Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՎԵՐԺ ՀԻՇԱՏԱԿ



24 Ապրիլի… Հայոց ցեղասպանության տարելից, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և այլ ազգերի անմեղ զոհերի հիշատակի հոգեհանգիստ… Հոգեհանգիստ նրանց համար, ովքեր դաժանորեն սպանվեցին, բռնությամբ վերաբնակվեցին, արտաքսվեցին իրենց բնակավայրերից ոչ թե իրենց գործած մեղքի համար, այլ այն պատճառով, որ ազգությամբ հայ կամ ասորի, հույն կամ եզդի էին: Հարյուր տարի է անցել եղերական այն օրերից, բայց ոճրագործությունը անպատիժ է մնացել, և թուրք ժողովուրդն ու պետությունը դեռ չեն ասել մեղանչումի խոսքեր: Ասել է թե՝ հայերի ցեղասպանությունը դեռ դաս չի եղել աշխարհի, միջազգային հանրության համար: Ահա ինչու այսօր էլ դեռ աշխարհի տարբեր ծայրերում տեղի են ունենում մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Այնինչ հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան անպայման կընդունի հարյուր տարի առաջ սանձազերծած իր ոճրագործությունը, և ամբողջ աշխարհը կճանաչի այն:

Ժամանակն է, որ աջակցենք միմյանց, որպեսզի նման հանցագործություններ այլևս չկրկնվեն: Հարկավոր է զգոն լինել, որ այլևս մեր ընդհանուր տան` մոլորակի պատմության ոչ մի էջ սև գույնով չներկվի: Վերջ տանք ստի և կեղծիքի քաղաքականությանը, որը կարող է վտանգել տարածաշրջանի, ինչու չէ՝ նաև մեր մոլորակի ապագան: Թուրքական ժխտողականությունն այսօր սպառնալիք է համայն մարդկության համար: Ո՛չ ասենք ցեղասպանությանը, մարդատյացությանը և ռասիզմի ցանկացած դրսեւորման:

Շուտով Երևան քաղաքում կկառուցվի եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան կոթող: Հավատացած ենք, որ կառուցվող հուշարձանը մեկ անգամ ևս փաստելու է մարդկության նկատմամբ կատարված հանցագործության վաղեմության ժամկետ չունենալը, և Թուրքիան չի կարողանալու ուրանալ իր ոճրագործ անցյալը, իր արյունոտ պատմությունը, և արդարությունը, վաղ թե ուշ, հաղթելու է:

Հուշարձանի կառուցումը ևս մեկ հաստատուն փաստ կլինի առ այն, որ մեր ժողովուրդների ցեղասպանությունը մշակված պետական քաղաքականության հետեւանք է, որը հետևողականորեն և դաժանորեն իրականացվել է: Հավատացած ենք, որ շուտով, շատ շուտով այլևս կարիք չի լինի բողոքի տարբեր երթեր կազմակերպել աշխարհի տարբեր երկրներում գտնվող թուրքական դեսպանատների առաջ` ընդդեմ Թուրքիայի ժխտողական քաղաքականության, որովհետև Թուրքիան նույնպես ստիպված կլինի հարգելու հայ և մյուս ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակը:

20-րդ դարի մեծագույն ոճրագործության ականատես մեր պապերի պատմածները բավարար են ցեղասպանությունը ճանաչելու համար, և այլ ապացույցների անհրաժեշտություն չկա: Ժամանակակից աշխարհում թուրքական իշխանությունները չեն կարող չառերեսվել սեփական պատմության հետ: Հավատացած եմ, որ հայ ժողովրդի և մյուս ժողովուրդների դեմ իրականացված ու դեռևս անպատիժ մնացած հանցագործությունները ճշմարիտ, արդար և համընդհանուր միջազգային ճանաչման կարժանանան:

Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերին` անկախ ազգությունից և դավանանքից:

ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ»
Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Պատմության էջերից


30/04/2014