Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱՏԵՂ ՈՒԺԵՐՈՎ՝ ԸՆԴԴԵՄ ԱՐԱՏԱՎՈՐ ԲԱՐՔԵՐԻ



Ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Քայքայիչ պաշտամունքները և փողոցային արատավոր բարքերը որպես պաշտպանունակության սպառնալիք» թեմայով գիտագործնական կոնֆերանս, որին մասնակցում էին շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, գիտակրթական ոլորտի և հասարակական կառույցների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ։ Կոնֆերանսի նպատակն էր բոլոր ջանքերը ուղղել աճող սերնդի ազգային դիմագծի պահպանմանը, պատանիների շրջանում հանցավորություն ծնող պատճառների վերացմանը։ Բացի արտաքին թշնամու դեմ կռվելուց, պետք է պայքարենք նաև ներքին թշնամու դեմ՝ դրանք փողոցային արատավոր բարքերն են, բազմատեսակ աղանդները, որոնք ներսից խարխլում, կազմաքանդում են երկիրը և սպառնում Հայաստանի անվտանգությանը։

Կոնֆերանսը մեկնարկեց օրհնության արարողակարգով։ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, կարևորելով ազգի հոգևոր անվտանգությունը, իր խոսքում մասնավորապես նշեց. «Մեր բոլոր պատերազմները եղել են վասն հայրենյաց, վասն հավատի։ Սակայն այսօր կրոնական այս խայտաբղետությունների մեջ, որ գալիս է մեր երկրի բացահայտ ու դիմակավորված թշնամիների կողմից, պետք է առավել համախմբվածություն և միասնականություն հանդես բերել։ Բանակը հասարակության ամենակարևոր օղակներից մեկն է, և պետք է հետամուտ լինել այն զերծ պահելու նման կարգի արատավոր երևույթներից»։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն էլ ընդգծեց, որ հենց պաշտպանության նախարարությունն է այսօր կրում հայոց բանակի զինվորի հոգեկան և ֆիզիկական առողջության պատասխանատվությունը, ուստի պարտավոր են հստակ պատկերացնել քայքայիչ պաշտամունքների և ենթամշակույթների տարածման ընթացքը, ընդգրկումները։ Նախարարը նկատեց, որ բանակի և քայքայիչ պաշտամունքների փոխհարաբերությունները քննարկելիս հաճախակի է հանդիպում պարզունակ մոտեցման՝ վտանգավոր են միայն հայրենիքի պաշտպանության համար զենք վերցնելն արգելող պաշտամունքները։ «Դա սառցալեռան երևացող մասն է միայն։ Ես դժվարություններից ու վտանգներից վախեցող մարդ չեմ, բայց վախենում եմ, երբ մտածում եմ՝ գուցե զենք ենք վստահում ինքնասպանության հակում ունեցող էմոյի՞ն, չեմ ուզում մտածել, թե ինչ կարող է պատահել մարտական հենակետում, եթե ինքնաձիգը հայտնվի սատանայապաշտների ճիրանն ընկած զինվորի ձեռքը»։

Նա նշեց նաև, որ այսօր հավաքվել են պարզելու վիճակի իրական պատկերը, ճիշտ հասկանալու մարտահրավերների ընդգրկումն ու ծավալները, նպատակների ու գործողությունների իրականացումը և անհրաժեշտ քարոզչական դաշտի ստեղծումը համապատասխանեցնելու մեր օրենսդրությանն ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։

