ՄՈՐ ԵՐԳԸ ԼԱՎ ՆՇԱՆ Է…
Մեզ պարտադրված Արցախյան ազատամարտը ցույց տվեց, թե մարդու, սովորական քաղաքացու համար որքան կարևոր են զինվորական, թեկուզև նվազագույն, գիտելիքներն ու հմտությունները: Բարեբախտաբար, խորհրդային տարիներին դրանք անտեսված չէին և ուսուցանվում էին դպրոցում, բանակում, բարձրագույն ուսումնական հաստատություններում, պարբերաբար կազմակերպվող վարժական հավաքների ընթացքում: Իսկ մեր կռվում, ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ Արցախի ռազմաճակատներում կամավորական խմբերի, ջոկատների, վաշտերի կողքին հակառակորդի դեմ պատվախնդրորեն մարտնչեցին և հաղթանակի մեջ իրենց կարևոր ներդրումն ունեցան նաև եռամսյա վարժական հավաքների միջոցով կազմավորված ստորաբաժանումները: Հատկապես պատերազմի վերջին ու վճռական փուլում հայտնվելով առաջնագծում, նրանք համալրեցին կռվողների նոսրացած շարքերը և իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ նոր եռանդ ու թափ հաղորդեցին ամիսներ ու տարիներ խրամատից դուրս չեկող փորձառու ռազմիկների գործողություններին:
Հրադադարի հաստատումից հետո ամեն տարի ապրիլի վերջին հավաքվում, զոհված (հետագայում նաև մահացած) զինակիցների շիրիմներին են այցելում 1994թ. առաջին եռամսյա վարժական հավաքների ժամանակ Աշտարակի շրջանից ճակատ մեկնած մոտոհրաձգային վաշտի մարտիկները: Համառոտ նշեմ, որ վաշտը կազմավորվել է 1994թ. հունվարի երկրորդ կեսին և փետրվարի մեկից մինչև ապրիլի վերջը մասնակցել է այն ժամանակ փոխգնդապետ Վիտալի Բալասանյանի հրամանատարությամբ գործող զորամասի ծավալած մարտական գործողություններին: Լուսաբանման համար մասնակցելով նրանց հերթական՝ քսաներորդ հավաքին, հաճելիորեն զարմացա, իմանալով, որ վաշտի հրամանատարն իմ հին ընկերներից է՝ սոցիալական պաշտպանության և միջազգային ոլորտի փորձագետ, վերլուծաբան, ԵՊՀ դասախոս, պահեստի ավագ լեյտենանտ Վարդան Գևորգյանը և շատ չանցած համոզվեցի, որ վաշտի զինվորները, որ սովորական հայ մարդիկ են, հայրենի հողի ազատագրման համար մղվող մարտերում միմյանց հետ մտերմացել, եղբայրացել են, իրար թև ու թիկունք են դարձել հիմնականում իրենց հրամանատարի՝ Վարդանի շնորհիվ: Ասեմ նաև, որ մենք ուսանողական ընկերներ ենք: Նա սովորում էր ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում և սիրահարված էր բանասիրականի իմ համակուրսեցի Թերեզա Վարդանյանին: Բացառիկ զույգ էին՝ բնավորությամբ նման, միմյանց համապատասխան և համալսարանն ավարտելուն պես ամուսնացան: Վարդանը չափազանց բարեկիրթ, շրջապատի նկատմամբ ուշադիր, աշխատասեր, միշտ գիտական հետազոտություններով տարված և անսահման համեստ անձնավորություն է: «Հայ զինվոր» պաշտոնաթերթում իմ աշխատելու քսան տարիների ընթացքում մենք բազմիցս էինք հանդիպել, զրուցել ամենատարբեր հարցերից, բայց նա երբեք, ոչ մի անգամ չէր ասել, անգամ ակնարկել, որ ինչ-որ ձևով մասնակցել է պատերազմին: Այնպես որ՝ ռազմաճակատային նրա ուղին, այն էլ վաշտի հրամանատարի կարգավիճակում, ինձ համար, կրկնում եմ, միանգամայն անակնկալ էր, բայցև շատ բնորոշ՝ զուսպ, ցուցամոլությունից, ինքնագոհությունից ու մեծամտությունից հեռու: Շփվելով, զրուցելով միջոցառման մասնակիցների հետ՝ տեղեկացա, որ նա, ստանձնելով վաշտի հրամանատարի պատասխանատվությունը, բավական լավ է օգտագործել համալսարանում «Ռազմագիտություն» առարկայից ձեռք բերած գիտելիքները, ինչի շնորհիվ ռազմադաշտում ցուցաբերել է հրամանատարական բարձր հատկանիշներ ու վաշտը տևական ծանր մարտերից դուրս է բերել նվազագույն կորուստներով:
