Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԱՀՎԱՆ ՃԱՄԲԱՐԸ`ԼԱՄՍԴՈՐՖ



Կգա օրը, երբ ներկան կդառնա անցյալ, ու կխոսեն մեծ ժամանակի և պատմություն կերտող անանուն հերոսների մասին, չէ՞ որ նրանցից ամենաաննկատի տանջանքը եղել է ոչ պակաս, քան նրանը` ում անունը մնացել է պատմության մեջ:

Ղրիմում Մեծ հայրենական պատերազմի ժամանակ անհայտ կորած զինվոր Սևան Թորոսի Ալիխանյանին ընտանիքս փնտրել է 72 տարի: Նրա մայրը` Հայկանուշը, իր ձեռքով էր ստացել անհայտ կորածի փաստաթուղթը, բայց չէր հաշտվում 20-ամյա որդուն կորցնելու մտքի հետ: Նա իր առաջնեկի ծննդին սպասել էր 11 տարի: Դիլիջանի Պողոսքիլիսա (ներկայիս Շամախյան) ավանից ոտքով հասել է Սևանա կղզի` աղոթքի, որ Աստված իրեն զավակ պարգևի: Ուխտ էր արել: 1922թ. ծնված որդուն ի պատիվ Սևանա վանքի` կնքում է Սևան: Հայկանուշ տատի բոլոր հարցումները նույն պատասխանին են արժանանում` «Անհայտ կորած է»: Տարիներ են անցնում: Եվ մայրն իր որդու անձնական իրերն ի պահ է տալիս կրտսեր որդուն` Սուրեն պապիս, որը նույնպես մարտական փառահեղ ուղի էր անցել: Մի օր էլ այդ ընտանեկան մասունքները հանգրվանում են Դիլիջանի թանգարանում, բացառությամբ մի քանի նամակների, որոնք Հայկանուշ մայրիկը պատվիրել էր իր հետ գերեզման դնել:

Պարտքի ու պարտականության զգացումը ժառանգել եմ նաև իմ Հայկանուշ մայրիկից: Իմ պապի եղբոր ճակատագիրը հիմա էլ ինձ հանգիստ չի տալիս: Համառորեն փնտրում էի նրան` համոզված, որ մի օր կգտնեմ. չէ որ կյանքը լի է անակնկալներով:

Եվ ճանապարհն ինձ տարավ հեռավոր Լամսդորֆ:

♦♦♦

…Լուսանկարում, որ տեսնում եք, Սևանն է՝ ավագ քրոջ` Վիկտորիայի հետ: Նկարվել են 1941 թվականին՝ Սևանի պատերազմ մեկնելուց առաջ: Իսկ փաստաթուղթը, որին կցված է Սևանի լուսանկարը` արդեն արված է 1942թ., գերմանական Լամդորֆ համակենտրոնացման ճամբարում: Լեհաստանի տարածքում գտնվող և ժամանակին` «Մահվան ճամբար» կոչվող վայրում էլ պիտի գտնեի նրա կորսված ճակատագիրը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին գերմանական համակենտրոնացման ճամբարները տասնյակներով էին, սակայն ամենասարսափելի տաժանակրությունն ու փորձությունները կրեցին Աուշվից, Օսվենցիմ, Մայդանեգ, Բուխենվալդ, Դահաու, Լամսդորֆ զնդանների գերյալները: Լեհաստանի հարավարևմտյան մասում գտնվող Լամսդորֆ (Lamsdorf) համակենտրոնացման ճամբարի տեղանքը ներկայումս կոչվում է Լամբինովիցե կամ Շադուրցիչե (Lambinowice, Szadurczyce), ընդգրկելով հնագույն Նիսա գյուղի տարածքը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ճամբարը համարվել է Եվրոպայում գտնվող Վերմախտի ամենամեծ համակենտրոնացման ճամբարներից մեկը, որտեղ 1941-45թթ. գերության մեջ պահվել են հակահիտլերյան կոալիցիայի երկրների մոտ 300.000 զինվորներ, որոնցից 200.000-ը` խորհրդային ռազմագերիներ: Ճամբարը բաժանված էր հատվածների, որոնցից ամենատաժանակիրը համարվում էր խորհրդային զինվորներին ընդգրկող բաժինը, այսպես կոչված` «Russenlager»-ը կամ` Stalag 318/VIII F-ը: Այն 1943թ. վերանվանվում է Stalag 344 և գործում մինչև 1945թ. մարտի 17-18-ը: Հենց այստեղ էլ բաց երկնքի տակ ոչնչացան հազարավոր խորհրդային զինվորներ: Ճամբարում եղել են մոտ 50 ազգությունների ներկայացուցիչներ, որոնցից 18-ը ներկայացրել են Խորհրդային Միությունը, որոնց թվում նաեւ հայեր:«Russenlager»-ը ռազմագերիների՝ աշխատանքային ուժ տրամադրող գլխավոր աղբյուրն էր: Նրանց բանեցնում էին Վերին Սիլեզիայի և Սուդեթիայի ածխի և պղնձի հանքերում:

