Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՇԽԱՐՀՆ ԱՌԱՆՑ ՍԱՍՈՒՆՑԻՆԵՐԻ ՏԽՈՒՐ ԿԼԻՆԻ



Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում տեղի ունեցավ գրական հուշ-ցերեկույթ՝ նվիրված գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանին։ Ներկա էին սիրված մտավորականի ընկերները, հայրենակիցները, ուսանողներ, գրողի եղբայրը՝ Սասուն Իսրայելյանը, գրողի կյանքի անբաժան ուղեկիցը՝ տիկին Գայանեն։ Դերասանուհի Գոհար Մնացականյանը քոլեջի առաջին կուրսեցիների հետ (առաջին կուրսեցի է նաեւ գրողի եղբոր Սասունի թոռնուհի Ադրինե Իսրայելյանը, որը նույնպես մասնակցում էր բեմականացմանը) բեմականացրել էր դրվագներ Վ. Իսրայելյանի ստեղծագործություններից, որոնք ջերմ ընդունելության արժանացան։ Քոլեջի տնօրեն Ռուբիկ Թովմասյանն իր խոսքում ասաց. «Եթե Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները նամակ են ուղղված ողջ աշխարհին, ապա Վրեժ Իսրայելյանի գործերը, ինչպես Խաչիկ Դաշտենցի և Մուշեղ Գալշոյանի ստեղծագործությունները՝ ուղղված են ողջ հայ ժողովրդին։ Վրեժ Իսրայելյանն առաջինն օգտագործեց «հիշողության աշխարհագրություն» եզրույթը։ Մոտենում է Մեծ եղեռնի 100-ամյակը, և մենք այլ հոգեբանությամբ, առանց լացի ու ողբի պետք է դասեր քաղենք մեր պատմությունից։ Եվ այդ դասերն իր մտածողությամբ ու գաղափարախոսությամբ սերունդներին ի պահ է թողնում գրող, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանը, որի տապանաքարին Սասուն եղբայրը փորագրել է տվել իր իսկ տողերից. «Աշխարհն առանց սասունցիների տխուր կլինի»։

Վրեժ Իսրայելյանը մեր ազգային արժանապատվության պատգամախոսներից էր: Ապրիլի 24-ի նախօրեին որքան դիպուկ են հնչում ազգային արժանապատվության նրա պատգամները, որոնք տպագրել է «Հայ զինվոր» թերթի խմբագիր եղած ժամանակ (անստորագիր)։ Եվ հենց այդ հրապարակախոսական հոդվածներից տարբեր հատվածներ այսօր էլ հայրենասիրական, մշակութային տարբեր միջոցառումների ժամանակ մարդիկ մեջբերում են որպես ժողովրդական ասույթներ, բանահյուսական նմուշներ։ Երևի դա է գրողի ամենամեծ գնահատականը։

ԵՐԿՐԱՊԱՀԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

-Ծնվեցի մի երկրում, ուր դարեր շարունակ խոսել են հաղթանակների մասին և դարեր շարունակ պարտվել։ Այն ժողովուրդը, որ ինձ շունչ ու ոգի տվեց, զորավարներ ծնող ժողովուրդ էր։ Ծնում էր զորավարներ և նվիրում այլ ժողովուրդների։ Այդ ժողովուրդներն էլ բանակներ ծնող ժողովուրդներ էին։ Պարտվող ժողովրդի ծնած զորավարները մեծ հաղթանակներ պարգևեցին բանակներ ծնող ժողովուրդներին։

-Ես ծնվեցի մի երկրում, ուր պարտվում, բայց խոսում էին հաղթանակների մասին։ Իմ որդին ծնվեց մի երկրում, ուր հաղթում և պահպանում են այդ հաղթանակները։

♦♦♦

-«Մահապարտ» նրանց անունը չէր, ճակատագիրն էր։ Նրանք չգնացին մեռնելու, գնացին ապրելու և անմահանալու։

♦♦♦

-Մահապարտի կինը ասաց. «Դու գնում ես մեռնելու, որդիդ որբանալու է»։

-Ավելի լավ է որդիս անհայր մնա, քան անհայրենիք,- պատասխանեց մահապարտը։

♦♦♦

Երկրապահը ասում է մեզ.

-Սիրի՛ր այն հողը, որ իմ արյունով ցողեցի, պահպանի՛ր այն, և քո դեմ կբացվեն աշխարհի դարպասները։

♦♦♦

-Ամենակատարյալ գաղափարախոսությունը ազատագրված հողն է։

♦♦♦

Մենք ասում ենք երկրապահին.

-Դու մեր արցունքը արյամբ սրբեցիր, մենք քո գործը հավերժությամբ կպսակենք։

♦♦♦

-Այսօր զինակոչիկ մեր զավակների մեջ ձեր դիմագծերն են վերածնվում։

♦♦♦

Ո՞վ է երկրապահը.

-Այն հողը, ուր դիպչում է երկրապահի ոտքը, հայրենիք է։

♦♦♦

Երկրապահը այն խենթն է, որին ապավինում են բոլոր խելոքները։

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուս.՝ Գ. ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Հոգևոր-մշակութային, Ուշադրության կենտրոնում


23/04/2014