Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԱՊԱՏԻՎ ՄՈՒՐԱՑԿԱՆԸ



Հազար ինն հարյուր իննսուներեք թվականի հոկտեմբերին, մեծն երգիծաբան Հակոբ Պարոնյանի ծննդյան 150-ամյակին առիթով, ցանկություն մը կար Ղալաթիո կառամատույցին վրա Տրապիզոնեն եկած շոգենավ մը դիմավորելու։ Սակայն փոխված էին ժամանակներն, ու շատ ջրեր հոսած-գացած էին։ Փոքրիկ, զուլալ առվին դեմն առնելով՝ փոքրիկ Հայրենիք-Ծովակ մը գոյացած Էր, որուն ջրերում կլողար փոքրիկ նավակ մը։
Շուրջբոլորն օվկիան, տարբեր ուղղություններով փչող քամիներ, ահեղագոչ ալիքներու բախյուն, փոթորիկ։ Ինչպե՞ս պիտի առաջանար փոքրիկ նավակը, որտե՞ղ Էր նավահանգիստը։ Նավակը թիավարելու, փարոսը վառ պահելու ինչ ծրագիրներուն վրա կմտմտան մեր մեծապատիվ ազգային ջոջերը…
Կառամատույցին փոխարեն մեկնեցանք օդակայան մը, որտեղ օդապարիկներով աշխարհի տարբեր ծայրերեն վար կիջնային անթիվ, անհամար մարդիկ։ Հույս ունենալով հանդիպել Պարոնյանի մեծապատիվ մուրացկաններեն որևէ մեկի հետնորդին՝ թոռանը, ծոռանը, ծոռնեծոռանը, ծոռնեծոռնեծոռանը, որոնցեն մեկնումեկին շառավիղն անշուշտ պետք է ըլլար մեր փնտրած մեծապատիվ Ազգային ջոջը։
Օրը, ինչպես երգիծաբանը կվկայեր, ո՛չ հով կար, ո՛չ անձրև, ո՛չ կառք, ո՛չ ալ արև։ Օդակայանին ողջ տարածքը լեցված էր ահռելի բազմությամբ, մուրացկաններ շատ կային, բայց ոչ մեծապատիվ։ Ճարահատ հայտարարություն մը փակցրինք օդակայանին բոլոր ապակիներուն վրա. «Կաղաչենք ձայն հանեն Հակոբ Պարոնյանի մեծապատիվ մուրացկաններու ու ազգային ջոջերու հետնորդները։ Որոշած ենք ինքզինքնին ազգասեր համարող, ազգային պաշտոններե ստակ (դրամ) վաստկողներուն անունները թերթերու մեջ անկողմնակալությամբ հրապարակել, որոշած ըլլալով՝ կխնդրենք այդ ազգասերներեն, որ հաճին անուննին իմացնել մեզի, որպեսզի սխալմունք մը ընելով ճշմարտությունը չվիրավորենք։
Պատվելիին վարդապետություններն հետևյալներն ըլլալու են.
1. Պետք է մարդերն իրենց խոսքերեն դատել և ոչ գործերեն։
2. ժամանակին հարմարելը փոքր մարդերու գործն է, մեծ մարդն ան է, ով գիտե ժամանակն իրեն հարմարեցնել։
3. Երբ ճամփա մը բռնեցիր, շարունակե այն, եթե ազգդ ալ կործանի։