♦♦♦
Վերադառնալով միջոցառմանը՝ ասեմ, որ այն սկսվեց Աշտարակից: Տղաների հրավերին արձագանքել և գիշերով Արցախից Աշտարակ էր հասել 1994թ.-ին նույն զորամասի մեկ այլ վաշտի հրամանատար՝ բաղրամյանցի Արթուր Սարգսյանը, որը, ինչպես պարզվեց, մարտադաշտում հաճախ է շփվել այս ստորաբաժանման հետ: Ուրիշ է մարտական ընկերների հանդիպումը, բառերով չես նկարագրի, որովհետև ձևավորվել ու կոփվել է հայրենի հողի, ազգի արժանապատվության ու գույության համար մղված անողոք մարտերի ընթացքում՝ կյանքի ու մահվան եզրագծին:
Հավաքվելով՝ նրանք առաջինը այցելեցին ազատամարտի զոհերի Աշտարակի պանթեոն, որտեղ ամփոփված են Ռուստամ Սիմոնյանի և պատերազմից հետո մահացած Յուրա Ավետիսյանի շիրիմները: Այստեղ նրանց սպասում էր Ռուստամի մայրը՝ Ռիմա մայրիկը: Հերոսների գերեզմանները ամբողջովին պատվեցին գարնանային թարմ ծաղիկներով: Խոնարհումից, գլխահակ լռությունից հետո լսվեցին մխիթարանքի խոսքեր:
-Միասին կռվեցինք, դարձանք հարազատներ, արմատներ ձգեցինք մեր ընկերների շիրիմների տեսքով,- ասաց հրամանատարը:
-Կյանքում ամենամեծ փառքը զինվորի փառքն է: Մեզ չտարան պատերազմ, մենք մեր կամքով գնացինք, շատերը չվերադարձան: Նրանցից մեկն էլ Ռուստամն էր, հավերժ փառք նրան,- զինակցի խոսքը շարունակեց Արթուր Սարգսյանը:
-Չհասցրեց աղջիկ ընտրել, սիրել, ամուսնանալ, շատ էր ջահել, քսանվեց տարեկան…,- որդու մասին ինքն իրեն խոսում էր Ռիմա մայրիկը:
Հաջորդ այցը մարզի Հարթավան գյուղի գերեզմանատունն էր, որտեղ ամփոփված է Վարդան Այվազյանի աճյունը: Վարդանն էլ է մահացել պատերազմից հետո:
♦♦♦
Արտաշավանում զինընկերները խոնարհվեցին Մարտին Հովհաննիսյանի և Հայրապետ Հայրապետյանի շիրիմներին: Երկուսն էլ վիրավորվել են, Մարտինի կյանքը չի հաջողվել փրկել, իսկ Հայրապետը լավացել է ու զոհվել 3-րդ հավաքի ժամանակ։ Հիշեցին նրանց, պատմեցին անցած-գնացած օրերից ու դարձյալ երկար-երկար լռեցին:
Օհանավանցի Սպարտակ Բարեղամյանը մահացել է պատերազմից հետո, դժբախտ պատահարի հետևանքով, բայց վաշտի տղաները ոչ մի տարբերություն չեն դնում մարտադաշտում զոհված իրենց ընկերների և հետո մահացածների միջև: Սպարտակն իր բաժին կռիվը տվել, մարտնչել է տղամարդավարի, և այժմ զինակիցների կողքին պարզ ճակատով կանգնած են նրա երեք որդիները՝ Ժիրայրը, որ պատրաստվում է այս զորակոչին բանակ գնալ, Հայկը և Արմանը, որոնք նույնպես հայրենիքի ապագա պաշտպաններ են:
Կոշի գերեզմանատանն է ամփոփված վաշտի առաջին զոհի՝ Անդրանիկ Միքայելյանի աճյունը: Վաշտի հրամանատարը երկար սեղմում է նրա տիկնոջ՝ Լիաննայի ձեռքը, հայտնում իր երախտագիտությունը՝ վիշտն արժանապատվորեն կրելու, մեր հասարակության համար արժանավոր զավակներ դաստիարակելու համար: Անդրանիկն իրենից հետո թողել է մեկ տղա և չորս աղջիկ: Որդին՝ Ռազմիկը, ծառայում է ոստիկանությունում, դուստրերից Աննան բուժքույր է և ծառայում է զորամասերից մեկում, Աշխենն ամուսնացել է, իսկ Պայծառ Միքայելյանը, որ դեռ համալսարանի ուսանողուհի է, վերջերս լույս է ընծայել իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն:
Հետո վաշտը եղավ Նոր Ամանոս, Ձորափ, Ագարակ գյուղերում, ծաղիկներ դրեց Մանվել Մարգարյանի (զոհված), Լևիկ Առաքելյանի (մահացած), Վաղիկ Ավետիսյանի (մահացած), Կամո Ազիզբեկյանի (զոհված) շիրիմներին, հիշեցին ու պատմեցին հետաքրքիր դեպքեր նրանց մասին:
