Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՄ ԶԻՆՎՈՐԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌՈՂՋ, ՈՒՐԱԽ, ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ…



Զինված ուժերի 2013թ. լավագույն մոտոհրաձգային զորամասի ընդհանուր ցուցանիշների մեջ բավական մեծ է առաջատար գումարտակի ներդրումը: Ավելին, հենց այս գումարտակի անցկացրած մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժության արդյունքներն են վճռորոշ նշանակություն ունեցել զորամասին երրորդ անգամ անընդմեջ պատվադրոշով պարգևատրելու գործում: Բայց պետք է նշել, որ զինվորական ստորաբաժանումներին գնահատելիս հաշվի են առնվում ոչ թե մեկ զորավարժությունից, ինչպես նաև մեկ կամ մի քանի հիմնական առարկաներից ստացած գնահատականները, այլ նաև ուսումնական տարվա (փուլի) կտրվածքով առաջընթաց քայլերի ընդհանուր ցուցանիշները, ինչպիսիք են զորանոցների կահավորումն ու ձևավորումը, տարվող գաղափարադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացումը, հասարակական ակտիվների կատարած իրական աշխատանքը, զինծառայողների մտահորիզոնի և մտածելակերպի զարգացման փոփոխությունները, հասարակական կազմակերպությունների, ծնողական կոմիտեի հետ համագործակցությունը և այլն:

Ու մինչ կկայանար մեր հանդիպումը մոտոհրաձգային գումարտակներից լավագույնի հրամանատար մայոր Արթուր Օհանյանի հետ, մենք եղանք վաշտերի մաքրությունից փայլող ննջարաններում, տեղեկատվության և հանգստի սենյակներում, ազատամարտի նահատակների փառքի սրահում, հոգևոր անկյունում, ծանոթացանք տեղեկատվության անկյան, պատի թերթերի, փաստատախտակի, իրավական անկյան հրապարակումների բովանդակություններին, զրուցեցինք զինվորների հետ և ստացած դրական տպավորությամբ էլ սկսեցինք զրույցը երիտասարդ հրամանատարի հետ:

-Արթուր Սեյրանի, խնդրում եմ ներկայացնեք գումարտակի առջև դրված գլխավոր խնդիրները և ցույց տաք դրանց հասնելու ամենաիրական և ամենաարդյունավետ միջոցները:

-Գումարտակը զորամասի կարևոր ստորաբաժանումներից է, որն անհրաժեշտության դեպքում պետք է ռազմական գործողություններ իրականացնի բավական մեծ տարածքի վրա: Հասկանալի է, որ առաջադրանքի հաջող կատարման համար ինչպես հրամանատարն ու ենթակա ստորաբաժանումների հրամանատարները, այնպես էլ ստորաբաժանումները՝ վաշտերը, դասակները և ջոկերն առանձին-առանձին, պետք է ունենան այնքան բարձր մարտական, մարտավարամասնագիտական և բարոյահոգեբանական պատրաստություն, որ կարողանան հաջողության հասնել, հակառակ դեպքում հաղթանակի մասին խոսք լինել չի կարող: Քանի որ մենք մտածում և աշխատում ենք միայն մեկ բանի՝ հաղթանակի, ժողովրդի ու հայրենիքի անվտանգության ապահովման մասին, ուստի ամեն օր զբաղվում ենք մարտական պատրաստականությամբ, այսինքն՝ սովորում ենք կռվել, ձգտում ենք հարստացնել ռազմարվեստի մասին մեր գիտելիքները: Գումարտակի գործունեությունն էլ պլանավորում և իրականացնում ենք այնպես, որ ուսումնական տարվա և՛ սկզբում, և՛ միջնամասում, և՛ վերջում ունենանք բարձր մարտական պատրաստություն:

-Սովորաբար ուսումնական փուլերի սկզբում տեղի է ունենում ստորաբաժանումների համալրում: Դժվար չէ՞ կարճ ժամանակում ապահովել երիտասարդ զինվորների մարտունակությունը:

-Մարտական ստորաբաժանումներն առաջին հերթին համալրվում են ուսումնականներից եկած տղաներով: Այդ ժամանակաշրջանում ջոկերի փորձառու զինվորները ձեռք են բերում բարձր պատրաստություն, իսկ ամենօրյա պարապմունքների, ընդհանուր և անհատական աշխատանքի միջոցով կարողանում ենք երիտասարդների համար ապահովել մասնագիտական անհրաժեշտ մակարդակ: Ընդհանրապես, մենք շատ մեծ աշխատանք ենք տանում ժամանակին ջոկի ներդաշնակման փուլն ավարտելու, ջոկի կազմով տարբեր մարզումներ, վարժանքներ անցկացնելու, ջոկին ինքնուրույն գործելու հնարավորություն տալու ուղղությամբ: Այս ուսումնական փուլում ներդաշնակումն ավարտվել է մարտի սկզբին, որից հետո բազմիցս, այն էլ մարտական հրաձգությամբ, ստուգվել է նրանց մարտունակությունը: Առաջիկայում կանցկացնենք մարզումներ վաշտերի կազմերով:

-Երիտասարդ զինվորների հետ ունենո՞ւմ եք առանձնազրույցներ:

-Հրամանատարությունը շատ է կարևորում անհատական աշխատանքը, ինչի համար էլ նախ զինկոմիսարիատներից է պահանջում նորակոչիկների անհատական գրքույկները լրացնելիս ոչ թե ձևական մոտեցում ցուցաբերել, այլ հարցին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ և յուրաքանչյուր նորակոչիկի մասին որքան հնարավոր է հավաստի և ճիշտ տեղեկություններ գրանցել ու տրամադրել ապագա հրամանատարներին: Անհատական զրույցներ ենք ունենում ամենատարբեր հարցերի շուրջ: Մենք ձգտում ենք, որ զինվորը մեզ հետ անկեղծ լինի, անգամ անձնական, ընտանեկան խնդիրները չթաքցնի մեզնից, մեզ ընդունի իբրև ավագ ընկերոջ: Անում ենք ամեն ինչ, որ երիտասարդ զինվորները շուտ ներգրավվեն կոլեկտիվի կյանքին: Տխուր աչքերով զինվոր տեսնելիս ես ինձ վատ եմ զգում և անպայման պիտի պարզեմ պատճառը: Զինվորը պիտի լինի առողջ, ուրախ, պատրաստակամ…

-Անցած տարեվերջին Ձեր անցկացրած զորավարժության մասին շատ են խոսում: Ինչպե՞ս եք վերաբերվում գնահատականներին:

-Կարծում եմ՝ մեր բանակը մարտունակության այնպիսի աստիճան ունի, որ յուրաքանչյուր զորամասի յուրաքանչյուր գումարտակ կամ դիվիզիոն կարող է նման զորավարժություն անցկացնել: Իհարկե, հաճելի է, երբ քո աշխատանքին հետևում և բարձր գնահատականներ են տալիս երկրի նախագահը, պաշտպանության նախարարը, հեղինակավոր մասնագետներ: Երիտասարդ սպայի համար դրական գնահատականները, խրախուսանքները կարևոր են:

-Այսօր բանակում կարևորվում է ոչ միայն երիտասարդ զինվորների, այլ նաև սպաների հետ տարվող աշխատանքը: Ձեր գումարտակում կա՞ն նորանշանակ սպաներ:

-Իհարկե, ունենք: Նրանք երեքն են: Լեյտենանտ Պետրոս Պետրոսյանն իրեն բավական լավ է դրսևորում, մյուսները թեև ավելի շատ օգնության կարիք ունեն, բայց չես ասի, թե թույլ են: Կարևորն այն է, որ իրենց մասնագիտությանը լիովին տիրապետում են: Ես մտահոգություն չունեմ նրանց հարցում` մի քիչ կօգնենք, կաջակցենք, և ամեն ինչ կընկնի իր տեղը: Այստեղ երիտասարդներին և՛ օգնում են, և՛ վստահում: Եթե նկատել եք, մեր միջին օղակի բոլոր հրամանատարները երիտասարդներ են: Պաշտպանության նախարարն էլ զորամասերի փորձառու սպաների առջև երիտասարդներին, մանավանդ՝ վաշտերի, մարտկոցների հրամանատարներին, ամեն ինչով աջակցելու խնդիր է դրել:

-Գումարտակում շա՞տ են բարձրագույն կրթություն ունեցող կամ ուսանող զինվորները:

-Կան, քիչ չեն: Մենք կարևորում ենք նրանց նշանակությունը: Բուհ ավարտածները հիմնականում գալիս են համազորային ուսումնական զորամասից և, լավ մասնագետներ լինելուց բացի, նաև լավ կրտսեր հրամանատարներ են դառնում: Նրանք ընտրվում են սերժանտական խորհուրդներում, ընդգրկվում հասարակական ակտիվներում, իսկ այս կառույցների դերը գնալով բարձրանում և կարևորվում է: Որքան գիտեմ, մեր զորամասում գրեթե չկան զինվորներ, որոնք որևէ հասարակական աշխատանք չկատարեն կամ չլինեն որևէ գեղարվեստական խմբում, չզբաղվեն արվեստով կամ սպորտով: Անկեղծորեն զրուցում ես նորակոչիկի հետ, և պարզվում է, որ նա ինչ-որ շնորհք ունի, ինչպե՞ս չընդառաջես:

ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
Փոխգնդապետ
Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Ազգային բանակ


30/04/2014