Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐՍ



Քաղվածք գվարդիայի կապիտան Անդրանիկ Մանուկյանի մարտական սխրանքը եւ անձնական քաջությունը ներկայացնող զեկուցագրից

Բրիգադի հետախուզության պետ, գվարդիայի կապիտան Մանուկյանը 1945թ. հունվար ամսին Մանգուշաեւյան ռազմական հենադաշտի համար մղվող հարձակողական մարտերի ընթացքում աչքի է ընկել եզակի քաջությամբ ու անձնազոհությամբ.

1945թ. հունվարի 15-ին հետախուզական խմբի հետ ճեղքելով ճակատային գիծը՝ ներթափանցել է Ցիցելյուվսկայի շրջանում տեղակայված հակառակորդի ճամբար, խուժել հրամանատարական գետնախուց եւ ոչնչացնելով 7 զինվոր՝ գերել է թշնամու 19-րդ տանկային դիվիզիայի 73-րդ մոտոհրաձգային գնդի հրամանատարին։ Վերջինիս տված հույժ կարեւոր տեղեկությունները իրենց դիրքային դասավորության մասին վճռական դեր խաղացին հաղթական հարձակման գործում։

Երկու օր անց՝ հունվարի 17-ին, գվարդիայի կապիտան Մանուկյանի հետախուզական խումբը Եժուվ քաղաքի մոտ, թիկունքից շրջանցելով հակառակորդին, անհավասար մարտի ժամանակ ոչնչացրել է թշնամու կենդանի ուժի զգալի մասը, իսկ 15 զինվորի գերել։ Այնուհետեւ բացառիկ խիզախության եւ հանդգնության շնորհիվ հետախուզական խմբի հետ գրավել է Եժուվը եւ իր ձեռքում պահել մինչեւ հիմնական ուժերի մոտենալը։

Նույն օրը Սավիշուվ բնակավայրի մոտ կապիտան Մանուկյանի հրամանատարությամբ գործող հետախուզական խումբը մարտի է բռնվել թշնամու՝ թնդանոթներով համալրված գումակային շարասյան հետ։ Ոչնչացնելով չորս թնդանոթ՝ բռնագրավել ու գերեվարել է 60-ից ավելի ռազմական տեխնիկա, գերել 20 զինվոր ու սպա։

Ընդամենը մեկ օր անց՝ հունվարի 18-ին, գվարդիայի կապիտան Մանուկյանի հետախուզական խումբը մթության քողի տակ ներխուժել է Պոդդեմբիցա կայարան, վնասազերծել ժամապահներին եւ գերելով կայարանապետին ու նրա երկու օգնականին՝ հասցրել բրիգադի շտաբ։

Հմուտ հետախուզում իրականացնելու, եզակի անձնազոհություն եւ անօրինակ քաջություն ցուցաբերելու համար գվարդիայի կապիտան Անդրանիկ Ալեքսանդրի Մանուկյանն արժանի է պետական բարձրագույն պարգեւի՝ Խորհրդային Միության Հերոսի կոչման։

Լենինի, Սուվորովի, Բոգդան Խմելնիցկու շքանշանակիր Չերտկովյան գվարդիական առաջին տանկային կարմրադրոշ բրիգադի հրամանատար, գնդապետ ՏԵՄՆԻԿ

19.01.1945թ.

27.02.1945թ. Խորհրդային Միության Գերագույն Խորհրդի հրամանով գվարդիայի կապիտան Անդրանիկ Ալեքսանդրի Մանուկյանն արժանացել է Խորհրդային Միության Հերոսի կոչման։

ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՀՀ ԳԱԱ առաջատար

մասնագետ

Չգիտեմ ինչու, վերջին ժամանակներս հորս ավելի ու ավելի հաճախ եմ հիշում. մեր բարդ ու դժվարին կյանքի՞ց է, թե՞ մեծացել եմ։ Մի տեսակ՝ հիմա նրա կարիքը ավելի շատ եմ զգում։

Ամիսներ առաջ, երբ բանակ էի ճանապարհում որդուս՝ Անդրանիկին, ու հրաժեշտից առաջ հայր ու որդի դեմ հանդիման կանգնեցինք, հանկարծ մտաբերեցի հեռավոր 70-ականները, երբ հայրս էր ինձ բանակ ճամփում։ Ես Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում սովորելուց հետո պիտի մեկնեի բանակ տարիուկես ծառայելու։ Այդ կարգը նոր էր հաստատվել։ Կանգնեցի հորս առաջ ու ասացի.

