հայաստանի Առաջին Հանրապետության և հայության նկատմամբ: Պատճառն այն էր, որ Առաջին աշխարհամարտի տարիներին հայությունը հակված էր դաշնակցային հարաբերությունների Անտանտի երկրների հետ, իսկ նորաստեղծ Ուկրաինան իր պետականությունը կառուցում էր Գերմանիայի և նրա դաշնակիցների օժանդակությամբ: Ազգայնականներն անթաքույց աջակցում էին Վրաստանին թե՛ 1918-1919թթ. հայ-վրացական պատերազմի ժամանակ և թե՛ հայ ստվար բնակչությամբ Սոչիի շրջանում վրացական ազգայնականների իրականացրած ռազմական գործողությունների օրոք: Երկրորդ աշխարհամարտի տարիներին` 1943-1944թթ., տխրահռչակ Ստեփան Բանդերայի գաղափարներով տոգորված ազգայնականներն այլ ազգերի հետ միասին նախաձեռնեցին հայերի կոտորածները Գալիցիայում, որոնց ժամանակ զոհ գնաց նվազագույնը 20 հազար հայ: Հայաթափվում էր Ղրիմը:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ուկրաինայում հաստատված ազգայնականների վարչակազմը նախընտրեց միանալ հակառուսական տրամադրություն ունեցող հետխորհրդային երկրներին, ինչի արդյունքում ԱՊՀ շրջանակներում ձևավորվեց ոչ պաշտոնական ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան և Մոլդովա) դաշինքը, որին երբեմն միանում էր նաև Ուզբեկստանը: Այդ երկրները բազմիցս են համատեղ հանդես եկել միջազգային բոլոր կազմակերպություններում թե՛ հակառուսական և թե՛ հակահայկական նախաձեռնություններով: Օրինակ` 2008 թվականի մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՎՈւԱՄ երկրների նախաձեռնությամբ քվեարկության դրվեց, այսպես կոչված, «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի շուրջ» 62/243 բանաձևը, որին կողմ քվեարկեց 39, (հիմնականում իսլամական), դեմ` 7, ձեռնպահ՝ 100 պետություն: Բնական է, որ Ուկրաինան կողմ քվեարկածների թվում էր: Բացի Հայաստանից, դեմ էին քվեարկել Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Հնդկաստանը, Անգոլան և Վանուատուն: ՀԱՊԿ անդամ երկրներից ձեռնպահ էր քվեարկել Ղազախստանը, իսկ Բելառուսը, Ղրղըզստանը, Տաջիկստանը քվեարկությանը չէին մասնակցել: Հատկանշական է, որ քվեարկությունից հետո ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչը հայտարարել էր, թե «Ադրբեջանի, Մոլդովայի և Վրաստանի տարածքներում առկա չլուծված հակամարտություններն այս երկրների համար ժողովրդավարության և տնտեսական զարգացման ճանապարհին կանգնած հիմնական խոչընդոտներն են»: Նշվել էր նաև, որ Ուկրաինան կտրականապես բացառում է «այս երկրներում առկա կոնֆլիկտների և Կոսովոյի միջև որևէ զուգահեռներ անցկացնելը»: Ի դեպ, այս հայտարարությունից հետո Հայաստանը Կիևից իր դեսպանին հետ կանչելու կոչեր չհնչեցրեց: Պաշտոնական Երևանն այսքան տարի աչք է փակում նաև այն փաստի վրա, որ արցախահայության դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի պայմաններում Բաքվին աջակցում էին բազաթիվ ուկրաինացի վարձկաններ` թե՛ կադրային զինվորականներ, թե՛ կամավորներ: Ուկրաինացի օդաչուները ռմբակոծում էին Ստեփանակերտը և Արցախի այլ բնակավայրեր, տեղակապակցողներն ուղղորդում էին հրետանային կրակը: Ուկրաինան պաշտոնապես զինամթերք և սպառազինություն էր մատակարարում Ադրբեջանին: Պաշտոնական վիճակագրության համաձայն` 1993 թվականից Կիևը Բաքվին տրամադրել է 495 միավոր հրթիռ և հրթիռային համակարգ, 294 միավոր խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր, այդ թվում` 12 «Սմերչ» համակարգ, շուրջ 50 ռազմական ինքնաթիռ, շուրջ 400 միավոր տանկ և զրահապատ մեքենա:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա այստեղ ևս ուկրաինացի ազգայնականները չկարողացան անկողմնակալ լինել: Այսպես` 2013թ. հունիսի 6-ին Ուկրաինայի Գերագույն ռադայում ներկայացված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի նախագիծը, որը հեղինակել էին պատգամավորներ Վիլեն Շատվորյանը («Ռեգիոնների կուսակցություն») և Արսեն Ավակովը («Բատկիվշչինա»), տապալվեց դեռ խորհրդարանի Մարդու իրավունքների և միջէթնիկ հարաբերությունների հանձնաժողովում: Հանձնաժողովում կարծիք էին հայտնել, թե «նման օրինագծի ընդունումը կարող է երկրում լուրջ վնաս հասցնել ազգամիջյան հարաբերություններին»: Ի դեպ, Ղրիմի Ինքնավարության խորհրդարանը դեռ 2005 թվականի մայիսի 19-ին որոշում էր կայացրել սահմանել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Պաշտոնական Կիևը այն ժամանակ պարտադրեց կասեցնել որոշումը: Ավելին` հունիսի 17-ին անսպասելի Կիև ժամանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը վերջնագրի ոճով պահանջեց ուկրաինական իշխանություններին չեղյալ հայտարարել Ղրիմի խորհրդարանականների նախաձեռնությունը: Ճնշում էր գործադրել նաև Անկարան:

Հունիսի 22-ին Ինքնավարության Գերագույն խորհրդում նորից անդրադարձան հարցի քննարկմանը: Ղրիմի խորհրդարանականները կարողացան դիմակայել Կիևի և թուրքական ճնշումներին՝ վերահաստատելով իրենց որոշումը: Եվ 2005 թվականից ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Բնական է, որ Ուկրաինայի ներկայիս իշխանությունները և ազգայնականները բացահայտորեն կմիանան թուրք-ադրբեջանական հակահայկական տանդեմին` ցանկանալով այն ուղղել նաև Ռուսաստանի դեմ: Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա այն ոչ միայն անհեռանկար ձեռնարկ է, այլև մեծ է հավանականությունը, որ ուկրաինացիները կարող են միանալ թուրքական ժխտողականությանը:

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ
Լեյտենանտ

Խորագիր՝ #14 (1032) 17.04.2014 – 23.04.2014, Ուշադրության կենտրոնում, Տարածաշրջան


17/04/2014