ՆԱԵՎ ՀՈՒՄՈՐՈՎ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ
Մեծ հայրենականի զորահրամանատարները գլուխ էին հանում ոչ միայն ռազմական արվեստից, այլեւ սրամտությունից, կանանցից եւ երկրային մյուս բարիքներից
Մի անգամ, պատերազմի օրերին, մարշալ Ժուկովին ոչ մի կերպ չէր հաջողվում ինչ-որ բան համոզել Ստալինին, եւ նրանք վերջինիս աշխատասենյակում արդեն գոռգոռոցի էին անցել: Քիչ անց Գեորգի Կոնստանտինովիչը դուրս եկավ Ստալինի աշխատասենյակից եւ ընդունարանում կատաղած նետեց. «Ու~ու~, բեղավոր քամակ»: Ընդունարանում սպասող գեներալը, մտնելով Ստալինի աշխատասենյակ, զեկուցեց Ժուկովի արած արտահայտության մասին: Ստալինը կարգադրեց հետ կանչել Ժուկովին. «Դուք հենց նոր ասել եք «բեղավոր քամակ»: Ու՞մ նկատի ունեիք»,- հայացքը մարշալին սեւեռելով՝ հարցրեց Գերագույնը: «Հիտլերին, ընկեր Ստալին»,- իրեն չկորցրեց Ժուկովը: Ստալինը մի քիչ լռեց ու փստացրեց ծխամորճը. «Ճիշտ է, ընկե՛ր Ժուկով, ես էլ եմ նրա մասին այդ կարծիքին:- Ապա շրջվեց դեպի մատնիչ-գեներալը:- Իսկ ու՞մ նկատի ունեիք դուք»:
Սա հին անեկդոտ է, որ շատերն են լսել: Բայց անվանի զորավարների հետ կապված զվարճալի շատ պատմություններ էլ կան, որոնք այնքան էլ հայտնի չեն: Հաղթանակ կերտողները ոչ միայն քաջարի զորահրամանատարներ էին, այլեւ նրանցից շատերն օժտված էին հումորի յուրօրինակ զգացումով եւ, ինչպես ասում են, զերծ չէին մարդկային ամենասովորական թուլություններից:
ԺՈՒԿՈՎՆ ԱՎԵԼԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ՔԱՆ ԳՈՒԴԵՐԻԱՆԸ
1941 թ. աշունն էր: Մարտեր էին ընթանում Մոսկվայի մերձակայքում, մայրաքաղաք էր շարժվում Գուդերիանի տանկային բանակը: Ժուկովն Արեւմտյան ռազմաճակատի հրամանատարն էր: Նրա դաժանության եւ արագ հաշվեհարդար տեսնելու մասին լուրերն արդեն տարածվել էին զորքերում. Ժուկովը հասցրել էր ջախջախել գերմանացիներին Ելնիայի մոտ, կասեցնել նրանց հարձակումը Լենինգրադի վրա: Եվ բանակի հրամանատարներից մեկը՝ գեներալ-մայոր (հետագայում՝ բանակի գեներալ, կրկնակի հերոս) Դմիտրի Լելյուշենկոն, իմանալով նրա դաժան վարքուբարքի մասին, նախանձելի հնարամտություն էր դրսեւորում՝ ամեն կերպ խուսափելու ռազմաճակատի հրամանատարի հետ հանդիպումից: Ամեն անգամ, երբ Ժուկովն այցելում էր նրա զորամիավորումները, իրադրության մասին նրան զեկուցում էին Լելյուշենկոյի տեղակալները, իսկ ինքը՝ գեներալ-մայորը, հենց այդ պահին, պարզվում էր, մեկնել է առաջավոր գիծ: Որոշ ժամանակ Ժուկովը դրան ուշադրություն չէր դարձնում, բայց հետո գլխի ընկավ՝ ինչն ինչոց է: Հերթական անգամ այցելելով միավորման շտաբ՝ նա հեգնանքով հարցրեց. «Էլի ու՞ր է ձեր խորամանկ խոխոլը»: «Ղեկավարում է հակառակորդի թիկունքում անցկացվող գործողությունները»,- անմիջապես պատասխանեց հերթապահ գեներալը եւ քարտեզի վրա մատնացույց արեց այն վայրը, որտեղ այդ պահին գտնվում էր իր հրամանատարը: Ժուկովը նայեց քարտեզին եւ զարմացած բարձրացրեց հոնքերը. «Նա, ինչ է, ինձնից ավելի՞ է վախենում, քան Գուդերիանի՞ց»:
