Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԻԿՈՒՆՔՆ ԱՄՈՒՐ Է, ԶԻՆՎՈՐԸ` ԿՈՒՇՏ



Թիկունքային ապահովումը ԶՈՒ կարևորագույն խնդիրներից է: Այն կազմակերպվում և իրականացվում է պլանային կարգով, ղեկավար փաստաթղթերի պահանջներին համապատասխան: Նախատեսված պլանային միջոցառումները նպատակաուղղված են անձնակազմի սննդի և կենցաղի բարելավման, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների պահպանմանն ու օգտագործմանը:

-Մեր այցելած սահմանամերձ զորամասում (հրամանատար, փոխգնդապետ Ս. Մինասյան) ժամանակին է իրականացվել նյութատեխնիկական, իրային, պարենային միջոցների պաշարների համալրումն ու պահեստավորումը, ըստ հաստատված ժամանակացույցի կազմակերպվել և իրականացվել են դրանց թարմացման աշխատանքները: Զորամասում զգալիորեն բարելավվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված ստորաբաժանումների թիկունքային ապահովումը: Սննդամթերքով դիրքերի ապահովումը կատարվում է ըստ ժամանակացույցի: Զորքին տրվող բավարարման մեջ հիմնականում պահածոյացված սննդամթերք է, ինչը պահպանվում է հատուկ սննդի համար նախատեսված չժանգոտվող պողպատե արկղերի մեջ: Մարտական հենակետեր հաց, ջուր, սնունդ և այլ նյութական միջոցների տեղափոխումը կատարվում է կենտրոնացված կարգով:

Բանակի մասին խոսելիս զինվորի հարազատները և ոչ միայն հարազատները առաջին հերթին հետաքրքրվում են նրան տրվող սննդի չափաբաժնով ու որակով. տեսնես ի՞նչ և ինչքա՞ն տվեցին, սննդատեսակը թա՞րմ է արդյոք, համը ո՞նց է, կերա՞վ, թե՞ ոչ… Հարցեր, որոնք նույնչափ, եթե ոչ առավել, մտահոգում են նաև զինված ուժերի համապատասխան կառույցներին, որոնք մտահոգ ու պատասխանատու են զինվորին տրվող որակյալ սննդի, նրա առողջության համար: Հարցեր, որոնք զինված ուժերի բարձր հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են:

Հերթական գործուղման օրերին լրագրողական խմբով տարբեր ժամերի անակնկալ այցելեցինք զինվորական ճաշարան և խոհանոց՝ տեսնելու, թե ինչպես է պատրաստվում զինվորական ճաշը, սննդի ինչ տեսականի և ինչ չափաբաժնով է հրամցվում զինվորին: Առանց չափազանցության ուզում եմ հատուկ շեշտել, որ զինվորները գոհ էին սննդի թե՛ չափաբաժնից և թե՛ որակից: Ասածիս ապացույցը դատարկ կաթսաներն ու թեյնիկներն էին…

Մակարոնով, կարտոֆիլով ու մսով ախորժելի ապուրը, տապակած մսով խավարտն ու բանջարեղենային (կաղամբ, ճակնդեղ, գազար, սոխ) համեղ աղցանը, հնդկաձավարով փլավը, որ սեղանին դրվեց որպես երկրորդ ճաշատեսակ, հետո էլ մասուրի հյութը զինվորները, մենք էլ նրանց հետ, կերան ու խմեցին, ինչպես ասում են` հավեսով: Իսկ զինվորին տրվող հացի մասին կարող եմ ասել, որ մայրաքաղաքի շատ խանութներ պարզապես կերազեն նման բարձրակարգ հացի մասին: Զինվորին տրվող հացը սպիտակ է, ախորժելի տեսքով, մոտեցնում եմ քթիս՝ իմ իմացած հացի բուրմունքն է, չի փշրվում։ Կտրված հացը ծակոտկեն է, խմորի հետք անգամ չկա. այս հացը, մտածում եմ ես, կարելի է նույնիսկ ցամաք ուտել։

Իմ այն հարցին, թե արդյոք ինքը բավարարվա՞ծ է դուրս գալիս ճաշարանից, ուսումնական վաշտի շարքային Սիփան Ղազարյանը նկատեց. «Պարո՛ն մայոր, տան ճաշից չի տարբերվում: Շատ համեղ է, տեսեք` կաթսան դատարկ է, և ոչ մեկի ափսեի մեջ ճաշի ավելցուկ չկա»:

-Եթե չի ավելանում, ուրեմն՝ համով է, որ համով չլինի, չենք ուտի,- ընկերոջ խոսքը հաստատեց սերժանտ Մխիթար Մարգարյանը:

Ճշմարտության առաջ չմեղանչելու համար ասեմ, որ որոշ սեղանների վրա այնուամենայնիվ հացի ավելցուկ նկատեցի:

-Ամեն ինչ տրվում է սահմանված չափաբաժնով, պարզապես եթե զինվորը կշտանում է, մի քանի կտոր հաց էլ կարող է սեղանին մնալ,- պարզաբանեց ճաշարանի հերթապահը:- Պետությունը զինվորին այնպես է կերակրում, որ նա երբեք սեղանից չի հեռանա թերսնված կամ էլ չկշտացած: Հայրենիք պահող զինվորի սեղանին հացը չպետք է պակասի, հայոց պաշտպանի աչքն ու փորը պետք է միշտ կուշտ լինի»:

– Թե՛ առաջնագիծ ուղարկվող և թե՛ զորամասում տրվող սննդի որակն ու չափաբաժնի լիարժեքությունը մշտապես թիկունքային ծառայության պատասխանատուների և զորամասի հրամանատարի ամենօրյա ուշադրության կենտրոնում են,- մեզ հետ զրույցում վստահեցրեց հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Է. Կարապետյանը:

Հաջորդ օրը ճաշարան այցելեցինք ընթրիքից առաջ: Մինչ սեղանները սպասքավորելը, ճաշարանի վերակարգը ձեռնամուխ էր եղել ճաշասրահի մանրակրկիտ մաքրմանն ու օդափոխմանը: Սննդի ընդունումից 40 րոպե առաջ ճաշարան մտավ հերթապահ բժիշկը և սկսեց ստուգել մատուցվելիք սննդի որակը, ճաշարանի սանիտարահիգիենիկ վիճակը: Գնդի հերթապահն ստուգեց անհրաժեշտ չափաբաժինների առկայությունը:

Նախքան պատրաստի կերակրատեսակի մատուցումը սեղաններին դրվեցին հաց, շաքար, խտացրած կաթ, կարագ, պանիր, թեյ ու օշարակ: Անձնակազմի ճաշարան մտնելուց 10-15 րոպե առաջ մատուցվեց տաք ճաշատեսակը` մսով սոուս, ձուկ, տապակած խոզի միս:

-Համապատասխան ծառայությունները մշտապես հրահանգավորվում են առօրյա պայմաններում սննդի ընդունման, կազմակերպման ու մատուցման վերաբերյալ: Վստահ կարող եք գրել՝ բանակի թիկունքն ամուր է, հայ զինվորը` կուշտ,- ասաց փոխգնդապետ Է. Կարապետյանը:

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #14 (1032) 17.04.2014 – 23.04.2014, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


17/04/2014