Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԸ



Ապրիլի 24-ին մարդկային հեղեղը կրկին ալիք տվեց Ծիծեռնակաբերդում, հոսեց դեպի հուշահամալիր. հարգանքի տուրք մատուցվեց Օսմանյան Թուրքիայի կողմից բնաջնջման ենթարկված անմեղ զոհերի հիշատակին։ Վայրկյան առ վայրկյան, ժամ առ ժամ բարձրացավ հավերժական կրակը գոտեւորող ծաղիկների բլուրը՝ գարնանային Հայաստանի շքեղ գույներն ու ծաղկավետ բուրմունքը սփռելով շուրջբոլորը։ Այդ օրը աշխարհի բոլոր հայերը՝ հայրենիքում եւ սփյուռքում, մայր հողի վրա եւ մոլորակի ամենահեռավոր անկյուններում հիշեցին ու հիշատակեցին, խոնարհվեցին ու ոգեկոչեցին, երդվեցին ու հավատացին։ Իսկ ի՞նչ խորհուրդ ունի ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը ազգային բանակի զինվորների համար, ի՞նչ խոհերով, մտորումներով, ի՞նչ զգացումներով ու ապրումներով են դիմավորում նրանք Մեծ եղեռնի օրը։

Մանկուց ամեն տարի ապրիլի 24-ին բարձրացել եմ Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ եմ դրել Եղեռնի հուշակոթողին, սակայն երբեք այնքան խոր ու բուռն ապրումներ չեմ ունեցել, ինչպես այս տարի։ Զինվորի համար շատ դժվար է մտածել, որ իր անզեն, անպաշտպան հայրենակիցները յաթաղանի զոհ են դարձել, որ մեր մայրերը, քույրերը, փոքրիկները մորթվել են դաժանաբար, անխնա։ Թողել են իրենց տունը, հայրենի հողը, ցրվել են աշխարհով մեկ, դարձել թափառական ու տարագիր։ Եթե մենք բանակ ունենայինք, կանոնավոր, ուժեղ զորք ունենայինք, երբեք չէինք ապրի Եղեռնի սարսափը, ցավն ու ողբերգությունը։ Այս աշխարհում ապրելու, գոյատեւելու իրավունք ունի միայն ինքն իրեն պաշտպանելու խելք ու քաջություն ունեցող ազգը։ Որքան էլ հիանան ժողովրդի կերտած մշակույթով, մտքի թռիչքով, արարումներով, միեւնույն է, հաշվի են նստելու միայն նրա ուժի հետ, հարգելու են հզորին, իր անվտանգությունն ապահոված, պաշտպանված ժողովրդին։ Եթե նախկինում փոքր-ինչ հանդուրժող էի, այսօր, երբ արդեն ազգային բանակի զինվոր եմ, ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, արդարացնել այն պատանիներին, ովքեր հրաժարվում են զինծառայությունից, զենքին տիրապետելու, ռազմական գործը սովորելու հնարավորությունից։ Հայի համար զինվորական ծառայությունը ոչ միայն քաղաքացիական պարտականություն է, այլ պարտք նախնիների հիշատակին, ժողովրդին եւ գալիք սերնդին։

ՔԱՋԻԿ ՏԵՐՅԱՆ
շարքային

Մենք վերջապես հասկացանք, որ լալով, ողբալով, գութ շարժելով, ողորմություն հայցելով, ոչնչի չենք հասնի։ Աշխարհը չի հասկանում այդ լեզուն, զոհին լավագույն դեպքում խղճում են, իսկ ուժեղին՝ հարգում։ Եվ մենք խղճահարությունից բացի ոչինչ չստացանք մեր լացով։ Արցախում մենք հասկացանք, որ թուրքը ուժեղ է անզենի առաջ։ Տեսանք՝ ինչպես է ասկյարը փախչում հայ զինվորից վախեցած։ Հայից ունեցած սարսափը թուրքի արյան մեջ մտավ, ու դեռ երկար ժամանակ նա չի ազատվելու այդ զգացողությունից։ Թուրքն զգաց մեր բազկի ուժը, մենք սովորեցինք հաղթել թուրքին։ Եվ այսօր բոլորովին ուրիշ է մեր երթը Ծիծեռնակաբերդ։ Մենք չենք գնում գլխիկոր, խեղճացած, այլ հպարտ, հաստատուն։ Գնում ենք ոչ թե սգալու զոհերին, այլ ոգեկոչելու նրանց հիշատակը, հավատացած, որ հատուցումը չի ուշանալու, ու մենք ազգովի հետամուտ ենք լինելու Հայ դատին՝ մեր հայրենասիրությամբ, հետեւողականությամբ, միասնականությամբ եւ ուժով։ Այսօր մենք ունենք անկախ պետականություն եւ կարողանում ենք համայն աշխարհին հասցնել մեր պահանջը, մեր ազգային խնդիրները։ Այսօր մենք կայուն, պաշտպանված պետության համարում ունենք, եւ, իմ կարծիքով, դա է պատճառը, որ հետզհետե մեծանում է ցեղասպանությունը ճանաչած երկրների թիվը, շատանում են հայկական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչներն ու պատմաբանները, օտարներն ավելի բարյացակամ են դառնում մեր խնդիրների հանդեպ։

ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ
սերժանտ

Ես ցանկանում եմ, որ ցեղասպանություն տեսած եւ պատմական բարդ ու դժվարին խնդիրներ ունեցող մեր ազգը միահամուռ ու միասնական լինի նաեւ իր ներքին խնդիրները լուծելիս։ Մենք պետք է հրաժարվենք յուրայինների մեջ հակառակորդ փնտրելու վտանգավոր երեւույթից, դառնանք համախումբ, ուժեղ, միասնական, որ կարողանանք դիմակայել արտաքին ոտնձգություններին։ Մենք՝ հայերս, պետք է ավելի շատ սիրենք իրար, պիտի պահպանենք միմյանց, թեւութիկունք լինենք մեկմեկու։

Մենք ունենք Սփյուռք, որը ցեղասպանության կենդանի ապացույց է եւ միջազգային լուրջ գործոն՝ հայկական հարցերը լուծելու ճանապարհին։

Մեր պատմական խնդիրները, աշխարհաքաղաքական դիրքն ստիպում են ունենալ ուժեղ պետություն, համախմբված ժողովուրդ, հզոր բանակ։ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի պիտի գիտակցի, որ իր պարտքն է նպաստել ամուր պետության, համերաշխ հասարակության եւ մարտունակ բանակի ձեւավորմանը։ Եվ դա կլինի ամենամեծ աջակցությունը մեր պատմական խնդիրների լուծման ճանապարհին եւ ամենախոր հարգանքը մեր նախնիների հիշատակի առաջ։

ՍՏԵՓԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
սերժանտ

Ես արեւմտահայի թոռ եմ։ Իմ պապերը գաղթել են Մուշից։ Պապիս եղբայրը հայդուկ է եղել, աժդահա տղամարդ։ Մեն-մենակ հաղթել է իր տան վրա հարձակված 12 թուրքի։ Հետո եկել է ոհմակը, ու ընտանիքի աչքի առաջ Հսկա Հարութին մաս-մաս են արել։ Ինձ մանկության տարիներից պատմել են Էրգրի մասին։ Ես տեսել եմ, թե ինչ կարոտով, սիրով է պապս խոսում Մուշի, մեր փողոցի, մեր տան մասին։ Այդ պատկերը՝ իմ տան պատկերը, իմ սրտում է, իմ արյան ու հոգու մեջ։ Ես ծնվել եմ Երեւանում, սակայն ես երեւանցի չեմ, ես մշեցի եմ։ Ես հայ եմ, որից խլել են իր հայրենիքը, իր տունը։ Մեր տան պատկերը ես փոխանցելու եմ որդուս, ամեն ինչ անելու եմ, որ նա էլ իր զավակին փոխանցի, որպեսզի քանի սերունդ էլ անցնի, մեր մեջ չմարի կորստի զգացողությունը, չհաշտվենք կորստի հետ։ Գուցե շատերը չհամաձայնեն ինձ հետ, բայց ես այն կարծիքին եմ, որ մենք պիտի ավելի լավ ճանաչենք Արեւմտահայաստանը, ավելի շատ սիրենք, քանի որ, ի տարբերություն Արեւելահայաստանի, այն վտանգված, անպաշտպան, բռնադատված հայրենիք է՝ օտարի ձեռքին, օտարին գերի։ Մենք պիտի դպրոցում Արեւմտահայաստանի մասին լսենք-սովորենք ավելի ծավալուն, մանրամասն, պիտի իմանանք այդ նվիրական տարածքի յուրաքանչյուր հատվածը ու պիտի պաշտենք մեր հողը։

ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
սերժանտ

Մարդկության դեմ գործած այնպիսի ոճրագործություն, ինչպիսին ցեղասպանությունն է, չի՛ կարելի անտեսել, չի՛ կարելի մոռանալ, անկախ նրանից, երբ եւ որ ազգի դեմ է կատարվել այդ մեծագույն հանցանքը։ Ցեղասպանության երեւույթն ինքը չարիք է ողջ աշխարհի համար, եթե չի՛ ճանաչվում ու չի՛ դատապարտվում արժանիորեն։ Եղեռնը չունի վաղեմության ժամկետ, քանի որ անպատժելիությունն ստեղծում է նախադեպ, ոճիրը կրկնելու հնարավորություն, եւ երբեք ոչ մի ազգ ապահովագրված չէ դրանից։ Ես համոզված եմ, որ տարեցտարի աշխարհն ավելի լավ կհասկանա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու անհրաժեշտությունը։ Պատահական չէ, որ ավելանում է նաեւ այն թուրք պատմաբանների, քաղաքական գործիչների եւ արվեստագետների թիվը, որոնք ընդունում են ցեղասպանության փաստը։ Նրանք հասկանում են, որ Թուրքիան պետք է մեկընդմիշտ ազատվի այդ խարանից, պետք է քաջություն ունենա խոստովանելու կատարվածը եւ դատապարտելու։ Մենք՝ երկու հարեւան ազգերս, հանուն մեր նախնիների հիշատակի եւ մեր ժառանգների ապագայի պետք է կարողանանք իրար աչքերի մեջ նայել ու թոթափել այն ծանր բեռը, որ մեզ անջատում է իրարից։ Իսկ դա կլինի միայն ցեղասպանությունը ճանաչելուց եւ պատմական արդարությունը վերականգնելուց հետո։

ԳԵՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
սերժանտ

Խորագիր՝ #15 (1033) 24.04.2014 – 30.04.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


23/04/2014