Պատվելին ըլլա եպիսկոպոս, աստվածաբան, հրապարակախոս, ֆանատիկոս-ֆանտաստիկոս, կատակերգակ, գրող, բանաստեղծ, ազգային երեսփոխան-երեսփոխող, պատմագետ, թատրոնապետ, մատենագիր, լեզվագետ, կրիտիկոս, հերետիկոս, բարբարոս, մաթեմատիկոս, խմբագրապետ»։ Ահավասիկ հայտարարությունը։ Մանր-մունր մուրացկաններ մեծապատիվ երևնալուն համար տռզած փորերով և ուռած ճամպրուկներով ժամերով կկարդային հայտարարությունը՝ ամսագրուն, թերթերուն առաջին էջերին կտեսնեին իրենց մեծադիր լուսանկարները՝ ճամպրուկներուն դեզին նստած։ Պահ մը ուրախութենեն փայլող աչքերով կարծես դրախտ կընկնեին, սակայն կարճ ատեն ախուվախ քաշելով կհեռանային, ցավելով, որ ինչ-որ մի բան չի համընկնում։ Մի քանիսին տվյալները համընկան, բացի կրիտիկոս, հերետիկոս, բարբարոսից։ Ցավակցեցանք։ Նրանք հեռացան՝ խոստանալով շուտով վերադառնալ՝ կրիտիկոս, հերետիկոս, բարբարոս դարձած։
Հեռվեն երևաց ճամփորդ մը՝ օժտված երկու զույգ մը խոշոր, սև աչքերով, զույգ մը հաստ, սպիտակ հոնքերով, զույգ մը մեծ ականջներով և զույգ մը քթով։ Պատվելիին դևերի խումբ մը շրջապատած էր՝ երևի բեռնակիրներն ըլլալու էին,- մտածեցինք։ Դևերեն յուրաքանչյուրի 7 ձեռքեն, 4 ոտքեն, 14 ականջներեն կախված էին ճամպրուկներ: Անոնց 7 գլխներուն վրա նույնպես դրված էին ճամպրուկներ։
Ծանոթ դեմք մը ուներ, ժամանակին հայրենիքին մեջ թերթ ու ամսագիր լույս կընծայեր, հետո երբ հայրենիքին մեջ սկսեցավ սառցակալում, այսինքն՝ ցրտերն երբ ընկան, երևելին սկսեցավ սրթսրթալ, մռթմռթալ, մրսել, ատամներն իրարու զարկել։ Հետո, երբ սկսեցան սառչել նաև մարմնին այլ մասեր, սառցակալումը հասավ ուղեղին։ Երևելին ալ չդիմացավ՝ կապեց ճամպրուկները, նախկին աշխատատեղեն ինչ կար-չկար վաճառեց ու հայդե՜ Փարիզ։ Ֆրանկների երկրում երբ քիչ մը հալվեց սառած ուղեղը՝ սկսեց թուքումուր տեղալ հայրենիքին հասցեին։ Փառք Աստծո, եղավ խաղաղություն, ու նախկին խմբագրապետը կարոտցավ հայրենիքին։

♦♦♦

Շքախումբը այդպես կառաջանար, երբ դևերեն մեկը պատվելուն ցուցադրեց ապակու վրային գիրը. «Ըհը՛, ըհը՛»,- քխքխկաց պատվելին։ «Հրամա՛նքդ, պարոն»,- չորս կողմեն խոնարհվեցան դևերը։ Հայտարարությունը կարդալով՝ մեծարգոն շփեց ձեռքերը, և երկու զույգ աչքերը փայլեցան։ Աս է, որ կա ազգային ջոջերեն, մեծապատիվ մուրացկաններեն ամենամեծը,- անցավ մեր մտքով։
Անակնկալ հանդիպում մը տեղի ունեցավ, ողջագուրվեցանք, հարցուպատասխան ազգային կիսատ-պռատ գործերեն, անցած ժամանակներեն…
-Պատվելի երեսփոխող. ներեցեք՝ երեսփոխան, հրապարակախոս, պատմագետ, խմբագրապետ, կրիտիկոս, հերետիկոս, կարծեմ, վերջին շրջանին դուք հայրենիքին մեջ թերթ, ամսագիր մը լույս կընծայեիք, ինչպե՞ս եղավ վերջինիս ճակատագիրը.