ՄԻ ԳԱՎԱԹ ԿՈՆՅԱԿ՝ ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ
Երբ ապագա մարշալ Հովհաննես Բաղրամյանը 16-րդ բանակի հրամանատարն էր, օպերատիվ բաժնում ծառայում էր ոմն կապիտան Ֆյոդոր Սվերդլով, որը գլխավորում էր տեղեկատվության խումբը, միշտ հրամանատարի կողքին էր, իր հետ կրում էր նրա քարտեզը եւ պարտավոր էր իմանալ իրադրությունը ենթակա բոլոր կորպուսներում եւ դիվիզիաներում: Մի անգամ՝ 1943 թ. գարնանը, Բաղրամյանը ստուգայցի էր եկել առաջավոր գծի զորամասերից մեկը եւ Սվերդլովին կարգադրեց նախ գնալ առաջին խրամատը եւ տեսնել, թե այնտեղ ինչպես են ծառայությունը կատարում զինվորները:
Արդեն երեկո էր: Երկու սպայի ուղեկցությամբ կապիտանը խրամատից խրամատ էր անցնում, մեկ էլ իրենցից մի 25-30 մետրի վրա երեք գերմանացու տեսավ: Ամենայն հավանականությամբ՝ հետախուզական խումբ էր: Սվերդլովը եւ նրա ուղեկիցներն անմիջապես հետ քաշվեցին եւ վազեցին մոտակա բլինդաժը, որտեղից կրակ բացեցին գերմանացի լրտեսների ուղղությամբ:
-Երբ այս ամենը զեկուցեցի Բաղրամյանին,- հետագայում պատմել էր Սվերդլովը,- նա ժպտալով ասաց. «Համա թե «լեզու» էին բռնելու գերմանացիները»: Դրանից հետո այլեւս ինձ առաջավոր գիծ չէր ուղարկում:
Բաղրամյանը շատ նուրբ ու բարի հումոր ուներ: Մի անգամ՝ արդեն պատերազմից հետո էր, այցելելով զորամասերից մեկը՝ նա մարզադաշտում հանդիպեց երիտասարդ, դեռ չամրացած զինվորների: «Ազգանու՞նդ»,- հարցրեց նրանցից մեկին, որը մարզաձողի վրա ամենահասարակ վարժությունը չկարողացավ կատարել: «Վորոբյով, ընկեր մարշալ»: Բաղրամյանը թփթփացրեց նրա ուսին ու ասաց. «Դո՛ւ, Վորոբյո՛վ, մի՛ ընկճվիր, մի տարի ծառայես՝ բազե կդառնաս… Իսկ քո՞նը»,- դարձավ մեկ ուրիշ նորակոչիկի: «Օռլով»: «Դե, ի՞նչ ասեմ, Օռլով, Աստված ինքն է կամեցել, որ դու բանակում արծիվ լինես»: Զավեշտը տեղի ունեցավ երրորդ զինվորին դիմելիս: Երբ մարշալը հարցրեց նրա ազգանունը, վերջինս շփոթված մռթմռթաց. «Կոզլով…»: Բաղրամյանը ժպտաց եւ հանկարծ հարցրեց. «Գիտե՞ս ինչ, Կոզլո՛վ… երգել սիրու՞մ ես»: «Ճիշտ այդպե՛ս դասակում երգում էի»: «Այ, տեսնու՞մ ես: Որ ավելի շատ ջանք թափես, Կոզլովսկի կդառնաս» (Իվան Կոզլովսկին նշանավոր օպերային տենոր էր, որի անունը 30-60-ական թթ. բոլորի շուրթերին էր):
Կապիտան Սվերդլովը պատմում էր, որ երբ երեկոյան ինքն ամփոփիչ զեկույցները բերում էր Բաղրամյանին, սեղանին արդեն իր համար պատրաստ դրված էր լինում մի գավաթ տեսակավոր կոնյակ: Բաղրամյանը հաճախ էր Հայաստանից կոնյակ նվեր ստանում եւ բացառապես դա էր խմում, օղի կտրականապես չէր ընդունում: Ու չէր էլ ծխում:
ԻՆՉՊԵՍ ՍՏԱԼԻՆԸ ՆԱԽԱՆՁԵՑ ՌՈԿՈՍՈՎՍԿՈՒՆ