-Հետաքրքիր տղա էր Կամոն,- հիշեց մեկը,- հակառակորդին խփում էր, գնում մարմինը բերում էր, որպեսզի ապացուցի, որ խփել է։
Վաշտի հրամանատարի՝ Էդմոն Ադամյանի խոսքերով՝ բուժքույր Ռոզա Ալոյանի և ընդհանրապես բոլորի միմյանց նկատմամբ ունեցած ջերմությունը վկայում էր, որ այս մարդիկ ընտանիքներով են իրար հետ կապված և միասին են հաղթահարում առաջացող խնդիրները, միասին են վայելում հաջողությունների բերկրանքը: Յուրաքանչյուր այցելության ընթացքում երթին էին միանում զոհվածի (մահացածի) հարազատները, բարեկամները, այնպես որ՝ վերջում վաշտը համալրվել ու մի մեծ գումարտակ էր դարձել: Նայեցի ներքին մղումով միմյանց միացող մարդկանց այդ մեծ խմբին և ինքս ինձ ասացի. «Հայրենիքի համար օրհասական պահին էլ հենց այսպես են մարդիկ միմյանց հետևից գնում, հավաքվում ու կազմում զորագնդեր»:
Գյուղից գյուղ անցնելու ժամանակ Վարդանն ինձ տվեց «Գարուն» ամսագրի 2003թ. ապրիլյան համարը: Պարզվեց, որ ժամանակին նա ամսագրի այս համարում «Արցախյան հուշագրություններ կամ իմ բաժին պատերազմը» վերնագրով հոդված է տպագրել, որոնցում մտավորականի բարեխղճությամբ ներկայացրել է 1994թ. փետրվար-մայիս ամիսներին ռազմաճակատի այդ հատվածում տիրող իրավիճակի, զորամասի գործունեության, իր վաշտի մարտիկների մասնակցությամբ տեղի ունեցած ճակատամարտերի, տարած հաղթանակների, ձախողված գործողությունների, հակառակորդին պատճառած կորուստների, վաշտի կրած զոհերի, վիրավորների մասին, ինչպես նաև ցույց է տվել պատերազմի դաշտում հայտնված մարդկանց հոգեբանությունը և արտահայտել իր անձնական վերաբերմունքը պատերազմի մասին:
Հուշագրությունն ավարտվում է հետևյալ պարբերությամբ. «Այսօր ապրիլի 26-ն է: Այս գիշեր Ստեփանակերտի հոսպիտալում մահացավ իմ տղաներից ևս մեկը՝ աշտարակցի Ռուստամ Սիմոնյանը, որին բոլոր ընկերները փաղաքշորեն «Պզպզիկ» էին ասում: Փոքրամարմին, կապտականաչ աչքերով, խարտյաշ մազերով Ռուստամն այդ անունը ստացել էր փայլաթիթեղյա ինքնաշեն շրթհարմոնով պզպզացնելու համար: Աշխույժ այդ երիտասարդը, որը դեռ չէր հասցրել նույնիսկ սիրահարվել, իր ակտիվ և որոշ չափով արկածախնդրության հակված բնավորությամբ, ամեն ինչից նվագարան սարքելու կարողությամբ ու երգերով դարձել էր ընկերների ուրախությունը: Նրա երգերից մեկը՝ «Արև ես ինձ համար, աղբյուր ես ինձ համար», դարձավ մեր վաշտի տղաների սիրելի երգը և վերածվեց խորհրդանիշի: Ռազմաճակատից վերադառնալու հաջորդ օրն իսկ, երբ առաջին այցելությունը կատարեցինք մեր զոհված ընկերների շիրիմներին, Ռուստամի հողաթմբի մոտ մարտական ընկերները պատվո համազարկերից հետո արցունքից խեղդվող կոկորդներով երգեցին այդ երգը: Երգը լռեց, իսկ Ռուստամը մեզ՝ ապրողներիս համար վերածվեց հիշողություն դարձած արևի և աղբյուրի»:
Զոհվածների շիրիմներին այցելությունից հետո, երբ մարտիկների հարազատ-բարեկամներով համալրված զորագունդը համեստ սեղանի շուրջ բաժակ բարձրացրեց կազմավորման և հրադադարի հաստատման քսանամյակի առթիվ, բոլորի համար անսպասելի որդու սիրած երգը երգեց Ռուստամի մայրը՝ տիկին Ռիման. «Արև ես ինձ համար, աղբյուր ես ինձ համար»: Այդ ժամանակ Վարդանը, մոտենալով ինձ, կամացուկ ասաց.
-Մոր երգը լա՛վ նշան է…
ԱՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆ
փոխգնդապետ
Լուսանկարները՝ հեղինակի