-Ի՞նչ ըսեմ՝ խրված էի ազգային գործերուն մեջ, երբ լուր բերին, թե ամսագիրը մնացած է անտեր։ Ողջ խմբագրատունը հավաքվեցավ, երկար աղաչանք-պաղատանքե ետք ինձ առաջադրեց խմբագրապետ (նախկինում խմբագիր մը սոսկ եղած էր)։ Ազգային գաղափարներուս հովերեն տարված՝ արդյոք ժամանակս կբավե՞,- կմտմտայի։
Վերջապես համաձայնեցա, պայմանով մը, որ յուրաքանչյուր աշխատող ապրե և երազե իմ ազգային գաղափարական ծրագիրերով։ Կարծեմ՝ ամսագիրը «Մեղու» կկոչվեր, ի՞նչ մեղու, եղբայրս, աս դժբախտ, հեծծող ազգին մեղվի խա՞յթն էր պակաս։ Ամսագիրը անվանակոչեցա «Երկաթե շերեփ»՝ ազգին պահապան մեծն Հայոց հայրապետին մաղթանքով։ «Երկաթե շերեփը» (առհասարակ շերեփը) և՛ անձնական, և՛ հասարակական, այսինքն ազգային շահի համար գտնված պարագա մըն է։ Այն ատեն աղբի զամբյուղը նետեցա նախկին ապազգային գաղափարները։ Փնտրտուքին մեջ էի՝ նոր գաղափարներ, ծրագրեր… Ինձի հասկցողներ քիչ գտնվեցան։ Ահավասիկ երգիծաբան Պարոնյանը ինչ գրեց. «Թուղթ մը գտավ ու վրան գրեց «Երկաթե շերեփ»։ Այդ երկաթե շերեփով քիչ մը ժամանակի մեջ այնպիսի ջարդ մը տվավ ընթերցողներուն, որ իրմե զատ, «Երկաթե շերեփ» կարդացող չմնաց։
Իսկ ի՞նչ վատ բան ըրած էի, սիրելիս։ Ա՛զգը կուզեի փրկել, ա՛զգը… Շարունակեմ միտքս՝ խմբագրապետ դառնալուցս քանի մը օր ետքը ներկայացրի իմ ազգային պահանջները։ Ահավասիկ՝
1. Աշխատողները պիտի քնանային շաբաթվան միայն մեկ գիշերը, մնացած գիշեր-ցերեկները պիտի մտածեին ազգը փրկելու ծրագիրին վրա և առավոտյան ուռած աչքերով ինձի տեղյակ պիտի պահեին ազգին փրկության իրենց ծրագիրները։
2. Ազգային վեհ գործին համար բնավ չպիտի վարձատրվեին…
3. Հայրենիքի սահմաններում և այլուր ինչ բամբասանքներ որ կպտտեին իմ անձիս (ներեցեք, վասնզի պիտի ըսեի՝ իմ ազգային գաղափարներուս) շուրջը՝ տեղյակ պահեին ինձի։ Աշխատակցուհիներէս մեկը, տարվելով իմ ազգային գաղափարներով, սկսեցավ ծածուկ սեր մը տածել հանդեպ ինձի։ Ա՜խ, եթե չըլլային ազգային գաղափարներս, ես նրան…
Հաջորդ պահանջը՝
փող, տնտեսություն, հաշիվ, որոնք նույնպես անչափ կարևոր են ազգային և համազգային գաղափարներում։
1. Հաշվապահը պետք է խուլ ըլլար, փորձելու համար ականջին տակ պետք է զնգացնեիր թուրքական ոսկին (բիշիբիռլին), եթե լսեր՝ լավ չէ, ազգը պիտի տուժեր, եթե չլսեր՝ զնգոցը պիտի գնար ազգային գործին…
2. Կառապանները (ներեցեք, վարորդները), ուղտի կաշուց գդակ դնեին և կառքը նստած կազմ-պատրաստ սպասեին արևին տակ՝ ազգային գործերը ձեռաց կատարելու։ Եվ պատկերացրու այս ամենը ըրած էի՝ ելնելով միմիայն ազգային գաղափարական իմ ծրագիրերեն։
-Պարոն խմբագրապետ, Դուք ազգի համար Ձե՛ր անձն ու առողջությունը միշտ վտանգած եք տարբեր պաշտոններում, եղած եք եկեղեցական երեսփոխող, երեսփոխան, թերթերու, ամսագիրներու կրիտիկոս, պատմագետ, խմբագրապետ՝ կաղաչեմ ըսեք՝ ազգը ձեզի աղեկ հասկցա՞վ, չենե՞ չէ՛…
-Ես ալ քեզ կաղաչեմ՝ ազգիս մի դիպչեր։ Աշխատակիցները դրանք ազգ չեն, այլ մանր-մունր քյալլագյոզներ։ Որտեղ աշխատած եմ հանուն ազգի, անոնց հախեն եկած եմ։ Երբ խմբագրության կառքերեն մեկը վերցուցի փայտ կրելուն համար՝ կառապանը, ձմռանը խիստ մրսած ըլլալով, իմ ազգային-գաղափարական աշխատությունները, հոդվածները (ազգը փրկելու մասին), գիրքերը այրել, ողջ ձմեռ տաքացեր էր, հետն ալ մտքիս կրակներուն վրա չոջուխներուն համար ճաշ եփած էր (թշվառ իմ ազգ, միշտ կարոտ է իմ գաղափարներուն)։ Հա՛, այս կառապանը… Գարունը երբ տաքերն ընկան, եկավ քովս, թե.
