Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ



1904 թվականին Գավառի Կարմիր գյուղում Մանուկ և Մագթաղ Արևշատյանների ընտանիքում ծնվեց ութ որդիների առաջնեկը` Հայկը: Ճիշտ է, նա հորս պապն է, բայց ես էլ հորս նման սովոր եմ նրան պապիկ անվանել: Իսկ հիմա պատմեմ, թե ով է իմ Հայկ պապը: Նա Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: 1941 թվականի օգոստոսին թողնելով իր երեք անչափահաս որդիներին` Խաչիկին, Հրաչիկին, երեք ամսական Ռաֆիկին և կնոջը` Աշխենին, մեկնում է ռազմաճակատ: Ինչպես գրում է «Լենինյան դրոշով» թերթը` նա ակտիվորեն մասնակցում է Նովոռոսիյսկի, Կերչի և Դոնի Ռոստովի ազատագրության համար մղվող մարտերին: Ծանր վիրավորվելուց հետո ապաքինվում է և համալրում սակրավորների ջոկատը, որը ականազերծում էր Տուլա-Օրյոլ երկաթգիծը: Պապս կռվում էր, իսկ նրա երեք անչափահաս որդիները մեծանում էին՝ կարոտի արցունքները կուլ տալով:

Նրանք պարբերաբար նամակներ էին ստանում հորից և ստիպված էին այդ անշունչ թղթից առնել իրենց հոր կարոտը: Մի նամակում նա գրում է. «Մեր զորքերը անպայման կհաղթեն ֆաշիստներին, և հնարավոր է, որ մենք շուտով հանդիպենք»: Այս նամակը շատ է ոգևորում ընտանիքի անդամներին և հույս արթնացնում. շուտով տեսնելու են հայրիկին ու առնելու են իրենց կարոտը: Սակայն հաղթանակից ընդամենը օրեր առաջ ականի պայթյունից զոհվում է պապս` որբ թողնելով զավակներին, կնոջը: Սև թուղթը հանձնում են պապիս հորը` Մանուկին: Նա գաղտնի է պահում այդ լուրը հարազատներից և իր հետ տանում է գերեզման: Տարիներ են անցնում, ճերմակում են Աշխենի վարսերը, բայց նա կարոտը սրտում սպասում և հավատում է ամուսնու վերադարձին:

…1980 թվական: Ռաֆիկը` պապիս կրտսեր որդին, սկսում է զբաղվել հոր որոնողական աշխատանքներով: Նա երկար ժամանակ շրջում է Խորհրդային Միության տարածքում գտնվող եղբայրական գերեզմաններում, լինում է բազմաթիվ զինկոմիսարիատներում, քրքրում է արխիվները, հայտարարություններ է թողնում տարբեր պետական կառույցներում: Եվ միայն 1981 թվականի հունվարի 9-ին` ի պատասխան Ռաֆիկի բազմաթիվ դիմումների, Տուլա քաղաքից Երևան է ուղարկվում մի նամակ, որում նշվում էր պապիս գերեզմանի վայրը` Կոսայա Գորա:

Տուլայի մետալուրգիական գործարանը մեծ միջոցառում է կազմակերպում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին, հրավիրում են նաև Հայկ պապիս հարազատներին: Հավաքվում են Արևշատյանները և Ռաֆիկի գլխավորությամբ ճանապարհվում Տուլա: Նրանց մեծ շուքով դիմավորում են և ուղեկցում այն վայրը, որտեղ հերոսաբար զոհվել էր պապս: Որդիներն իրենց հոր անունն ու փառքը հավերժացնող ծառատունկ են իրականացնում: Որպես հուշ, կրակած փամփուշտի մեջ են լցնում գերեզմանի հողը և հանձնում հերոսի կնոջը` Աշխենին: Այս այցելության մասին ժամանակին գրում է հայտնի «Պրավդա» թերթը:

Մայիսի 7-ին մերոնք` թվով 22 հոգի, մասնակցում են Հայրենական պատերազմին նվիրված ցուցահանդեսին, այցելում թանգարան, իսկ մայիսի 9-ին մասնակցում են շքերթին:

Ելույթների ընթացքում պապիս հորեղբոր որդին՝ վաստակավոր ուսուցիչ Մնացական Արևշատյանը, ասում է.

– Կոսայա Գորա բանավանի մարդիկ մեր վիշտը վերածեցին ուրախության: Մենք զգացինք, որ նա ապրում է ոչ միայն մեր, այլև ողջ Տուլայի մարզի ու հատկապես Կոսայա Գորա բանավանի մարդկանց սրտերում, ապրում է հավերժ:

Ավելի ուշ` 1995 թվականին, Հայկ պապիս կնոջ մահվան ժամանակ Կոսայա Գորայից բերված հողով լի պարկուճը թաղում են նրա հետ միևնույն գերեզմանում՝ որպես վերջին հուշ սիրելի ամուսնուց…

ԱՐԵՎՇԱՏՅԱՆ ԳՈՌ
ԵՊՀՔ ուսանող

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Պատմության էջերից


08/05/2014