Յուրաքանչյուր գերի ունեցել է հաշվառման իր համարը՝ երկու մասից բաղկացած մետաղյա եռանկյունաձև մեդալիոն, որը կրում էին պարանոցին: Մահից հետո համարը կիսվում էր. ժետոնի մի մասն ամրացվում էր գերու անձնական քարտին, իսկ մյուսը` դարձյալ վզին եւ թաղվում նրա հետ: 200.000 խորհրդային ռազմագերիներից 42.000-ը մահացել են ճամբարում՝ թաղվելով տեղի անանուն և եղբայրական գերեզմաններում:

1964թ. ճամբարի գերեզմանների մոտ կանգնեցվում է հուշարձան` ի հիշատակ ճամբարում տանջամահ արված բոլոր ազգությունների ռազմագերիների: Կոթողը երեք մետրանոց հսկա պատի տեսքով է, որի վրա խոշտանգված գերիների բարելիեֆներն են:

…Մենք չէինք հուսահատվում եւ շարունակում էինք փնտրել մեր հարազատին: Եվ ահա 1960-ականներին Հայաստան ներգաղթած մի հայ պապիս ցույց է տալիս պատերազմական մի լուսանկար: Եվ պապս լուսանկարում հանկարծ ճանաչում է իր եղբորը: Եկվորի ասելով, իբր, Սևանը գերի է ընկել, հետո փախել է ճամբարից, հայտնվել Գերմանիայի Շտուտգարդ քաղաքում, հետո անցել Հարավային Ամերիկա՝ հաստատվելով Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Եվ իբր հայկական եկեղեցիներից մեկի լուսանկարիչն է եղել: Ավաղ, միայն վերջին տվյալն էր համընկնում. Սևանը իրոք նկարել է, պատերազմից առաջ` դպրոցում, նկարչություն է դասավանդել:

Խորհրդային Միության փլուզումից հետո բազմաթիվ արխիվներ բացվեցին, այդ թվում՝ նախկին դեմոկրատական երկրներինը: Տասնամյակներ հետո էլ բացահայտվում էին մարդկային ճակատագրեր, խորտակված կյանքեր: Պատահական մի դիպվածով սկսեցի Սևան Ալիխանյանին փնտրել www.obd-memorial.ru կայքում, որում բազմաթիվ փաստաթղթեր կան տարբեր ազգությունների անհայտ կորածների ու համակենտրոնացման ճամբարների ռազմագերիների մասին: Շատ են նաև հայ զինվորների ու սպաների անունները:

…Վերջերս գտնում եմ Սևանի լամսդորֆյան ճամբարի անձնական հաշվառման քարտ-փաստաթղթերը, իր լուսանկարով, տվյալներով, նույնիսկ մատնահետքով: Պարզվում է, որ Սևաստոպոլի դաժան մարտերում, որոնք բազմաթիվ կյանքեր խլեցին, 1942 թվականի հունիսի 2-ին գերի է ընկել Սևանը: Նա` Լամսդորֆ-«Stalag 318/VIII F» մահվան ճամբարի 60007 համարի ռազմագերին էր: Փաստաթղթերում գրանցված բոլոր տվյալները համապատասխանում են: Մանրակրկիտ նշված է ամեն ինչ` հասակը, տարիքը, քաշը, ընտանիքն ու հավատը, ազգությունն ու երկիրը, դիվիզիան և կոչումը, գերության վայրը: Ծառայել է 104-րդ դիվիզիայի կազմում: Մահացել է 1943թ. մայիսի 30-ին Լամսդորֆի գերյալների հոսպիտալում` թոքախտից: Կցված է նրա վերջին լուսանկարը, որով էլ ճանաչեցինք նրան…

Մնացել է ճշտենք նրա գերեզմանի ճշգրիտ վայրը: Օտար ափերում զոհված մի հայ զինվորի ճակատագիր, որը տակավին բացահայտման ճանապարհին է: Սպասում եմ Երկրորդ աշխարհամարտի ռազմագերիների հարցերով զբաղվող դրեզդենյան մի կենտրոնի, ինչպես նաև Լամբինովիցեի տարածքում գտնվող թանգարանին արված հարցմանս պատասխաններին: Վստահաբար հավատում եմ, որ գտնելու եմ պապիս եղբոր` Սևան Ալիխանյանի շիրիմը, և անպայման իր ծննդավայրից բերված մի բուռ հողը ջերմացնելու է օտար հողում, օտար երկնքի տակ հանգչող զինվորի բազմաչարչար ոսկորները… Ես անհամբեր սպասում եմ այդ օրվան և համոզված եմ, որ այն հեռու չէ… Գալու եմ քեզ այցի, Հա՛յ զինվոր…

Քանի չենք գտել զինվորի շիրիմը, մենք շարունակելու ենք այցի գնալ Դիլիջան քաղաքի Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձանին, որի վրա այլոց անունների կողքին հավերժացել է նաև Սևանը…

Փնտրե՛ք ձեր հարազատներին, մարդի՛կ, և երբեք մի՛ հուսահատվեք:

Հ.Գ. Մինչ կտպագրվեր հոդվածը, հեղինակը նամակ ստացավ, որով ճշտվեց, որ Սեւան Ալիխանյանը թաղված է Լամսդորֆի եղբայրական գերեզմանում:

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Պատմության էջերից


08/05/2014