-Պարոն խմբագրապետ, ձեր ազգային գաղափարներեն ելած կրակները ճաշ չեն եփեր, եփածն ալ համեղ չէր, ազգային համեմունքներ գցեինք-չգցեինք մեջը՝ ազգային համ ու հոտ չուներ ու չուներ։ Եփված ճաշեն շատերը կերած էին և նույն կարծիքին էին։ Հիմա ի՞նչ է՝ թաբուլե, սիֆտե՞ք (բիֆշտեքս) կուտեն…
Մյուս կառքին, ձիերը դիմացան, իսկ կառապանը… Աստված հոգին լուսավորե՝ ազգային գործերը զոհեր կպահանջեն։ Իսկ իմ գաղափարակիցները միայն ընտանիքիս անդամները եղած են (դրսում բնավ հարգանք մը չունիմ)։ Կառքով աղջիկներս վազ կուտային օրիորդաց դպրոցներ, տղաներս, փեսաներս նույն կառքով կսլանային ժողովուրդին մեջ, Վարդովյանի թատրոն, կանայք, ներող եղեք՝ կինս, այդ նույն կառքով կմեկներ հանդիսություններու։ Անգամ թոռներս լծված էին կառքին, և գիտե՞ք ինչ պատրվակով՝ ժողովո՜ւրդը կրթելու, իմ ազգային գաղափարնե՜րը նրան հաղորդելու սուրբ գործին։ Երևակայե, հանգած եմ մտքի մը՝ թե ձիերը կենդանիներեն ամենահայրենասերներ ու ամենադիմացկուն արարածներն են…
-Այդ ահեղ սլացքին մեջ մենա՞կ հասցրիք տպել ամսագիրը, ով ազգի հերետիկոս, կրիտիկոս, պատմագետ, խմբագրապետ։
-Հասցնելը հասցրի, միայն քիչ մը ազգային գործերս կկաղային։ Եվ ինչպես ամեն դժվար պահի, այս անգամ ալ միտք մը ճառագեց ուղեղիս մթին խորխորատներին՝ հերիֆ մը գտա, խմբագրատունն իր կահ-կարասիով փոխեցա թուրքական ոսկիով, ու երբ ոսկին զնգոցով գրպանս լեցվեցավ՝ ծաղկում ապրեցան ազգային գործերը, բայց ափսոս, էժան էր…
-Ի՞նչը, պատվելի..
-Ինչպե՞ս ըսեմ, կառքերուն լծված ձիերեն մեկը հղի էր, մոտ ապագային քուռակ մը կունենար, հերիֆը վճարեց, ըսելով. «Աչքս տեսնի, թող սոխ ըլլա» «Նաղդի օլսուն, սողան օլսուն»։
Բայց դա չէր կարևորը, կարևորը ազգային գաղափարներս էին, որ ծաղկեցան…
-Մեր ազգը ունեցած է բարերարներ, ազգասերներ, օրինակին համար ազգային մեծ գործիչ Միքայել Նալբանդյանը Հնդկաստան գացած էր փողի համար և այդ գումարով մտադրված էր անգամ Գարիբալդու զինվորներին զինել զենքով-զրահով՝ Հայոց փրկության համար։ Դուք ո՞ր ուղղությամբ եք մտադիր ազգային գործերը ծավալելու։
-Ահավասիկ, ֆրանկներու երկրեն կուգամ։ Ազգային գործերը ծավալելու համար հարմար գտած եմ ֆրանկներու և ինգլիզներու երկիրները՝ աֆերիմները հարուստ տեսականի մը ունին… Մեկ, երկու անգամ բարեհաջող գնալ-գալեն ետքը, վերջին անգամ ճամպրուկներս գողացան օդակայանեն, և գիտե՞ք ինչ կար ճամպրուկներուս մեջ…
-Ի՞նչ, պատվելի… խմբագրապետ…
