Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀԱՅ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ



Պետք է վերադաստիարակություն – իմաստուն վերադաստիարակություն՝ վերջին խաղաթուղթը ապագան վտանգված ժողովուրդների:

Դաստիարակություն, որ հեղաշրջեց մինչայժմյան թույլ մեր հասկացությունը իրավունքի եւ քաղաքական բարոյականի, քրիստոնեության, ուժի եւ թուլության, պատերազմի եւ խաղաղության մասին:

Դաստիարակություն, որ ազգային հզոր զգացումով եւ արթուն գիտակցությամբ զինել է հայությունը, որ արիացներ եւ դառնար մայրը բարձր ժողովրդասիրության եւ գաղափարապաշտության, մղեր ընդհանուրի շահը միշտ էլ գերադասել անձնականից- թելադրեր անհատին ընդհանուրի երջանկության մեջ փնտրել իր անձնական երջանկությունը, մտատրամադրեր բոլորին, բոլորին՝ ավելի պարտականության տեր զգալ իրենց, քան իրավունքների, որ մղեր հայ մարդուն մեռնել՝ ապրելու եւ ապրեցնելու, ոչ թե ապրել մեռնելու համար, որ իրականացներ սոցիալական հնարավոր արդարությունը մեր ժողովրդի մեջ – միակ պատճառը անարիների, ընչազուրկների եւ վատերի չգոյության, ասել է՝ եւ հայրենիքների անպարտելիության:

Փրկարար դաստիարակություն, որ տար մեզ անհրաժեշտ առաքինություններն այն ժողովուրդների, որոնք արի եւ վստահությամբ են նայում իրենց ապագային, որ բարձրացնի մեզ մինչեւ գերագույն ըմբռնումն ու զգայնությունը – հատկություններ, որոնք կհարյուրապատկեն ժողովուրդների բարոյական կորովը:

Դաստիարակություն, որ հոգեփոխեր եւ փրկեր մեր ժողովուրդը:

Ահա այս նոր դաստիարակության ստեղծագործ եւ փրկարար գործին է, որ անվերապահորեն եւ վճռաբար պետք է լծվեն մեր կյանքի եւ պատմության ընթացքը շարժող բոլոր հավաքականությունները՝ ազգային մի բարձր մարմնի հսկողության տակ, ընտրված բոլոր հոսանքներից:

Հրապարակ հանելով մեր ժողովրդի Հոգեւոր վերանորոգման անհրաժեշտության խնդիրը՝ կուզեի հավատալ, թե մեր մտավորականությունը հոգեպես անհանգիստ է մեր ժողովրդի ապագայի նկատմամբ, թե նա – մեր ունեցած ահավոր կորուստներից հետո, ժողովրդասպանությանը համազոր կհամարի հնի շարունակությունը եւ երկաթի անհրաժեշտությունից մղված՝ առաքինություն կունենա անկուսակցականանալ գոնե մեր ժողովրդի ինքնապաշտպանության խնդրում:

Մեր պատմությունը այսուհետ աղետալի սխալների կրկնություն չպետք է լինի, այլ սրբագրություն:

Էլ ոչինչ այն ամենից, ինչ որ արվել է եւ արվում է արտաքին թշնամու գործը հեշտացնելու համար. սա պիտի լինի ինքնազգաստացումի եւ փրկության հրավիրող մեր օրվա աղաղակը:

Արվե՞ց այդ, վարվե՞ց այսպես մեր մտավորականությունը – վաղն ազգովին պիտի լինենք այն, ինչ որ ուզում ենք լինել:

Մարդկային աչքը դեռ չի տեսել այն մեծությունը, որին կարող են հասնել անհատներն ու ազգերը՝ իրենց հոգեկան ուժերի զարգացմամբ:

Վաղն այդ ժողովուրդներինն է, որոնք գիտակցում եւ գործադրում են այս ճշմարտությունը:

Վաղը հաղթելու է նա, որը մինչ այդ վաղը իր հոգու մեջ կտանի հաղթանակը:

…Հասկանանք, հարազատնե՛ր, այս ճշմարտությունը եւ աշխատենք վաղվա համար, եթե չենք ուզում կորչել որպես ազգ:

1929 թ.

Խորագիր՝ #18 (1036) 15.05.2014 – 21.05.2014, Պատմության էջերից


15/05/2014