-Դե ինչ, հայրի՛կ, ուրեմն էսպես՝ ջինսով, իմ ֆրանսերենով, անգլերենով ու ռուսերենով, գերազանցության դիպլոմը ծոցս դրած՝ գնամ բանա՞կ, հա՞։

-Իսկ ինչո՞ւ ոչ։ Կվերադառնաս, էլի քո ջինսը կհագնես, քո ֆրանսերենով ու անգլերենով կզբաղվես։ Գերազանցության դիպլոմդ էլ բանակում ոչ ոք քեզնից չի խլի։

Ես լավ էի ճանաչում հորս, բայց մտածում էի, որ գոնե իմ դեպքում նա բացառություն կանի եւ գոնե մեկ անգամ «կօգտագործի» Խորհրդային Միության հերոսի իր ոսկե աստղի շլացուցիչ փայլը…

Պարզվեց՝ ո՛չ, լավ չեմ ճանաչում։

Հայրս ավելի քան համեստ նկարագրի տեր մարդ էր։ Նրա արտաքինն էլ հերոսի չէր։ Ահա նրա լուսանկարը. ավելի շատ ազնիվ, համեստ հայ աշխատավորի տեսք ունի, քան հերոսի։ Եվ ոչ էլ նրա խոսքում ու պահվածքում ինչ-որ առանձնահատուկ, հերոսական բան կար… Զարմանում էի՝ ինչո՞ւ են նրան Հերոսի կոչում շնորհել։ Պատերազմից՝ կռվից ու մահից, չէր պատմում, էլ ուր մնաց՝ իրենից։ Ամեն անգամ, երբ հարցուփորձ էինք անում, իսկույն մի գեղեցիկ բան էր մտաբերում… Հատկապես երկուսը շատ ուշագրավ են ու անմոռաց եւ ընդմիշտ տպավորվել են իմ մեջ։ Գուցե այն պատճառով, որ ամենից շատն են բնորոշում հորս խառնվածքն ու էությունը։

-Երբ մեր տանկերը օդից ու ցամաքից ռմբակոծված Բեռլին մտան, ինչ տեսնեմ. քաղաքի փողոցները լցված են վայրի գազաններով՝ էլ վագր ու առյուծ, էլ աղվես ու գայլ… Խեղճերը տանկերի հռնդյունից ու թնդանոթների որոտից խուճապահար դեսուդեն էին փախչում… Դիվոտել էին, չէին հասկանում՝ ինչ է կատարվում։ Ես շատ խղճացի այդ կենդանիներին, շա՜տ…,- պատմում էր հայրս ու վերջում եզրակացնում. «Մարդն ավելի էր գազան, քան վայրի գիշատիչները…»։

Հայրիկս հատկապես գորովանքով էր հիշում իր տանկիստներից մեկի եւ բելառուս աղջկա սիրո պատմությունը. «Բելառուսի անտառներում սպասում էինք հարձակման հրամանին։ Մեր տանկերը կազմ-պատրաստ կանգնած էին։ Երբ վերջապես, հարձակման հրամանի համաձայն, մեր հետախուզական տանկային ջոկատը շարժվեց առաջ, տեսնեմ՝ տանկերից մեկը մնացել է տեղում։ Իջնում եմ, անձնակազմի զինվորին հարցնում. «Ո՞ւր է տանկի հրամանատարը»։ Նա էլ թե՝ գյուղ է գնացել՝ սիրած աղջկան հրաժեշտ տալու։ Տանկիստին գտնում ենք, բերում։ Ես նրան ասում եմ. «Ախր, տանկային բանակի հրամանատարը քեզ կգնդակահարի»։ Իսկ նա՝ «թող գնդակահարի։ Մեկ է՝ ես էդ աղջկան սիրում եմ»։ Մեր տանկերը ուղղություն բռնեցին դեպի պատերազմի դաշտ, բայց աղջիկը, մահն արհամարհելով, դեռ երկար շարունակում էր օդում թափահարել ձեռքը… Այդ տղան հասավ մինչեւ Բեռլին։ Հետո իմացանք՝ վերադարձել է Բելառուս, գտել ու ամուսնացել սիրած աղջկա հետ»։ Այդ պատմությունը անելուց հետո հայրս սովորաբար ավելացնում էր. «Տե՛ս, թե սերը որքան զորեղ բան է։ Գնդակից, մահից էլ հզոր է»։