-է՜հ, խմբագրապետ, խմբագրապետ։ Կաղաչեմ այդպես մի՛ դիմեք ինձի, ես համեստ եմ կյանքում, բայց թույլ եմ տալիս Ազգային մեծապատիվ ջոջ ինձի ըսելու, թեև դա ալ ինձի չի բավեր (ախ, միտքս, միտքս)։ Հա, ինչ կորցուցի՝ 5 ճամպրուկ՝ փորերը պայթելու աստիճան լեցված էին ազգը փրկելու գաղափարներով, 5-ը՝ ծովից ծով Հայաստանի քարտեզներով, 5-ը՝ սուլթանական Թուրքիան տապալելու վերջնական ծրագիրով, որ մշակել էի արտասահմանում, 5-ը՝ ժողովուրդին կրթելու, դաստիարակելու ընտիր ճառերով։ 5-ն ալ չոջուխներու պատրվակով, ֆրանկներուն մոլորեցնելու համար զանազան դատարկ բաներ լցրած էի՝ մատնիք, մարջան, ապարանջան, որոնց արանքները, սակայն, դատարկ չէին։ Դու գիտե՞ս մեր ֆիդայիները անոթի եղած ժամանակ ինչո՞վ կսնվեին՝ օրերով մի բուռ կորեկ, այո՛, այդ ալ էի մտածել, և կպատկերացնես, ֆրանկների երկրեն էի կորեկը բերած։ Ցավս կորեկն է՝ գաղափարներս մեջս են, այն ոչ մեկը չի կարող գողնալ՝ ախ, ֆիդայիների համար բերած կորեկը… փլաֆ ըրին, կերան, երևի ազգի ոչուփուչերը։ Կերան ու չիմացան, որ դա մեր հոգևոր հացն էր, ազգային գաղափարը։ Թե չէ մատնիք, մարջանը չէ ցավս… ջանս…
-Վշտացած եմ, պատվելի, ազգը մեծ բան կորցուցած է։ Մեր ֆիդայիները սարերում, ձյուներու մեջ հիմա անչափ քաղցած կըլլան։ Բայց ձեր նման Ազգայինը դժվար ելք մը չի գտներ։ Ի՞նչ խնդիրներուն վրա կմտմտաք՝ հո հիվանդ չե՞ք։ Առաջներն բուռն, կրքոտ ելույթներ, ճառեր կունենայիք ժողովներում, եկեղեցում, խմբագրատանը։ Կհիշեմ՝ երեսփոխանական ժողովներեն մեկի ժամանակ, ձեր ելույթին պահին, ճերմակ մազերով, առյուծաբաշ երեսփոխան մը քնից արթննալով (երևի վատ երա՞զ տեսած էր), գոռաց. «Դուրս արեք այդ ջհուդին»։ Սակայն դուք, ինչպես վայել է Ազգային ջոջերին, անգամ մը չկարմրեցաք, ավարտին հասցրիք ձեր խոսքը, կիսեցիք գաղափարները ժողովականներուն հետ։ Ներկաները ջերմ ծափահարեցան՝ «աֆերի՜մ, աֆերի՜մ» կանչելով։
-Աչքերս են քիչ մը տկարացած, բայց փառք պիտի տամ Աստծուն առողջությանս համար։ Ինչ կվերաբերի ազգային գաղափարներուս՝ թղթին կհանձնեմ ապագային համար (հիմա չեն լսեր)։ Անվանս դիպչողներուն ի՞նչ ըսեմ։ Միշտ այդպես է՝ խելոք մարդուն ջհուդ կըսեն։ Մարգարեն իր հայրենիքում հարգանք չի վայելեր։ Իսկ ազգային գործիչները ծովից ծով թշնամիներ ունեն։ Թշնամիներս, անշուշտ, ամեն գիշեր հանգիստ քնացեր են, ոչ մեկը ազգիս ցավով մեկ գիշեր անգամ չի լուսացրել։ Իսկ ես, ահավասիկ, կորցրել եմ աչքերիս քունն ու տեսողությունը… Դրամական վիճակս ալ ծանր է, անչափ ծանր…
-Մի՛ հուսահատվեք, պատվելի, Ազգային մեծապատիվ ջոջ, պատմագետ, լեզվագետ, կրիտիկոս, հերետիկոս, երեսփոխան, ֆանտաստիկոս, աստվածաբան, խմբագրապետ, փոխվել են ժամանակները, նոր խմբագրատուն մը հիմնված է, ազգը կրթելու, զինելու առաքելություն մը ունի։ Ամեն ինչ կա՝ մալ-դովլաթ, անթիվ աշխատողներ։ Երկու կառք ունին, ձիերեն մեկը քուռակ ունի, մյուսն ալ կարծեմ հղի է։ Այդ ամենը ոսկու վերածելով կերևակայե՞ք ազգային գործերու բարգավաճումը։ Խմբագիր ալ կա, սակայն ազգային գործերուն մեջ քիչ մը կկաղա։ Խմբագրապետ մը հարկավոր է՝ ազգը թախանձագին կաղաչե…
