Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՂԱՆԱԿԸ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ



Փոխգնդապետ Ա. Սարգսյանի հրամանատարությամբ գործող զորամասը 2010թ. բանակային տարվա արդյունքներն ամփոփելուց հետո երկրորդ անգամ անընդմեջ պարգեւատրվել է ՀՀ ԶՈՒ «Մարտական հերթապահություն իրականացնող լավագույն զորամաս, 2-րդ տեղ» պատվո դրոշով։
Զորամասի ստորաբաժանումներն ունեն մարտական բարձր աստիճանի պատրաստվածություն եւ ունակ են ցանկացած պահի իրականացնելու իրենց առջեւ դրված մարտական ամենադժվարին ու բարդ առաջադրանքները, արժանի հակահարված տալու թշնամու ցանկացած ոտնձգության։
– Որպես ձեռքբերում առաջին հերթին ուզում եմ նշել անձնակազմի ծառայողական կարգապահության բարձրացումը, առաջնագծում մարտական հերթապահության եւ անվտանգության կանոնների խստագույնս պահպանումը,- ասաց զորամասի հրամանատար փոխգնդապետ Ա. Սարգսյանը։ Զորամասի յուրաքանչյուր սպա եւ զինվոր քաջ գիտակցում է, որ զորքերի մարտական պատրաստականության կարեւորագույն բաղադրիչի՝ զինվորական կարգապահության խստիվ ու ճշգրիտ պահպանմամբ է միայն հնարավոր մարտական հերթապահություն իրականացնել տարածաշրջանի ամենաբարդ կլիմայական պայմաններ ունեցող հատվածներում, որտեղ այս պահին մարտական հերթապահություն իրականացնող ուժերի խնդիրն է հարկ եղած դեպքում նախորոշված ժամկետում անցնել պաշտպանության,- մեզ հետ զրույցում ասաց զորամասի հրամանատարը։
Սահմանի դժվարին հատվածների մարտական հերթապահության իրականացումը ծանրացած է հիմնականում պայմանագրային զինծառայողների ուսերին, իսկ մյուս հատվածներում այն իրականացվում է ժամկետային զինծառայողների ուժերով։ Սահմանում մարտական հերթապահության մեջ գտնվող զինվորի ու սպայի անվտանգության գլխավոր երաշխիքը զգոնությունն է։
-Սահմանում զգոնությունդ մեկ վայրկյան անգամ չպետք է կորցնես, այլապես հետեւանքները կլինեն շատ ծանր,- ասաց փոխգնդապետ Սարգսյանը։
Նա լավ է ճանաչում իր զինվորին, վստահում է ու հպարտանում նրանով։
-Եթե զինվորը հավատարիմ է իր երդմանը, ուրեմն նրա մեջ առաքինություն կա, նրան կարելի է վստահել ցանկացած առաջադրանք,- համոզված է հրամանատարը։
Կարգապահության, մարտական հերթապահության ու մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար այս զորամասին դեռեւս 2005, 2007 եւ 2008թթ. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով հանձնվել է կոլեգիայի փոխանցիկ դրոշը եւ ՀՀ ԶՈՒ մարտական հերթապահություն իրականացնող «Լավագույն զորամաս, 1-ին տեղ» պատվո դրոշը։
-2005թ.-ից առ այսօր զորամասում արտակարգ դեպքեր, ծանր կարգապահական խախտումներ չեն եղել,- մեր զրույցին է միանում հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Ժ. Ամիրջանյանը։ -Զորամասի ստորաբաժանումներում գործում են հասարակական ակտիվները, զորամասի սերժանտական խորհուրդը, որի նախագահը ավագ Հայկ Ուզունյանն է, ինչպես նաեւ ստորաբաժանումների սերժանտական խորհուրդները։ ՀՀ պաշտպանության եւ կրթության ու գիտության նախարարների համատեղ հրամանի համաձայն՝ դպրոցականների հայրենասիրական դաստիարակությունը բարձրացնելու նպատակով կազմվել է միջոցառումների ժամանակացույց, ըստ որի՝ քաղաքի չորս միջնակարգ եւ մեկ ավագ դպրոցի բարձր դասարանցիների ու զորամասի զինծառայողների միջեւ կազմակերպվում են փոխադարձ այցելություններ։ Վերը նշված դպրոցները կցված են զորամասի տարբեր ստորաբաժանումներին։ Այս միջոցառումները նպաստում են նաեւ զինվորական կարգապահության եւ զորքի բարոյահոգեբանական վիճակի ամրապնդմանը։
Այցելեցինք փոխգնդապետ Գ. Ավալյանի հրամանատարությամբ գործող գումարտակ, որը նոր էր ավարտել ճաշը, եւ անձնակազմն օրակարգի համաձայն խնամում էր սպառազինությունն ու տեխնիկան։
-Փոխգնդապետ Ավալյանը կարգապահ սպա է, խստապահանջ, հետեւողական,- գումարտակի հրամանատարին է ներկայացնում փոխգնդապետ Ժ. Ամիրջանյանը։
Գումարտակը ներգրավված է մարտական հերթապահության մեջ։ Հերթափոխից ազատ ստորաբաժանումները, ըստ մարտական պատրաստության պլանի, զբաղվում են մարտական պատրաստությամբ: Ընթացիկ տարվա անցած ամսվա արդյունքներով այս գումարտակը զորամասում ճանաչվել է լավագույնը։ Գումարտակի հրամանատարը նշեց ծառայության ընթացքում աչքի ընկած մի քանի զինվորների անուններ. գնդացրորդ, շարքային Արամ Սուքիասյան, շարքային Վահան Ներսիսյան, շարքային Արթուր Ավետիսյան, շարքային Էդգար Գեղամյան, դասակի սերժանտ Ռոման Ղալեչյան, շարքային Արսեն Մովսիսյան։
Ինչպես գումարտակի, այնպես էլ զորամասի ամբողջ անձնակազմը լի է լավագույնի կոչումը պահպանելու վճռականությամբ։
«Մեր խնդիրն է զորքի մարտունակությունը բարձրացնել այն աստիճանի, որ տարվա ցանկացած եղանակի ու ժամանակի մեր առաջադրանքը կատարենք նախատեսվածից էլ ավելի սեղմ ժամկետում»,- ասում է զորամասի հրամանատարը։ Այս պահին զորքի համար հիմնական դժվարությունը առատ տեղացած ձյունն է, անընդհատ քամիները, ձնաբքերը, ճանապարհների անանցանելիությունը։ Չնայած բնության անակնկալներին, փոխգնդապետ Ա. Սարգսյանի հրամանատարությամբ զորքը շարունակում է հուսալիորեն իրականացնել իրեն վստահված պետական սահմանի պահպանությունը։

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
մայոր
Լուսանկարները՝ ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ
մայոր

Խորագիր՝ #12 (877) 30.03.2011 – 6.04.2011, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


07/04/2011