Մարշալները եւ նրանց կանայք՝ սա առանձին թեմա է… 1942 թ., երբ ապագա մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին բուժման մեջ էր, Մեծ թատրոնում ներկայացման ընթացքում հայտնվեց այդ ժամանակվա հանրաճանաչ կինոդերասանուհի Վալենտինա Սերովայի ընկերախմբում: Սերովան շատ գեղեցիկ կին էր, տղամարդիկ խելքամաղ էին լինում նրա համար: Հանդիպումից հետո լուրեր տարածվեցին, թե նրանց միջեւ սիրավեպ է սկսվել: Մանավանդ որ մարշալը սիրո հարցում սուրբ չէր (այդ իմաստով՝ սուրբ չէին Մեծ հայրենականի մյուս նշանավոր զորավարները եւս. նույն մարշալ Ժուկովն «ապրում էր» իր անձնական բժշկուհու հետ): Ամբողջ պատերազմի ընթացքում, սկսած 1941 թվականից, Ռոկոսովսկին իր «ռազմաճակատային կինն» ուներ՝ զինվորական բժիշկ Գալինա Տալանովան, որից նա նույնիսկ դուստր է ունեցել՝ Նադեժդան:
Հայտնի չէ, թե արդյոք Սերովան Ռոկոսովսկու հետ գնացե՞լ է ռազմաճակատ, բայց այսպիսի մի պատմություն հասել է մեր օրերը. իբր, Լավրենտի Բերիան զեկուցել է Ստալինին, թե դերասանուհի Սերովան ապրում է Ռոկոսովսկու շտաբում: «Սերովա՞ն: Գեղեցիկ կին է: Շատ գեղեցիկ է»,- արձագանքել է Գերագույնը: «Բայց, ընկեր Ստալին, հրամանատարի հեղինակությունն ընկնում է: Ի՞նչ անենք»: «Ինչ անե՞նք… Նախանձենք, ընկեր Բերիա»: Ապա ավելի լուրջ հարցրել է ամենազոր ժողկոմին. «Իսկ որտե՞ղ է ընկեր Ռոկոսովսկու կինը»: «Կճշտեմ: Բայց, կարծեմ, նա տարհանվել է»: «Անմիջապես գտեք եւ ինքնաթիռով հասցրեք Ռոկոսովսկու շտաբ: Նա եւ Սերովան թող որոշեն՝ իրենցից ո՞վ հեռանա, ո՞վ մնա»:
ՏՈՆՅԱՆ՝ ԿՈՆԵՎԻ «ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԸ»
Մարշալ Կոնեւի երկրորդ կինը՝ Անտոնինա Վասիլեւնան, սանիտարուհի էր: Եթե հավատանք այս ամուսնությունից ծնված դստերը՝ Նատալյա Կոնեւային, իր մոր եւ զորավարի ռազմաճակատային սիրավեպը նման է Ռոմեոյի եւ Ջուլիետի սիրավեպին: Ընդ որում, նրանց տարիքային տարբերությունը 25 տարի էր: Ճիշտ է, հանդիպման պահին՝ 1942 թ., Կոնեւի առաջին ամուսնությունն արդեն փլվել էր: Իվան Ստեպանովիչը ռազմաճակատ էր մեկնել՝ պարտություն կրելով ընտանեկան ճակատում, սրտում պահելով անսահման սերը զավակների հանդեպ եւ բավական հուսալքված տեսք ուներ:
Անտոնինան Կոնեւի հետ մի ռազմաճակատից մյուսն էր գնում, միշտ կողքին էր, երբեմն նրանք մինչեւ կեսգիշեր զրուցում էին: Կոնեւը Անտոնինային կատակով անվանում էր «իմ հանձնակատարը»: Այդ կինը օգնեց ստամոքսի սուր խոցից տառապող Կոնեւին դիմանալ պատերազմում: Զորավարին անհրաժեշտ էր հատուկ սնունդ, եւ Անտոնինան հոգում էր այդ մասին: Հենց ռազմաճակատում էլ «հանձնակատար Տոնյան» համաձայնել էր դառնալ նրա կինը: Երբ Կոնեւը լսել էր, որ նա համաձայն է ամուսնանալ իր հետ, գրկել էր նրան եւ ասել. «Գրկելով քեզ՝ ես գրկում եմ ողջ աշխարհը»: Այսպիսի խոսքերը կանայք չեն մոռանում ամբողջ կյանքում:
Երբ 1946 թ. մարշալ Կոնեւը նշանակվեց Ավստրիայում Կենտրոնական զորախմբի հրամանատար եւ առաջին անգամ արձակուրդ ստացավ, նրանք Անտոնինայի հետ մեկնեցին Կառլովի Վարի:
HBO
Թարգմ.` Ս. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