-Ահավասիկ, որ կաղաչեն, ես անպայման կուգամ, միայն կխնդրեմ քիչ մը սպասեք։ Կհասկնա՞ք, ուղեղս դեռ քիչ մը պաղած է՝ այս ձմեռն ալ կուզեմ այն տաքցնել ֆրանկներու երկրում։ Տաքնալեն ետքը գարնան արևուն հետ հայրենիք կվերադառնամ։ Այն ատեն անպայման կանցնիմ, վասնզի անձս նվիրաբերած եմ հայրենիքիս։
-Կաղաչենք, մեծարգո խմբագրապետ, վերադառնալեն ետքը այցելեք։ Խմբագրությունը կազմ ու պատրաստ կսպասե։
-Կաղաչեմ, ըսեք, անհապաղ ձգեք հասցեն, մինչև երթալս կուզեմ պարզել՝ ձիերեն մեկն է հղի, թե երկունքն ալ…
-Ահավասիկ հասցեն՝ Պատվելի, Բերա, Ծաղկի փողոց, թիվ 2։

♦♦♦

-Ուղիղ տասը տարի անց Երևանում հանդիպեցի փարիզաբնակ տիկին Թագուհուն։
Հաջորդ օրը նա պետք է նորից մեկներ Փարիզ։ Նրան հանձնեցի «Մեծապատիվ մուրացկանը» մեծարգո խմբագրապետ-ֆանատիկոսին հանձնելու համար։
-Դո՛ւն ալ կճանչնա՞ս անոր,- զարմացավ Թագուհին։
-Անոր ո՞վ չճանչնար,- ասացի։ -Ինչպե՞ս է մեծ հայրենասերի առողջականը, լուրեր կպտտի, թե վատ է։
-Չէ՛, ջանըմ, ֆրանկներու նման մազերը պոչիկ ըրած է ու ամեն հավաքույթի ճառեր կըսե։
-Եվ ի՞նչ կճառե մեծապատիվը հայրենիքին մասին։
-Ջանըմ, կերևա, դուն հոս մամուլին անտեղյակ ես։ Ինչ-որ կուղարկե հայրենի մամուլին, հոնտեղ բանավոր կըսե։ Ըսեմ միտքը միակն է՝ թուքումուր, հայրենիքեն եկած ոչ մեկ լուր անոր չի գոհացներ։ Վերջերս հավաքներուն մեկի ժամանակ ֆրանկահայ մը խորհուրդ տվեց հրաժարիլ մեծ-մեծ գաղափարներուց, վերադառնալ հայրենիք ու կյանքում մեկ անգամ սեղմել զոհված ազատամարտիկի ծնողի ձեռքը, մխիթարանքի խոսքեր ըսել։
-Եվ ի՛՞նչ ըսավ պատվելին։
-Ըսավ, դեռ շուտ Է. ֆրանկներու երկրում նոր-նոր ծրագրեր, հեղափոխական մտահղացումներ կան։
-Իսկ տեղյա՞կ եք դրանց։
-Կուզե ռադիոհեռուստատեսությունը գրավել։
-Բա փո՞ստը, հեռագրատո՞ւնը։
-Էհ, ջանըմ, հայերն ատանկ բան չունեն, միայն ռադիոհեռուստահաղորդումներ կարձակեն, թերթեր, լրագիր կտպին։
-Տիկին Թագուհի, տվեք այս գրությունը, խնդրեք ազգի անունից՝ հոս ամեն ինչ կա, միայն պատվելիին գաղափարը չկա։
-Կփորձեմ, ջանըս, համա մեծապատիվը դարձողը չէ, Հայաստան անունը լսելուց կփրփրե, կդիվոտե։ Ան մեր խելքեն դուրս հայրենասեր է։
-Ի՞նչն է պատճառը, տիկին Թագուհի։
-Չեմ գիտնար, ջանըս։ Կըսե, հայրենիքում կորեկս գողացեր են, թող ետ տան։
-Ի՞նչ կորեկ…
-Չեմ գիտնար, ջանըս, կերևի կորեկը հայրենիքը փրկելու մի մեծ գաղափար մըն է։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. -Արևմտահայերեն գեղեցիկ, զրնգուն լեզուն «քիչ մը» չարչրկելու համար հեղինակը հայցում է մեծն Պարոնյանի ներողամտությունը։

Խորագիր՝ #12 (877) 30.03.2011 – 6.04.2011, Հոգևոր-մշակութային


07/04/2011