Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍԵՎԱՍՏՈՊՈԼԻ ՀԱՅ ԱՐԾԻՎԸ



Շիրիմներին եղբայրական խաչեր չկան, խաչեր չկան,
Եվ այրիները չեն հանում լաց ու կական,
Շիրիմներին եղբայրական ծաղիկներով մարդիկ կգան,
Ու կրակները կվառեն հավերժական:

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԻՍՈՑԿԻ

Սևաստոպոլը Մեծ հայրենական պատերազմի տարեգրության մեջ մտավ որպես արիության ու հերոսության խորհրդանիշ, իսկ նրա պաշտպանության համար մղված մարտերում սխրանքի փայլուն էջեր գրեցին նաև հայ ժողովրդի զավակները:

…Այս քաղաքում շատ են եղբայրական գերեզմաններն ու շիրմաթմբերը, որոնցում ամփոփված են նաև հայ սպաներ ու զինվորներ: Անմահ են նրանք, քանզի հավերժական կրակի նման անմար է մարդկային հիշողությունը:

Սևաստոպոլյան պաշտպանության մարտիկներից էր գվարդիայի կապիտան, «Կարմիր աստղի» շքանշանակիր Ամասիա Գառնիկի Մելիքյանը: Ծնվել է Էջմիածին քաղաքում, 1913թ. սեպտեմբերի 20-ին: Դպրոցն ավարտելուց հետո 1930 թվականին մեկնում է Լենինգրադ՝ աշխատանքի անցնելով զինվորական գործարանում: Նույն տարում, հատուկ հավաքագրմամբ, Ա. Մելիքյանը, որպես կուրսանտ, ընդունվում է բարձրագույն հրետանային ուսումնարան, իսկ 1937 թվականին լեյտենանտի կոչումով գործուղվում է Հայաստան` Լենինականի 226-րդ գունդ՝ նշանակվելով գումարտակի հրամանատար:

Ընդամենը 18 օր էր անցել ամուսնությունից, երբ հատուկ հրամանով մեկնում է Հեռավոր Արևելքի Վորոշիլով քաղաք (Նիկոլս-Ուսուրիյսկ)` մասնակցելու խորհրդա-չինական սահմանային երկաթգծի իրադարձություններին: Հետևապես արդեն անմասն չէր կարող մնալ այն դեպքերին, որոնք նախորդում են նախապատերազմյան լարված տարիներին:

1938թ. խառն ու պայթյունավտանգ ժամանակաշրջան էր Խորհրդային Միության համար: Դեռևս մարտ ամսին ճապոնական Կվանտունյան բանակը մշակել էր մի ծրագիր, համաձայն որի՝ նախատեսվում էր օգտագործել 18 դիվիզիա: Վիճահարույց համարվող Խասան լճի տարածքում 1936-38թթ. ճապոնական և մանջուրական ուժերը իրականացնում են սահմանային 231 խախտում, որից 35-ը մարտական խոշոր գործողություններ էին: Իսկ 1938 թվականի սկզբից մինչև խասանյան դեպքերը արձանագրվել էին 124 ցամաքային և 40 օդային սահմանի խախտման դեպքեր: Խնդիրը լուծվում է. վերահաստատվում է ԽՍՀՄ-ի և Ճապոնիայի միջև 1886թ. կնքված սահմանային պայմանագիրը: Այս ռազմական գործողությունների անմիջական մասնակիցներից էր նաև Ա. Մելիքյանը:

Արդեն 1939թ. Ա. Մելիքյանը մասնակցում է Մոնղոլիայի իրադարձություններին, որի ավարտին` 1940թ., ավագ լեյտենանտի ուսադիրներով փոխադրվում է հրետանային գունդ՝ որպես գումարտակի հրամանատար:

1941թ. Ամասիան ընդունվում է Ֆրունզեի անվան բարձրագույն զինվորական ակադեմիա, սակայն ուսումնառությունը շատ կարճ է տևում: 1941 թվականի հունիսի 22-ին սկսված Հայրենական մեծ պատերազմը շատ ծրագրեր ու նպատակներ թողնելու էր անկատար: Արդեն հունիսի 26-ին վերջին էշելոնով Ամասիան մեկնում է ռազմաճակատ: Նրա մարտական ուղին թեև կարճ, բայց փառահեղ ու բովանդակալից էր:

Կռվում է 4-րդ ուկրաինական գնդի կազմում: Մասնակցում է Մոգիլյով քաղաքի պաշտպանության համար մղված ահեղ մարտերին, վիրավորվում է: Կարճ ճամանակ անցկացնելով հոսպիտալում` դառնում է Նիկոլաև և Սևաստոպոլ քաղաքների պաշտպանական մարտերի մասնակիցը:

1944 թվականը բեկումնային էր: Սևաստոպոլի ազատագրման համար մղված ծանր մարտերում բազմաթիվ մարտիկներ զոհվեցին: Ապրիլին հրաձգային ստորաբաժանումները Ա. Մելիքյանի հրամանատարությամբ ազատագրում են Իշունի դիրքերը, որոնք գերմանական ուժերի ենթակայության տակ էին: Նրա ղեկավարած մարտական դիվիզիան մասնակցում է նաև Արմյանսկ ավանի պաշտպանական մարտերին: Ապրիլի 11-ին, ԽՍՀՄ զինված ուժերի գերագույն հրամանատարությունը, անձամբ Ստալինի հրամանով, ռազմական գործողություններին հաջողությամբ մասնակցելու համար շնորհակալություն է հայտնում Ամասիա Մելիքյանին:

1944թ. մայիսի 6-ին, Բելբեկ գետի վրայով 87-րդ գվարդիական դիվիզիայի առաջխաղացումն ապահովում էր կապիտան Մելիքյանի հրաձգային դիվիզիան: Նրանց հաջողվում է գրավել Մեկենզիևյան լեռների կարևոր դիրքերը: Ցուցաբերած արիության համար երիտասարդ կապիտանը ներկայացվում է կառավարական պարգևի, որը սակայն չի հասնում հերոսին:

Մայիսի 9-ին համառ ու ծանր մարտեր էին Սևաստոպոլ քաղաքում: 87-րդ գվարդիական դիվիզիան հաղթահարում է Սևաստոպոլի հյուսիսային ծովախորշը և գրոհում քաղաքը: Կռվի թեժ միջոցին Ամասիան ականի բեկորի հարվածից ծանր վիրավորվում է, սակայն հասցնում է իր հրաժեշտն ու վերջին խոսքն ասել. «Կնոջս փոխանցեք, որ լավ պահի իրեն ու երեխաներին: Մնաք բարով, ընկերնե՛ր…»: Մարտը շարունակվում էր: Նրա ընկերներից Պավել Պետելկոն հասցնում է գնդի մի քանի զինվորների հետ իրենց զոհված ընկերների` կապիտան Մելիքյանի, մայոր Կապլունի, սերժանտ Երմակովի դիերը թաքցնել մոտակա մարագում:

Սևաստոպոլի ճակատամարտն ավարտվում է 1944թ. մայիսի 9-ին, խորհրդային բանակի հաղթանակով: Խորհրդանշական համարվող մայիսի 9-ն արդեն հաջորդ` 1945 թվականին պետք է վերջ դներ հազարավոր մարդկային ճակատագրեր ու կյանքեր խլած սարսափելի պատերազմին: Կապիտան Մելիքյանն իր մի նամակում գրել է. «…Շատ հաջող շարժվում ենք առաջ, գերմանացիները խելագարի պես փախչում են: Շուտով ամբողջ Ղրիմը կազատագրվի»:

Մարտի ավարտին, երբ արդեն լռել ու խաղաղվել էր ամեն ինչ, և լսվում էին քարափների մեղմ ալեբախումն ու ճայերի ճիչը, մի քանի զինվոր բարձունքից պատգարակով իջեցնում են իրենց զոհված ընկերների մարմինները` ծածկված նոր ծաղկած յասամանի փնջերով… Հերոս մարտիկների մարմինները Հյուսիսային ծովախորշից տեղափոխում են Սևաստոպոլ քաղաք և ամփոփում «Կրասնոֆլոտյան» կոչվող այգում, մեկ դամբարանում:

1967 թվականին բոլոր միայնակ շիրիմները տեղափոխվում են գեներեալ Գորպիշենկոյի անունը կրող գերեզմանատուն՝ մեկ հուշահամալիրի ներքո, որտեղ էլ ամփոփված է Սևաստոպոլի ազատագրման համար զոհված կապիտան Մելիքյանը:

Դեռևս 1965 թվականին Մելիքյանների հարևան ընտանիքի մի տղա, որ ծառայում էր ռազմածովային նավատորմում, Սևաստոպոլում գտնում է կապիտանի շիրիմը: Եվ երկար տարիների անհայտությունից ու անորոշությունից հետո առաջին անգամ ընտանիքը և երեխաներն այցելում են իրենց հոր գերեզմանին:

Մելիքյան ընտանիքից ռազմաճակատ մեկնել է նաև Ամասիայի հորեղբոր տղան` Հրաչյա Մելիքյանը: Նա անվանի երաժշտագետ, խմբավար, Կոմիտասի աշակերտ և օգնական Սպիրիդոն Մելիքյանի որդին էր, մասնագիտությամբ նույնպես կոմպոզիտոր և տաղանդավոր երաժիշտ: Մոգիլյովի համար մղվող մարտերում Հրաչյան և Ամասիան կռվել են կողք կողքի, բայց ճակատագրի կամոք այդպես էլ չեն հանդիպել: Զոհվում է նաև Հրաչյան:

♦♦♦

…Կարդում եմ նրա ռազմաճակատային նամակները, որքա՜ն սեր, ջերմություն, կարոտ, քնքշանք ու անսահման հոգատարություն կա դրանցում: Տարիներ շարունակ այդ մասունքները սրբորեն պահել է Ամասիայի կինը` տիկին Ժենյան, իսկ հիմա՝ դուստրը, բժշկուհի Նինան: Նամակներից մեկում կնոջն ուղղված այսպիսի հուզիչ խոսքեր կան. «…Քիչ է մնացել, պետք է համբերությամբ լցվել: Հավաքիր քեզ, կազդուրվիր ու սպասիր ինձ: Ես կվերադառնամ…»:

Մի այլ նամակում որդուն` Ալիկին, հայրը բանաստեղծություն է նվիրել, որպես պատգամ, որպես կարոտ ու սեր:

1969 թվականին, երբ լրանում է Սևաստոպոլի ազատագրման 25-ամյակը, Ամասիայի կինը, զավակները` Ալիկն ու Նինան, կրկին այցելում են հոր շիրիմին: Տիկին Նինան հիշում է, որ հոր գերեզմանի մոտ մի մարդ ձեռքը դնում է եղբոր ուսին՝ ներկայանալով որպես «Կիև» կինոստուդիայի օպերատոր: Հարցազրույց է խնդրում: Մեկ ամիս անց Մելիքյանների ընտանիքը Կիևից ստանում է մի կինոժապավեն, որն ամեն տարի Հաղթանակի օրը` մայիսի 9-ին, հանդիսավորությամբ ցուցադրում էին Էջմիածնի կինոթատրոնում: Այդ ժապավենն այսօր էլ խնամքով պահվում է:

♦♦♦

Սևաստոպոլյան հողի վրա արյուն շատ է ցողվել, և նույնիսկ տարիների տեղացող անձրևը չի կարող մաքրել այն, ինչպես որ չի կարող ջնջել մարդկային հիշողությունը: Հիշե՛նք նրանց, որոնց համար հաղթելը հրաշագործ մի տենդ էր, մի ամբողջ կյանք, որը կարճ էր, բայց հերոսական:

ՄԵՐԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Պատմության էջերից


08/05/2014