Այսպիսին էր հայրս. ամեն տեղ, ամեն ինչում սեր, համերաշխություն, գեղեցկություն, մարդկայնություն էր փնտրում։ Մի բան միայն չէր հանդուրժում։ Զինվորի, Հերոսի կերպարի աղավաղումը, խեղաթյուրումը։ Նա ոչ ոքի թույլ չէր տալիս արատավորել այդ սուրբ հասկացությունները, անգամ՝ հարազատներին։ Քանի-քանի անգամ ենք ես ու եղբայրս «ճաշակել» նրա զայրույթը.

-Չե՞ք ամաչում, գնամ, Խորհրդային Միության Հերոսի վկայականը ցույց տամ, ասեմ՝ առանց հերթի թատրոնի տո՞մս տվեք, կրկեսի տո՞մս տվեք…

-Թող կինդ գնա, ժողկրթբաժնում հերթի կանգնի։ Հենց հերթը հասավ, կկանչեն, դպրոցում մի գործ կտան…

-Ես պատերազմի՛ հերոս եմ, ոչ թե՝ ասֆալտի… Պատերազմը վաղուց վերջացել է. հիմա ես հասարակ մարդ եմ…

Այսպիսի մարդ էր հայրս. նա երբեք իր խղճի, իր պատվի հետ «գործարքի» մեջ չմտավ, «առեւտուր» չարեց։ Մշտապես, մինչեւ իր կյանքի վերջին օրը, ընդդիմացավ «փառքի գայթակղությանը», պատվով դիմացավ փորձությանը։ Հիմա, երբ արդեն կյանք տեսած մարդ եմ, այլեւս հասկանում եմ, թե ինչի համար են նրան հերոսի կոչում տվել։ Հայրս իսկական հերոս էր. նա ոչ միայն պատերազմի, այլեւ խաղաղ օրերի հերոս էր, որ թերեւս շատ ավելի դժվար է։

…Մշտապես զինվորական համազգեստով էր՝ Հերոսի աստղը կրծքին։ Այդ հագուստից նա երբեք չբաժանվեց։ Այդպես ամեն առավոտ՝ ճիշտ ժամանակին, վերցնում էր տետրերը, գրքերն ու գլուխը կախ գնում էր դպրոց՝ դասի։ Պատմություն եւ զինվորական գործ էր դասավանդում։ Նա այդպես էլ քաղաքացիական հագուստ չհագավ։ Երբ մայրս հանդիմանում էր, թե՝ «լավ-լավ շորեր ունես, չես հագնում», նա ներողամտորեն ժպտում էր ու ասում՝ «Քաղաքացիական հագուստով միանգամից կարծես ծերանում եմ։ Զինվորական համազգեստն ինձ զգաստացնում է, ջահելացնում»։

