ՀԵՆԱԿԵՏՈՒՄ ԾԱՌԱՅԵԼԸ ՊԱՏԻՎ Է
Զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Սեդրակ Հովհաննիսյանի ուղեկցությամբ բարձրանում ենք մարտական հենակետեր: Մե՛րթ անձրև է, մե՛րթ ձյուն: Սակայն հոնին ծաղկել է ու աչք է շոյում իր դեղին տերևներով:
-Մեր կողմերում ուրիշ է բնությունը, – ասում է մայոր Ս. Հովհաննիսյանը,- այստեղի բնությունը շատ ավելի գեղեցիկ է:
– Իսկ ո՞րն է ձեր ծննդավայրը, – հարցնում եմ մայորին:
-Սպիտակի Խնկոյան գյուղը: Դպրոցից հետո սովորել եմ Ռուսաստանի Դաշնության ռազմաինժեներային ակադեմիայում: Վերադառնալով՝ ծառայության եմ անցել սահմանային զորամասում` նախ որպես դասակի, այնուհետև վաշտի հրամանատար: Ամուսնացած եմ, ունեմ տղա և աղջիկ: Արժանացել եմ «Անբասիր ծառայության համար» 1-աստիճանի մեդալի:
Ժպտում է երիտասարդ սպան ու ցույց տալիս ներքևում, սարերի լանջերին փռված բնակավայրերը, որոնք արթնացել են ձմռան նիրհից:
Մարտական հենակետեր տանող ճանապարհահատվածի այն տեղերում, որոնք առավել խոցելի են թշնամու կողմից՝ տեղադրված են, այսպես ասած, «դիմակներ»:
– Իմ ծառայության ընթացքում զորամասում կատարվել են բազմաթիվ ինժեներական աշխատանքներ՝ ականների տեղադրում, փշալարային համակարգի կատարելագործում, բոլոր դիրքերի կահավորում,- լռությունը խախտում է նա:- Միջդիրքային հատվածներում փշալարային համակարգ է կառուցվել: Մի խոսքով, բարելավել ենք մարտական հենակետերը, խրամատները երեսպատել ենք, խրամուղիները` մաքրել:
Մարտական այս հենակետում իրենց ծառայությունն են անցկացնում հրաձգային գումարտակի զինծառայողները: Գումարտակի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարն է շտաբի պետ, մայոր Վոլոդյա Սողոմոնյանը: Կոտայքի Քանաքեռավան բնակավայրից է: Միջնակարգն ավարտելուց հետո սովորել է Վ. Սարգսյանի անվան ՌԻ համազորային ֆակուլտետում: Ծառայության է անցել որպես դասակի, ապա վաշտի հրամանատար: 2013 թվականից տեղափոխվել է սահմանային այս զորամասը:
-Այսպիսի հենակետում ծառայելով՝ տղաները հասկանում են, թե ինչ կարևոր և պատասխանատու խնդիր են կատարում: Երբ նվիրվում ես գործին, քեզ հայրենիքի զինվոր ես զգում, դժվարությունները չես զգում: Մեր զինվորական կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտն առողջ է: Ուզում եմ հավատացնել, որ սրանք գեղեցիկ խոսքեր չեն, այլ իրականություն: Հակառակորդի ներկայությունն ավելի զգոն, ավելի ուշադիր ու պատասխանատու է դարձնում տղաներին,- ասում է մայոր Վ. Սողոմոնյանը:
Ծանոթանում եմ հենակետի զինծառայողների հետ: Հենակետի ավագ, կրտսեր սերժանտ Հակոբ Հովակիմյանը ծնվել է Նոր Հաճնում, սակայն արմատները Չինարի գյուղից են: Ուսանել է Երևանի ճարտարապետական համալսարանում: Կացարանի դիտորդ, շարքային հրաձիգ Արման Մարգարյանը Կոտայքի Արամուս գյուղից է, նռնականետորդ, շարքային Դավիթ Սիսակյանը՝ Երևանից, Ստեփան Ստամբոլցյանը՝ Վարդենիսից: Նրանց մասին հենակետի ավագը գովեստի խոսքեր է ասում. «Մարտական հերթապահության կանգնած զինվորների մասին միայն կարելի է գովեստի խոսքեր ասել` կարգապահ են, գիշեր, թե ցերեկ` աչալուրջ»:
Հենակետի ավագը իրականացնում է հերթափոխ՝ շարքային Գոռ Եսայանը փոխարինում է խրամատի դիտորդ, շարքային Գուրգեն Հակոբյանին: Անցնում ենք խրամատներով, դիտորդը լսելով «վարագույրի» ձայները, պահանջում է.
-Տեղում կա՛նգ, նշանաբա՛նը:
Լսելով նշանաբանը՝ պատասխանում է.
-Ընդունված է, – և շարժվում ենք առաջ:
Դիտարկման անցքից երևում է հակառակորդի հենակետը: Դիտորդը զեկուցում է, որ շարժ չի նկատել, հարաբերական հանգիստ է: Խրամատի պատին փորված պատուհանի մեջ զորացրված զինվորների ձեռքով պատրաստված փայտե խաչեր, քանդակներ, սրբապատկերներ կան: Դա արդեն ավանդույթ է դարձել: Զորացրվում են զինվորները, սակայն նրանց գործերը, ասել է թե՝ նրանց ոգին, այստեղ է, դիրքերում:
Ադրբեջանական բնակավայրի կողմից ձայներ են լսվում: Տղաները սովորել են այդ ձայներին, և հայացքը նրանց հենակետերին` հանդարտ ու անխռով տանում են իրենց ծառայությունը:
Գ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