ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Հայ ժողովրդի կոչ-նամակին պատասխանեցին ռազմաճակատում մարտնչող հազարավոր հայ ռազմիկներ` երդվելով սրբությամբ կատարել ժողովրդի բոլոր պատվիրանները: Ահա պատասխան նամակներից մեկը, որ գրել են Հայկական 89-րդ հրաձգային դիվիզիայի մի խումբ մարտիկներ, որոնց միացել են այլ զորամասերում ծառայող բազմաթիվ հայեր` շուրջ 7000 հոգի:
Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն
Սպասում իր որդուն`
Անհանգիստ ու անքուն:
«Մեր թանկագին հարազատներ.
Մենք` ընկեր Սաֆարյանի զորամասի մի խումբ շքանշանակիր հայ մարտիկներս ու հրամանատարներս, ջերմագին ողջույն ենք հղում ձեզ` թիկունքայիններիդ` գործարանների, խորհրդային դաշտերի, գիտության, արվեստի բնագավառում աշխատող հերոսներիդ:
Շատ ժամանակ չի անցել այն օրվանից, երբ մենք ստացանք եւ մեծ սիրով ու հաճույքով կարդացինք ձեր այնքան սրտագին նամակը:
Այդ նամակը գրված էր մեր մայր ժողովրդի սրտի ավյունով, մեր թանկագին մայրերի, քույրերի, կանանց, երեխաների, եղբայրների ու հայրերի բուռն զգացմունքով ու գալիք հաղթանակի պայծառ հավատով: Ահա թե ինչու ձեր գրած նամակի ամեն մի բառն անջնջելի տառերով դրոշմվեց մեր սրտի մեջ: Ահա թե ինչու էլեկտրական հոսանքի արագությամբ անցավ խրամատից խրամատ, բլինդաժից բլինդաժ եւ մեզ բոլորիս ոգեւորեց` տանելով նորանոր սխրագործությունների:
Այդ նամակը մեզ է՛լ ավելի խոր ատելությամբ վրեժի կոչեց հայ ժողովրդի ամենաոխերիմ թշնամիների` գերմանական զավթիչների դեմ:
Կովկասի ազատագրման համար մղվող մարտերում վառոդի ու բոցերի միջից բարձրացան հերոսական կերպարներ, որոնցով կարող է պարծենալ հայ ժողովուրդը:
Թանկագին սրտակիցնե՛ր, մենք խորապես գիտակցում ենք, որ հայրենիքի առաջ մեր սրբազան պարտքը լիովին կատարելու համար մենք պետք է ազատագրենք խորհրդային տարածքի մի զգալի մասը, որը դեռեւս գտնվում է հիտլերյան բռնակալության արյունոտ լծի տակ: Պայքարը գերմանական արնախում զավթիչների դեմ դեռ չի ավարտված, այն միայն ծավալվում է, բոցավառվում: Կարմիր բանակին սպասվում են համառ ու դժվարին մարտեր չարանենգ, դաժան ու տակավին ուժեղ թշնամու դեմ:
Անդադրում կերպով կատարելագործել մարտական ուսուցումը եւ ամրացնել կարգապահությունը, կարգ ու կանոնը եւ կազմակերպվածությունը մեր շարքերում:
Անդուլ ու համառ սովորել եւ տիրապետել ժամանակակից պատերազմի տեխնիկային ու այն վարելու արվեստին: Բարձրացնել ու կռել միավորի հարձակողական թափն ու ոգին: Է՛լ ավելի բարձրացնել զգոնությունը, լինել խիզախ ու համարձակ թե՛ պաշտպանողական եւ թե՛ հարձակողական մարտերում: Պայքարել մեր շարքերում փոքրոգության եւ բարեհոգության դեմ:
Մենք երդվում ենք մեր պատվով, մեր զոհված ընկերների արյամբ, բարբարոս ֆաշիստների կողմից անարգված ու խոշտանգված մայրերի, քույրերի, մանուկների արցունքով ու արյամբ, որ վրիժառու կլինենք դահիճ հիտլերականների նկատմամբ: Մենք մեր երդումը միացնում ենք մեր շարքերում կռվող երիտասարդ բանաստեղծ Արշալույս Սարոյանի տողերին.
«Վրեժի արյուն թափել թշնամուց.
Երկուսի տեղ տասը, տասի տեղ հարյուր,
Մարտերում ահեղ, մահու եւ կենաց
Ու չխնայել ո՛չ կյանք, ո՛չ արյուն:
Թե չկատարեմ երդումս պատվով,
Թող փակվեն իմ դեմ դռներն հայրենի,
Թող հողը ճեղքվի բացած երախով,
Դժոխքը հոգուս կուլ տա կենդանի:
Մեր աղբյուրների ջուրն է հավերժաբուխ
Ու մորս կաթը, հյուլեն արյունի`
Թե չկատարեմ երդումս փառքով
Երակներումս թող փոխվեն թույնի»:
Այո՛, հայրենի՛ք, մենք կվերադառնանք մեր երդումը կատարելով, հաղթանակն ապահովելուց հետո: Հայրենիքի դավաճանի համար չկա վերադարձի ճանապարհ եւ փրկություն: Մեր պատվով ու հաղթանակով վերադարձը կախված է եւ ձեր աշխատանքից, մեր նվիրական հարազատներ: Է՛լ ավելի ծավալեցեք ստախանովական աշխատանքը մեր ծաղկուն Հայաստանի դաշտերում, գործարաններում, գիտական հաստատություններում, հիմնարկ-ձեռնարկություններում: Է՛լ ավելի եռանդուն աշխատեցեք «Ամեն ինչ ռազմաճակատի համար» նշանաբանի տակ:
Հաղթանակը մերն է: Ֆաշիզմն անխուսափելիորեն կկործանվի: Մահ գերմանական զավթիչներին»:
Խորագիր՝ #17 (1035) 8.05.2014 – 14.05.2014, Պատմության էջերից