Ամեն անգամ, երբ հորս մասին պատմելու առիթ է լինում, գործընկերներս ու մտերիմներս, չգիտես ինչու, անպայման հարցնում են. «Արմե՛ն, ի՞նչ ես կարծում, հիմիկվա սերնդի միջից հերոս դուրս կգա՞…»։ Նման դեպքերում ես միշտ նույն պատասխանն եմ տալիս. «Այո՛, այո՛, հազար անգամ այո՛։ Հերոսներին ուրիշ տեղ մի փնտրեք, նրանք սովորական մարդիկ են, մեր մեջ են, մեր կողքին։ Նրանք կծնվեն, ի հայտ կգան, հենց որ անհրաժեշտություն լինի, հենց որ պահը հասունանա։ Դուք ձեր կողքինի, ձեր գործընկերոջ, համադասարանցու ու հարեւանի մեջ գտեք հերոսին։ Երբ կարիքը զգացվի, հենց այդ սովորական, հասարակ մարդիկ էլ ոտքի կկանգնեն ու կհերոսանան»։ Այս խոսքերն ասելիս՝ ամեն անգամ աչքիս առաջ են կանգնում համեստ, սուսուփուս, ազնիվ ու չարքաշ հայրս եւ ֆիզիկայի ինստիտուտի իմ ընկերները՝ նույն չնչին աշխատավարձով, նույն մաշված աշխատասեղանների վրա կռացած, նույն հասարակ հագուկապով այն տղաները, որոնք զենք վերցրին ու գնացին իրենց հայրենիքը պաշտպանելու եւ հերոսացան։ Այո՛, հենց այս սերունդը՝ ռեփի, ինտերնետի, բջջային կապի այս սերունդը, եթե անհրաժեշտություն ծագի, վաղը հերոսներ կծնի, այն էլ ինչպիսի՜ հերոսներ։

Հիշում եմ. երբ այս կամ այն հայտնի մարդու, նաեւ պատահական մարդու դիզած հարստության, ապօրինությունների, անարժան պահվածքի մասին էին խոսում հորս ներկայությամբ, գլուխն օրորում էր ու ասում. «Ազգը հո միայն հերոսներ չի՞ ծնում…»։

Ինչո՞ւ եմ մտաբերում հորս խոսքերը։ Մոտ երկու տարի առաջ ձեր թերթում կարդացի, որ զինվորական պանթեոնից գողացել են Խորհրդային Միության Հերոս, լեգենդար հրամանատար գեներալ-լեյտենանտ Մարտիրոսյանի բրոնզե կիսանդրին։ Ես ու եղբայրս, մեզ համար արտառոց այդ լուրից ցնցված, գնացինք պանթեոն՝ մեր աչքերով տեսնելու բարբարոսությունը։ Հասանք եւ ինչ տեսնենք՝ գողացել էին նաեւ մեր հոր՝ Խորհրդային Միության հերոս Անդրանիկ Մանուկյանի գերեզմանի բրոնզե կիսանդրին։ Գողացվածը վերադարձնելու, գտնելու մեր ջանքերը որեւէ արդյունք չտվեցին։ Մոտ կես տարի անց միայն ինչ-որ մեկը մեզ զանգահարեց, թե՝ եկեք պանթեոն, շինարարական աղբի մեջ գտնված է բրոնզե մի կիսանդրի. գուցե ձեր հո՞րն է։ Մե՞ր հորը. մի՞թե հերոսը բոլորինը չէ, ամբողջ ժողովրդինը։ Չէ՞ որ նա կռվել ու հաղթել է ոչ միայն հանուն իր ընտանիքի, այլ նաեւ՝ իր ժողովրդի… Քարերի մեջ ընկած կիսանդրին մե՛րն էր… Խորհրդային Միության Հերոս Անդրանիկ Մանուկյանի գերեզմանի պատվանդանը հիմա էլ դատարկ է։ Բրոնզե կիսանդրին իր ժամանակավոր տեղն է գտել «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում՝ հերոսի վահանակի մոտ, մինչեւ այն օրը, երբ… հիշո՞ւմ եք «Սասունցի Դավիթը»… երբ ցորենը կմեծանա ընկույզի չափ… Մինչեւ այն օրը, երբ հերոսներն իրենց արժանի տեղը կունենան մեր կյանքում, մեր հասարակական գիտակցության մեջ… Որովհետեւ ժողովուրդը կարող է ապրել ու դիմանալ առանց լույսի ու ջրի, բայց առանց հերոսի չի կարող։ Հերոսները մեր կյանքի փարոս-ուղեցույցներ են, որոնք ցույց են տալիս արժանապատիվ ապրելու ճանապարհը։ Հերոսները մեր միասնական կամքի, ներքին ուժի ու հնարավորությունների, մեր առաջընթացի ու լինելության լուսատուներն են։ Հարգենք եւ գլուխ խոնարհենք նրանց առաջ։

ԳԵՎՈՐԳ ԱՍԱՏՐՅԱՆ
փոխգնդապետ

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Պատմության էջերից


08/05/2014