-Մենք պիտի ապրենք ոչ թե տարբեր պաշտամունքների ու գողական բարքերի թելադրանքով, այլ հավատամք դարձնենք այնպիսի արժեքներ, ինչպիսիք են հայրենիքը, Հայ առաքելական եկեղեցին, պահպանենք ու զարգացնենք մեր մշակույթը, մեր լեզուն ու ազգային նկարագիրը,- ասաց պաշտպանության նախարարը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանն իր խոսքում ընդգծեց, որ պաշտպանության նախարարությունը շարունակական և հեռանկարային ընդգրկուն ծրագրեր է իրականացնում հայրենասիրական դաստիարակության դրվածքը բարելավելու ուղղությամբ և ներկայացրեց կատարված հսկայածավալ աշխատանքը դպրոցների և բուհերի ուսանողների հետ։ Սակայն նաև ցավով փաստեց, որ այս ամենն արժեզրկվում է, երբ նույն պատանին, երիտասարդը գալով տուն՝ հաղորդակցվում-դաստիարակվում է հանցածին երևույթներ գովազդող հեռուստատեսային սերիալներով, հակաքրիստոնեական քարոզներով։ Ըստ բանախոսի, այս խնդիրները քննարկելու և համագործակցության ուղիները հստակեցնելու համար հեռուստաընկերությունների ղեկավարներին հրավիրել են ՀՀ ՊՆ Տ և ՀԿ վարչություն, սակայն ստացել են տարօրինակ և կտրուկ պատասխան՝ հայրենասիրական հաղորդումների համար պաշտպանության նախարարությունը թող վճարի, իսկ սերիալների բովանդակության առումով պարտադրել չեն կարող, որովհետև Հայաստանը ժողովրդավարական պետություն է և երաշխավորում է լրատվամիջոցների ազատությունը։

-Բոլոր արատավոր բարքերն ու աղանդները ծնվում և մեծանում են մեր անտարբերության ու սխալների միջավայրում, և անցնող յուրաքանչյուր օրը ավելի դժվար է դարձնում նրա դեմ պայքարը,- նկատեց Վարդան Ավետիսյանը և ներկայացրեց մտահոգիչ փաստեր. «Նորակոչիկների շրջանում մեկուկես տարվա ընթացքում բացահայտ աղանդավորների թիվն աճել է ավելի քան 5 անգամ»։

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծիք հայտնեց, որ բնավ էլ քայքայիչ աղանդները չի համարում մեր բանակի թիվ մեկ խնդիրը, բայց այն կարևոր խնդիրներից է։ Բանակը մեր կյանքի միկրոմիջավայրն է, և բանակային խնդիրների մի մասը տեսնում ենք հասարակությունում։ Նրա դիտարկմամբ՝ արժանապատվության և նվաստացման ենթարկված ընտանիքներից ծառայության եկած երիտասարդների մեծ մասը իր մեջ կուտակած ագրեսիան է բերում բանակ։ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն էլ նկատեց, որ բանակի այսօրվա վիճակը նկատելիորեն տարբերվում է մի քանի տարի առաջվա բանակից, բայց մտահոգիչ խնդիրներ կան։ Նա նշեց նաև, որ հանդուրժողականություն է պետք հանդես բերել, եթե մարդիկ ինչ-որ կրոնական ուղղվածության են պատկանում։

Ըստ հոգեբան Կարինե Նալչաջյանի՝ մեծապես սխալ է այն տեսակետը, թե աղանդների ակտիվությունը կապված է եկեղեցու ոչ արդյունավետ աշխատանքի հետ. «Սա սոցիալ-հոգեբանական երևույթ է, դավանաբանական խնդիրներն այստեղ երկրորդային են»։ ՀՀ ԶՈՒ ենթասպաների դպրոցի պետ, գնդապետ Վահան Արսենյանն էլ խորհուրդ տվեց ուժեղացնել կրոնական կազմակերպությունների նկատմամբ հսկողությունը…

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ամփոփելով գիտագործնական կոնֆերանսը, նշեց, որ միայն միասնական և համակարգված քայլերի շնորհիվ կարելի է հասնել արդյունավետ հակազդման։

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
մայոր

Լուս.՝ ԳԱՐԻԿ ԱՐՄԵՆԱԿՅԱՆԻ
մայոր

Հ.Գ. Սահմանին կանգնած է զինվորը ու հսկում է մեր երկրի խաղաղությունը։ Հսկում է ոչ միայն իմ ու քո, այլ նաև էմոյի, սատանայապաշտի, հազար ու մի խայտաբղետ աղանդներին պատկանողների, ինչպես նաև այն հեռուստաընկերությունների աշխատողների, նրանց ընտանիքների խաղաղությունը, ովքեր հայրենասիրությունը դարձրել են առուվաճառքի առարկա։

Եվ մեզնից ամեն մեկը թող կարևորի ի՛ր դերը, ի՛ր պատասխանատվությունը ազգային անվտանգությունը անսասան պահելու գործում։

Խորագիր՝ #16 (1034) 1.05.2014 – 7.05.2014, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


30/04/2014